Շարունակվում է ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի ավագ և միջին բուժաշխատողների համար հունիսի 12-ից մեկնարկած «Պացիենտ-բուժաշխատող․ հաղորդակցման հիմունքները» թեմայով եռօրյա կրեդիտավորված անվճար դասընթացը:
Հունիսի 14-ին կայացած հանդիպումը նվիրված էր «Բուժաշխատողների էթիկայի կանոնները և Էթիկայի հանձնաժողովի գործունեությունը կարգավորող ՀՀ օրենսդրությունը» թեմային։
Ռեկտորի խորհրդական, Եվրոպայի Խորհրդի փորձագետ Իզաբել Աբգարյանն ինտերակտիվ քննարկման ձևաչափով ներկայացրեց բժշկական էթիկայի կանոնները՝ ըստ Կառավարության որոշման, և Էթիկայի հանձնաժողովի գործունեության կարգը։
«Էթիկան, ընդհանրապես, մարդու վարքագիծը որոշող նորմերի և պահանջների ամբողջությունն է, որոնք կարգավորում են մարդկային շփման այս կամ այն ոլորտը։ Որքան հին է բժշկությունը (բժշկության վերաբերյալ հիշատակումներ հանդիպում են «Իլիական»-ում և «Ոդիսական»-ում), այնքան հին են բժշկական էթիկայի կանոնները։ Բժշկական էթիկան գիտակարգ է, որն ուսումնասիրում է բժշկի մասնագիտական գործունեության վարքաբանությունը՝ խղճի և բարոյականության արժեհամակարգի համատեքստում, ինչպես նաև խղճի և բարոյականության նորմերի ամբողջություն, որոնք անդրադառնում են մասնագիտական պարտքին, պատվին ու արժանապատվությանը», – ընդգծեց Իզաբել Աբգարյանը։
Մասնագետն անդրադարձավ, ՀՀ կառավարության որոշման համաձայն, բուժաշխատողի մասնագիտական էթիկայի ընդհանուր կանոններին, բուժաշխատող-պացիենտ, բուժաշխատող-բուժաշխատող, բուժաշխատող-երրորդ անձ հարաբերություններում մասնագիտական էթիկայի կանոններին, հանրային առողջության պահպանման ոլորտում բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններին, շահերի բախմանը:
«Բժշկի՝ ապացուցողական բժշկության սկզբունքների վրա չհիմնված գործողությամբ անձին հասցված վնասն առաջացնում է քրեական պատասխանատվություն։ Ուստի անհրաժեշտ է շատ ուշադիր լինել, ամբողջ գործունեությունը կարգավորել ապացուցողական բժշկության, կլինիկական ուղեցույցների, գործելակարգերի և այլ ընդունված փաստաթղթերի հիման վրա։ Պետք է հստակ գործել այս խնդիրների տիրույթում չհայտնվելու համար», – եզրափակեց ռեկտորի խորհրդականը։