Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բուժքրոջ կեցվածքը հասարակության համար օրինակելի է

Բուժքրոջ կեցվածքը հասարակության համար օրինակելի է

Այսօր բժշկական մայր բուհում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված բուժքույրերի միջազգային օրվան: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, շնորհավորելով միջոցառմանը ներկա երեք համալսարանական հիվանդանոցի և Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի բուժքույրերին, շեշտեց նրանց աշխատանքի կարևորությունը սպիտակ բանակի շարքերում:

«Ձեր անձնուրաց, հոգատար, արհեստավարժ աշխատանքի համար խորին շնորհակալություն եմ հայտնում թե՛ որպես համալսարանի ղեկավար, թե՛ որպես ՀՀ քաղաքացի: Դուք, կտրվելով ձեր առօրյայից, շատ անգամ զոհաբերելով անձնական ժամանակը, ընտանիքի շահերը՝ ծառայում եք օտար մարդկանց՝ նույն հոգատարությամբ, ինչպես ընտանիքի անդամին: Առանձնահատուկ ուզում եմ նշել 2020 թվականը, տարի, որն ունեցավ բեկումնային նշանակություն մեր կյանքում՝ խնդիրներով, դժբախտություններով: Դուք, սպիտակ խալաթ հագնելով, անվերապահորեն ծառայեցիք մեր ժողովրդին: Սրանք լոկ խոսքեր չեն. ծայրահեղ իրավիճակներում սպիտակ բանակը՝ ձեզ հետ միասին, կանգնում է ժողովրդի թիկունքին: Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում մեր բուժքույրերին, որոնք ունեցան անձնական ողբերգություն, կորուստ, ծայրահեղ ծանր մտահոգություններ, բայց շարունակեցին մնալ սպիտակ բանակի շարքում»,-ընդգծեց բուհի ղեկավարը:

Արմեն Մուրադյանի խոսքով՝ հասարակության համար բուժքրոջ կեցվածքն օրինակելի է, և նման միջոցառումների անցկացումն առիթ է ևս մեկ անգամ երախտիքի խոսքեր հղելու նրանց, որոնք բուժհաստատություններում մայրական հոգատարությամբ, հատկապես դժվարին փորձություններից հետո շարունակում են անձնուրաց աշխատանք կատարել. «Դուք այս ժողովրդի քույրերն եք, այս անմոռանալի փորձությունը մեկս մյուսին ավելի հարազատ դարձրեց: Որպես ձեր ընտանիքի անդամ, որպես ընկեր, եղբայր, գործընկեր և ձեր ղեկավար խոնարհվում եմ ձեր առաջ»:

Միջոցառման ավարտին ԵՊԲՀ ռեկտորը և համալսարանական հիվանդանոցի տնօրենները ծաղիկներ նվիրեց բուժքույրերին: