Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բժիշկ դառնալու երազանքն իրականացնելու համար ամեն օր պետք է աշխատել

Բժիշկ դառնալու երազանքն իրականացնելու համար ամեն օր պետք է աշխատել

Շարունակում ենք համալսարանական ընթերցողներին պատմել ԵՊԲՀ սովորողների մասին: Լուսինե Գրիգորյանը ԵՊԲՀ 2019-2020 թթ. ուսումնական տարվա շրջանավարտ է, ծնվել և մեծացել է Երևանում, սովորել է «Քվանտ» վարժարանում։

Ողջ գիտակցական կյանքում իմացել է, որ բժիշկ է դառնալու և ուսումնառության վեց տարիները միայն ամրապնդել են իր այդ միտքը։ «Երազանքի ճանապարհին, իհարկե, եղել են դժվար պահեր, սակայն երբ սիրում ես ընտրածդ մասնագիտությունը, գիտակցում ես, որ ամեն ինչ քո ձեռքերում է և անհնարին ոչինչ չկա։ Ընտրել եմ ակնաբուժությունը, քանի որ շատ հետաքրքիր ու բազմաճյուղ ուղղություն է։ Ինքս երկար տարիներ ունեցել եմ տեսողական խնդիրներ և ցանկանում եմ օգնել նույն վիճակում գտնվողներին»,-ասում է Լուսինեն։

Խոսելով այս տարվա տարբերվող ավարտական երեկոյի մասին, նա նշում է, որ բոլորն էլ ունեին իրենց պատկերացումները հարյուրամյա բժշկական բուհում կայանալիք այդքան սպասված ավարտական երեկոյի մասին, բայց չնայած փոքր-ինչ տարբերվող պայմաններին, վստահաբար նշում է, որ հուլիսի 2-ը՝ իր և շատ համակուրսեցիների կյանքի ամենակարևոր ու հիշարժան օրերից էր։

Ապագա ակնաբույժն ընդգծում է, որ բժշկի ամենակարևոր հատկանիշներից է նվիրվածությունն իր աշխատանքին, ամեն օր նոր գիտելիքներ ձեռք բերելու ցանկությունը, մարդասիրությունը և ազնվությունը։ Նրանց, ովքեր պատրաստվում են ընտրել բժշկությունը որպես մասնագիտություն, նա մաղթում է, որ երբեք չհուսահատվեն, լինեն շատ ուժեղ, նպատակասլաց, չմոռանան բժիշկ դառնալու երազանքի մասին ու ամեն օր աշխատեն այն իրականություն դարձնելու համար։