Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Բժիշկ Հարութը: Իմ զինվորներին ես եմ պետք» գրքի շնորհադեսը՝ բժշկական մայր բուհում

«Բժիշկ Հարութը: Իմ զինվորներին ես եմ պետք» գրքի շնորհադեսը՝ բժշկական մայր բուհում

Բժշկական մայր բուհում այսօր տեղի ունեցավ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հերոս, ռազմական բժիշկ, կապիտան Հարություն Չոբանյանին նվիրված «Բժիշկ Հարութը: Իմ զինվորներին ես եմ պետք» վերնագրով գրքի շնորհանդեսը:

Ռազմական բժիշկն 44-օրյա պատերազմի ընթացքում իր սիրելի զինվորների ու ընկերների կողքին էր։ Հարյուրավոր կյանքեր էր հասցրել փրկել։

Ընտանիքի անդամները, ընկերները, դասախոսները, հյուրերը շնորհանդեսի ընթացքում պատմեցին նրա անցած ուղու, երազանքների մասին:

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նշեց, որ այսօր յուրահատուկ օր է մեր կյանքում. «Այս օրը լուսավոր կետերից մեկն է, որովհետև լուսավոր մարդու մասին է: Ես մեր հերոսների մասին անցյալով երբեք չեմ խոսում, նրանց հիշատակի համար մենք փորձում ենք գրքերով, խաչքարերով, զանազան այլ մարմնավորումներով ինչ-որ բաներ կազմակերպել, որոնք նրանց ոչ մի բան չեն տալու, այս ամենը մեզ համար ենք փորձում անել, սակայն կիսատ, ամբողջականը կլինի այն ժամանակ, երբ մենք նրանց հայրենիք վերադարձնենք»,-ասաց նա:

Հարութի քույրը՝ Արևիկ Չոբանյանը նշեց, որ եղբայրը երկրային կյանքում ապրած 27 տարիների ընթացքում ապրել է մաքրամաքուր, ազնիվ ու շիտակ, հարուստ մի կյանք. «Բնությունը շռայլ էր Հարութիս հանդեպ, ճակատագիրը՝ ժլատ…»

Ռազմաբժշկական ֆակուլտետի համազորային ցիկլի պետ փոխգնդապետ Գալուստ Թումասյանը ընդգծեց, որ Ռազմաբժշկական ֆակուլտետի աշխատակազմը աշխատատեղը դարձնում է օջախ, ընտանիք, բոլոր զոհված տղաների կորուստը համարում սեփական վիշտը. «Մեր հերոսացած տղաների հետ առօրյա ենք կիսել, բախտ է վիճակվել շատ լավ ճանաչել նրանց: Ցավոք սրտի, մենք այսօր կանգնած ենք երկընտրանքի առջև՝ սողալ կամ սավառնել: Պետք է հիշել, որ մենք սավառնող ազգ ենք»,-նշեց փոխգնդապետը՝ հավելելով, որ հերոսները միշտ եղել են, կան ու կլինեն բոլորիս հետ:

Միջոցառումն ամփոփվեց գրքի հեղինակի` բժիշկ Հարութի տիկնոջ Արմինե Եղիազարյանի խոսքով: Ամուսնու՝ փետրվարի 18-ին կայանալիք 30-ամյա հոբելյանին ընդառաջ, նա հարազատների հետ թղթին է տվել Հարութի մասին իր և այլոց հուշերը` դրանք որպես կյանքի և գործունեության հրաշալի, հերոսական օրինակ պատգամ փոխանցելով զավակներին` Սառային և Ռուբենին:

«Մեզ մոտ մտավախություն կար, որ ինչ-որ մի պահ, ինչ-որ բան կարող ենք մոռանալ Հարութի հետ կապված, բոլորիս նպատակը մեկն էր՝ հիշողություններով և պատմություններով գիրքը Սառային ու Ռուբենին փոխանցել: Երբ սկսեցի մեր սիրո պատմությունը գրել, ընթացքում մտածեցի, որ Հարութն իր երկրային կյանքն այնքան բազմաբովանդակ է անցկացրել, որ կարող է մի ամբողջ գիրք գրվել: Մեր հարազատները, երբ գալիս էին մեր տուն տարբեր պատմություններ էին պատմում, և ամեն անգամ Հարութի մասին նոր պատմություն լսելիս մի նոր դրական հատկանիշ էի ինձ համար պարզում»- նշեց Արմինեն:

Հերոսի այրին միջոցառման ավարտին առաջարկեց բոլորին, Ռազմաբժշկական ֆակուլտետում ձևավորված ավանդույթի համաձայն, գիրքը մակագրել` հավատարիմ մնալով անմահացած հերոս, ՌԲՖ շրջանավարտ Սաշա Ռուստամյանի թողած «Ինձնից՝ ինձ» պատգամին:

Արմինեն շնորհակալություն հայտնեց բժշկական բուհին, ֆակուլտետին, միջոցառման բոլոր մասնակիցներին` հորդորելով օրինակ վերցնելով Հարութից՝ դահլիճից փորձել հեռանալ ժպիտով:

Հյուրերից Սաշա Ռուստամյանի եղբայրը` Գուրգեն Ռուստամյանը, որը Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզական լրագրության ամբիոնի դասախոս է, որպես կրթության ոլորտի ներկայացուցիչ բարձր գնահատական տվեց ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի գործունեությանը, կազմակերպած միջոցառումներին:

Ցուցադրվեց ԵՊԲՀ սովորողների, ռազմական բժիշկների հիշատակին նվիրված տեսանյութ, ինչպես նաև ներկայացվեցին հատվածներ լուսընծայված գրքից:

Ինչպես յուրաքանչյուր անմահացած հերացիականի, այնպես էլ այսօր Հարություն Չոբանյանին նվիրված միջոցառումն ուղեկցվեց լուսավոր թախիծով, արցունքներով և հպարտության զգացումով, անսահման շնորհակալությամբ: