Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Բժիշկը և բժշկական համալսարանը բոլոր ժամանակներում եղել են արժեհամակարգ ձևավորող». Արմեն Մուրադյան

«Բժիշկը և բժշկական համալսարանը բոլոր ժամանակներում եղել են արժեհամակարգ ձևավորող». Արմեն Մուրադյան

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ անցած տարվա վերջին բուհում մեկնարկել էր «Բժշկի ուղի» բացառիկ նախագիծը։ Ձևաչափով եզակի դասընթացի նպատակն է կերտել ապագա բժշկի օրինակելի կերպար:

Կարիերայի կենտրոնի անձնակազմը, ինչպես նաև արվեստի, մշակույթի, միջազգային էթիկայի, իրավագիտության և մարքեթինգի ոլորտներից հյուրերը ծրագրի ընթացքում սովորեցնում են ներանձնային հարաբերությունների ճիշտ կառուցման, զրույցի վարման, հարցազրույցերին մասնակցելու, ուսանող-բուժառու վստահության կամրջի ձևավորման, ինչպես նաև մասնավոր և պաշտոնական հանդիպումների ժամանակ վարվեցողության, հագուստի ընտրության, պաշտոնական ընթրիքների և տարբեր հանդիպումների ընթացքում պահվածքի, հռետորաբանության, սոցիալական կայքերում մեդիագրագիտության հմտությունները:

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Դեղագործության կառավարման ամբիոնի դոցենտ Մարթա Սիմոնյանի կողմից անցկացվող և սոցիալական մարքեթինգի ոլորտին վերաբերող դասին ներկա էր նաև ռեկտոր Արմեն Մուրադյանը։ Բուհի ղեկավարի խոսքով՝ այսօր սոցիալական ցանցերը բոլորովին նոր իրականություն են։ «Իսկ դուք ամենահետաքրքիր սերունդն եք։ Այս իրականության մեջ ևս որոշակի կարմիր գծեր կան, որոնք պետք չէ անցնել։ Վիրտուալ աշխարհը ձևավորել է իր ուրույն մշակույթը», – շեշտեց նա։

Աշխարհահռչակ հայ կոմպոզիտորներ Կոմիտասի և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների օրինակով ռեկտորը խոսեց աշխարհայացքների և արժեհամակարգերի ձևավորման կարևորության մասին։ «Եթե դուք կարողանաք համաշխարհային արժեքը համեմել ազգային արժեքներով, դուք կարող եք լինել ազգային մեծություն։ Բայց համաշխարհայինը մերժելով և միայն ազգայինը տեսնելով՝ փոքրաթիվ ժողովուրդները չեն կարող ներկայանալ աշխարհին։ Համաշխարհային մշակույթը հաշվի առնելով՝ պետք է կարողանաք ներկայացնել ձեր հարուստ ավանդույթները և՛ բժշկության, և՛ երաժշտության, և՛ գեղարվեստի, և՛ շինարարության մեջ՛, – ընդգծեց Արմեն Մուրադյանը։ Համացանցը, ըստ ռեկտորի, բոլորին համահարթեցրել է։ «Իմ կոչը ձեզ․ սոցիալական ցանցերը դառնում են մեր կյանքի անխուսափելի մասը։ Այդ ցանցերում դուք պետք է ունենաք ձեր արժանի տեղը։ Այդ ցանցերում ձեզ և՛ ճանաչելու են, և՛ անտեղի քննադատելու են, և՛ անհարկի վիրավորելու են։ Աշխատեք, որպես բժիշկներ, պահել սոցցանցային հիգիենան։ Այսինքն՝ ամեն ինչ չէ, որ պետք է գրվի, բայց, միևնույն ժամանակ, դուք պետք է լինեք արժեհամակարգ ձևավորողներ։ Բժիշկը և բժշկական համալսարանը բոլոր սերունդների ժամանակ եղել են արժեհամակարգ ձևավորող», – եզրափակեց Արմեն Մուրադյանը։