Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ուսանողական խորհրդարանի Օտարերկրացի ուսանողների խորհուրդը 2020-2021 ուսումնական տարվա ընթացքում օտարերկրացի ուսանողների համար կազմակերպեց և անցկացրեց մրցաշարեր տարբեր սպորտաձևերում, ինչպիսիք են, օրինակ, կաբադդին, ֆուտբոլը, վոլեյբոլը, բադմինտոնը, վազքը:
Մարզական միջոցառումների բոլոր հաղթողները հանդիսավոր արարողության ընթացքում պարգևատրվեցին պատվոգրերով և գավաթներով:
Օտարերկրացի ուսանողների խորհրդի նախագահ Սիվա Շակթի Վիրասվամին իր ելույթում ընդգծեց Ուսանողական խորհրդարանի կարևոր դերը մարզական միջոցառումների կազմակերպման գործում և շնորհակալություն հայտնեց ցուցաբերված հսկայական աջակցության համար:
Ուսանողական խորհրդարանի նախագահ Տիգրան Ալեքսանյանն, իր հերթին, շեշտեց սպորտի կարևորությունը բժշկական բուհի ուսանողների կյանքում՝ բարձր գնահատելով Օտարերկրացի ուսանողների խորհրդի ներդրած ջանքերը մրցաշարերի կազմակերպման գործում: «Մենք մեծ նշանակություն ենք տալիս նման միջոցառումներին, քանի որ սպորտը մարդու առողջության պահպանման անբաժանելի մասն է: Կցանկանայի հատուկ շնորհակալություն հայտնել Սիվա Շակթի Վիրասվամիին. այս ընթացքում նա անհավանական աշխատանք կատարեց», – նշեց Տիգրան Ալեքսանյանը:
ՈւԽ փոխնախագահ Էդգար Դեհբաշյանը նույնպես շնորհավորեց մարզական իրադարձությունների բոլոր հաղթողներին և ողջունեց ուսանողների ակտիվ ներգրավվածությունը միջոցառումներին: