Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Անվանի բժիշկ-ճառագայթաբան Լևոն Նազարյանը` ԵՊԲՀ պատվավոր պրոֆեսոր

Անվանի բժիշկ-ճառագայթաբան Լևոն Նազարյանը` ԵՊԲՀ պատվավոր պրոֆեսոր

Բժշկական բուհն այսօր հյուրընկալեց Նազարյանների ընտանիքին: Ողջունելով ամերիկահայ բժիշկ-ճառագայթաբան, Հայկական բարեգործական ընդհանուր միության կենտրոնական վարչության անդամ, Փենսիլվանիայի համալսարանի պրոֆեսոր և Ռադիոլոգիայի բաժանմունքի վարիչ, գործարար-բարերար Լևոն Նազարյանի, նրա կնոջ` Կլաուդիայի և որդիների` Մեթյուի և Գրեգորիի պատվաբեր ներկայությունը ԵՊԲՀ-ում` ռեկտոր Արմեն Մուրադյանն ազդարարեց Գիտական խորհրդի հանդիսավոր նիստի մեկնարկը:

«Այս համագործակցությունն ունի արդեն 15 տարվա պատմություն․ դրա արդյունքում բժշկական համալսարանը ստացել է աննախադեպ հնարավորություններ` զարգացնելով կլինիկական, գիտական և ուսումնական հարթակները: Բոլորս գիտենք առաջին համալսարանական հիվանդանոցում «Նազարյան» մասնաշենքը` Ռադիոլոգիայի կենտրոնը, որտեղ տեղակայված են ժամանանակից սարքեր, որոնք կիրառելիությունը չեն կորցնում նաև այսօր», – շեշտադրեց Արմեն Մուրադյանը` առաջարկելով Գիտական խորհրդի անդամներին մեկ րոպե լռությամբ հարգել անվանի բարերար, հասարակական գործիչ Նազար Նազարյանի և կնոջ` Արտեմիսի հիշատակը:

Ռեկտորի գնահատմամբ` Նազարյանները հարյուրավոր կիլոմետրեր հեռվից հայրենիքը սիրելու և հայրենիքին նպաստ բերելու օրինակ են: Նա մեծ ակնածանքով խոսեց և ընդգծեց ԱՄՆ-ում հեղինակություն վայելած գիտնական Նազար Նազարյանի համեստ, առաքինի կերպարը, որի հետ պրոֆեսոր Համայակ Սիսակյանի ուղեկցությամբ առիթ է ունեցել հանդիպելու 2017 թվականին Նյու Յորքում՝ նրա գրասենյակում:

Սրտաբանության ամբիոնի վարիչ, «Հերացի» համալսարանական հիվանդանոցի Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության և ներքին հիվանդությունների կլինիկայի ղեկավար Համայակ Սիսակյանը բուհի Նոմինացիոն կոմիտեի անունից համառոտ ներկայացրեց Լևոն Նազարյանի կենսագրությունը:

«Նրա կենսագրական էջերը լի են հարուստ և ակադեմիական աշխատանքով, գիտական առաջխաղացմամբ»,- ասաց Համայակ Սիսակյանը:

Լևոն Նազարյանն ասիստենտից մինչև պրոֆեսոր կայացման ճանապարհ է անցել Ֆիլադելֆիայում՝ Թոմաս Ջեֆերսոնի համալսարանական հիվանդանոցում, որի ուլտրաձայնային կենտրոնում ղեկավարել է կրթական ծրագրեր` ստանալով բազմաթիվ միջազգային և ԱՄՆ դրամաշնորհներ: Շուրջ 150-ից ավելի համաժողովների մասնակցած բազմաթիվ ռադիոլոգիական ամսագրերի խմբագրական կոլեգիաների անդամն ու գլխավոր խմբագիրը, ռադիոլոգիայի պրոֆեսորը, ԱՄՆ ուլտրաձայնային ասոցիացիայի նախկին նախագահը մեր երկրում ճառագայթաբանության զարգացման և այս ոլորտում որակյալ մասնագետների պատրաստման գործում անգնահատելի ներդրում ունի:

Հաշվի առնելով այն մեծ ավանդը, որ ունեցել է կրտսեր Նազարյանը համալսարանի և համալսարանական հիվանդանոցների զարգացման գործում` Նոմինացիոն կոմիտե դիմել և միջնորդագիր է ներկայացրել Կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանը:

Ամերիկահայ անվանի մասնագետին ԵՊԲՀ գիտական խորհրդի նիստում այսօր բուհի պատվավոր պրոֆեսորի կոչում շնորհվեց:

Երախտիքի խոսք ուղղելով համալսարանական կոլեգաներին` Լևոն Նազարյանը սկեց իր ելույթը.

«Իսկապես չէի ակնկալում այսպիսի ընդունելություն: Շատ կապված եմ այս համալսարանի հետ արդեն շուրջ 20 տարի: Այդ կապը սկզբնավորվեց այն ժամանակ, երբ իմ ուսուցիչը որոշեց, որ այստեղ ուլտրաձայնային հետազոտության վերապատրաստման ծրագիր պետք է մեկնարկի: Մենք չորս բժիշկներով էինք մասնակցում: Եվ կարող եմ ասել, որ պարոն Սիսակյանն իսկապես փայլում էր այդ ընթացքում»:

Հաջորդիվ Լևոն Նազարյանի ծնողների ջանքերով Հայաստանում ձևավորվել է  ուլտրաձայնային հետազոտությունների, այնուհետև ռադիոլոգիայի կենտրոն:  Հետադարձ հայացք նետելով՝ նաև հպարտ է կյանքի կոչված ծրագրերի մասը լինելու համար:

ԵՊԲՀ պատվավոր պրոֆեսորը հիշեց հայրիկի՝ Նազար Նազարյանի խոսքերը` նշելով, որ  դիմացինին օգնելը շատ ավելի պարտավորեցնող է հենց քեզ համար, քան նրա, ում ուղղված է օգնությունը:

Ամփոփելով նիստը և առանց ավելորդ անգամ ներկայացնելու Նազարյանների հսկայական ավանդը`  Արմեն Մուրադյանը, ներկաներին դիմելով, ևս մեկ անգամ ընդգծեց, որ համալսարանի հաջողությունները գործընկերների, բարեկամների համատեղ հաջողությունն են, որը ենթադրում է միասնականություն և նվիրում:

Նշենք, որ Լևոն Նազարյանի` կնոջ և որդիների ուղեկցությամբ այցը համալսարան մեկնարկել էր առավոտից` «Հերացի» համալսարանական հիվանդանոցից, որտեղ նրանց ներկայացվեց մասնավորապես ռադիոլոգիական կենտրոնի գործունեությունը, շրջայց կատարվեց նաև այլ բաժանմունքներ:

Նազարյանների ընտանիքին իր աշխատասենյակում հյուրընկալելով՝ ԵՊԲՀ ռեկտորը նշեց, որ նրանք միշտ սպասված հյուրեր են այստեղ։

Նա ներկայացրեց համալսարանի միջազգային հավատարմագրման՝ հաջողված գործընթացը։

Բարերարը շատ տպավորված էր նաև «Զինվորի տան» ձեռքբերումներով։

Պատվավոր հյուրերը ամփոփեցին այցը «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում` ծանոթանալով մանկական բուժհաստատության  աշխատանքին, երեխաների առողջության պահպանմանն ուղղված կլինիկական և կրթական ծրագրերին: