Հաջորդ շաբաթ բժշկական համալասարանում կմեկնարկի Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական (SIOP) 15-րդ համաժողովը, որի խոսնակների հերթական խմբին ներկայացնում ենք ձեզ․
Աննա Վինիցկի, բ.գ.դ
Սուրբ Հուդայի մանկական գիտահետազոտական կենտրոն, ԱՄՆ
Պաշտոն` Սուրբ Հուդայի ֆակուլտետի անդամ
Թեմա՝ «Որակի բարելավումը և հիվանդների անվտանգությունը մանկական արյունաբանության/ուռուցքաբանության ոլորտում»
Բժիշկ Աննա Վինիցկին նյարդաուռուցքաբանության բաժնի անդամ է, որտեղ նա մասնագիտացել է կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքներով հիվանդների բուժման ուղությամբ: Բժշկուհին որակի բարելավման փորձագետ է և անցել է Ջեյմս Մ. Անդերսոնի Առողջապահական համակարգերի գերազանցության կենտրոնի որակի բարելավման վերապատրաստումը։
Նա մեծացել է Ուկրաինայում և ստացել իր բժշկի աստիճանը և հետբուհական կրթությունը Մինսկի պետական բժշկական համալսարանում։ ԱՄՆ տեղափոխվելուց հետո ավարտել է օրդինատուրան մանկաբուժության ուղղվածությամբ Մարշֆիլդ կլինիկայում, Սուրբ Ջոզեֆ հիվանդանոցում և մանկական արյունաբանության/ուռուցքաբանության ուղղվածությամբ Վիսկոնսինի բժշկական քոլեջում, որտեղ նա նաև ստացել է մագիստրոսի աստիճան կլինիկական հետազոտություններում: 2016 թվականին նա հավելյալ մեկամյա կրթություն է ստացել մանկական նյարդաուռուցքաբանության ուղղությամբ Սուրբ Հուդայի մանկական գիտահետազոտական կենտրոնում և միացել է ֆակուլտետին: Բժիշկ Վինիցկին առանձնահատուկ հետաքրքրություն ունի որակի բարելավման և հիվանդների անվտանգության նկատմամբ:
Պրոֆեսոր Ալեքսանդր Ռումյանցև
Դմիտրի Ռոգաչևի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի ազգային գիտահետազոտական կենտրոն, Ռուսաստան
Պաշտոն` Գլխավոր տնօրեն
Թեմա: «Մանկական ուռուցքաբանության և արյունաբանական ծառայության կազմակերպման մարտահրավերները»
Ալեքսանդր Ռումյանցևը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ է, Դմիտրի Ռոգաչևի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի ազգային գիտահետազոտական կենտրոնի գլխավոր տնօրեն, «Բժիշկները, նորարարությունը և գիտությունը երեխաների համար» հիմնադրամի խորհրդի անդամ, որն աջակցում է մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի զարգացմանը: Նա Ռուսաստանի առողջապահության նախարարության գլխավոր խորհրդատու մանկական արյունաբանն է, Մանկական արյունաբանների և ուռուցքաբանների ազգային միության նախագահը, Առաջնային իմունային անբավարարության փորձագետների ազգային միության խորհրդի նախագահը, Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության Պիրոգովի անվան ռուսական ազգային հետազոտական բժշկական համալսարանի մանկաբուժության դպրոցի ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի պատվավոր պրոֆեսոր է:
Պրոֆ․ Ռումյանցևը քսանհինգ տարի ղեկավարել է մանկական արյունաբանական և ուռուցքաբանական ծառայությունները Ռուսաստանում, արդյունաբերության զարգացման և ֆինանսավորման ծրագրի պատրաստման և ընդունման գործընթացը։ Նա հաջողությամբ իրականացրել է բուժում լեյկեմիաների, լիմֆոմաների, կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքների և այլ նորագոյացություններով հիվանդ երեխաներին և դեռահասներին։ Նա նախաձեռնել է մանկական արյունաբանության և ուռուցքաբանության դասընթացը Ռուսաստանի պետական բժշկական համալսարանի շարունակական բժշկական կրթության դպրոցում, մշակել է նաև ակադեմիական ծրագիր մանկական արյունաբանների և ուռուցքաբանների վերապատրաստման ու հավաստագրման համար Ռուսաստանի Դաշնությունում:
Մարիլենա Թեոդորու
“Bank of Cyprus” ուռուցքաբանական կենտրոն, Կիպրոս
Պաշտոնը՝ խորհրդատու ճառագայթային ուռուցքաբանության ոլորտում
Թեմա՝ «Ճառագայթային թերապիայի նորագույն մեթոդների՝ VMAT տեխնիկայի (Volume Modulated Arc Therapy) կիրառումը մանկական ուռուցքաբանության ոլորտում ավելի քիչ տոքսիկությամբ և կյանքի որակի բարելավմամբ»
Մարիլենա Թեոդորուն ճառագայթային ուռուցքաբանության խորհրդատու է “Bank of Cyprus” քաղցկեղի կենտրոնում, մասնագիտացած է ճառագայթային ուռուցքաբանության և ճառագայթային թերապիայի, ռադիովիրաբուժության և ստերեոտակտիկ բարձր ճշգրտության ճառագայթային թերապիայի` IMRT-ի, IGRT-ի և VMAT-ի ոլորտներում։ Բժիշկ Մարիլենա Թեոդորուն Կիպրոսի Եվրոպական համալսարանի Գիտությունների դպրոցի, Առողջապահական գիտությունների բաժնի, ճառագայթային թերապիայի և ճառագայթային ուռուցքաբանության դասախոս է։ Նա 2018-2020 թթ. ընտրվել է Նեյրոուռուցքաբանների եվրոպական ասոցիացիայի (EANO) գործադիր խորհրդի անդամ։
Նրա գիտահետազոտական հետաքրքրությունների շրջանակում են գլխուղեղի ուռուցքները, մանկական ուռուցքները և ռադիոթերապիայի նոր մեթոդները, լիմֆոմայի ճառագայթային վիրաբուժությունը և ստերեոտակտիկ բարձր ճշգրտության ռադիոթերապիան (գանգուղեղային և արտագանգային ստերեոտակտիկ ճառագայթում): Նա արժանացել է մրցանակի գլխուղեղի ճառագայթային վիրաբուժության, ստերեոտակտիկ ճառագայթային թերապիայի և գլխուղեղի ուռուցքների բարձր ճշգրտության ճառագայթման բնագավառում:
Լիլիանա Վասկես
Համաամերիկյան առողջապահական կազմակերպություն, ԱՄՆ
Պաշտոն՝ Մանկական ուռուցքաբան
Թեմա՝ «Պերուում և Լատինական Ամերիկայում մանկական քաղցկեղի դեմ պայքարի ԱՀԿ համաշխարհային նախաձեռնության ազդեցությունը»։
Բժշկուհի Վասկեսը աշխատում է որպես մանկական քաղցկեղի խորհրդատու Համաամերիկյան առողջապահության կազմակերպությունում, որը համակարգում է մանկական քաղցկեղի վերաբերյալ ԱՀԿ համաշխարհային նախաձեռնությունը: Բացի այդ, նա աշխատում է որպես գլխավոր հետազոտող Սան Մարտին դե Պորրեսի համալսարանի բժշկական ֆակուլտետի ապացուցողական բժշկության կենտրոնում: Մանկական ուռուցքաբանության լատինաամերիկյան միության (SLAOP) նախկին նախագահն է և Մանկական ուռուցքաբանության միջազգային միության (SIOP) երիտասարդ հետազոտողների խորհրդի անդամ:
Բժշկուհի Վասկեսը 2006թ.-ին ավարտել է Լիմայի Սան Մարկոսի ազգային համալսարանի բժշկական դպրոցը, իսկ 2012թ.-ին մանկական ուռուցքաբանության վերապատրաստում անցել Պերուի Լիմայի Սան Մարտին դե Պորրես համալսարանում: 2021թ.-ին երեխաների գլոբալ առողջության մագիստրոսի կոչում է ստացել Սուրբ Հուդայի կենսաբժշկական գիտությունների ավարտական դպրոցում: 2018թ.-ին ստացել է բժշկական հետազոտությունների մագիստրոսի կոչում Սան Մարտին դե Պորրեսի համալսարանում և կլինիկական հետազոտությունների մագիստրոսի կոչում՝ Հարվարդի բժշկական դպրոցում: Աշխատել է որպես մանկական ուռուցքաբան Լիմայի Rebagliati Hospital-Essalude-ում և որպես արտաքին համագործակցող Պերուի առողջապահության նախարարության քաղցկեղի կանխարգելման և վերահսկման բաժանմունքում: 2011թ.-ին արժանացել է «Կարոլինա» հիմնադրամի մրցանակին, 2015թ.-ին՝ Մանկական ոռուցքաբանության միջազգային միության երիտասարդ հետազոտող մրցանակին, 2014, 2015 և 2019 թվականներին՝ Մանկական ուռուցքաբանության լատինաամերիկյան միության մրցանակին, 2017թ.-ին՝ Կլինիկական ուռուցքաբանության ամերիկյան միության քաղցկեղի հաղթահարման համաշխարհային ուռուցքաբանության մրցանակին և «Իմ երեխան կարևոր է» մրցանակին՝ 2019թ.-ին: Ինդեքսավորված ամսագրերում մանկական սարկոմաների խնդիրների, բուժումից հրաժարվելու, ախտորոշման ուշացման և երեխաների համաշխարհային առողջության վերաբերյալ հրապարակված հոդվածների հեղինակ է:
Մարթա Սալեք
Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոց, ԱՄՆ
Պաշտոն՝ Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի գլոբալ մանկական բժշկության ամբիոնի դասախոս
Թեմա՝ «Որոշումների կայացման և հաղորդակցման ռազմավարությունը մանկական ուռուցքաբանության մեջ»
Բժշկուհի Սալեքը Ամերիկայի Միացյալ Նահանգների Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի գլոբալ մանկական բժշկության ամբիոնի դասախոս է։ Մանկական արյունաբանության և ուռուցքաբանության կլինիկական օրդինատուրան անցել է Սուրբ Հուդայում, իսկ մինչ այդ պալիատիվ և հոսփիսային բժշկության կլինիկական օրդինատուրա է անցել Վաշինգտոնի համալսարանում և Սիեթլի մանկական հիվանդանոցում:
Բժշկուհի Սալեքի հետազոտական հետաքրքրությունը գտնվում է ուռուցքաբանության, պալիատիվ խնամքի և մանկաբուժության խաչմերուկում։ Նա կենտրոնացած է քաղցկեղով ախտորոշված երեխաների բուժման արդյունքների բարելավման վրա՝ պալիատիվ խնամքի ինտեգրման ռազմավարության մշակման և իրականացման միջոցով:
Ներկայումս ղեկավարում է երկու որակական հետազոտություն՝ ուսումնասիրելով այն գործոնները, որոնք ազդում են ծանր կամ անբուժելի քաղցկեղով երեխաների վարման որոշումների վրա:
Բժշկուհին կլինիկական պրակտիկայում ժամանակ է հատկացնում Սուրբ Հուդայի հիվանդանոցում լեյկեմիայով, լիմֆոմայով երեխաների խնամքին և պալիատիվ խնամքի ծառայություններին:
Դրագանա Սթանիչ
Սերբիայի ուռուցքաբանության և ճառագայթաբանության ինստիտուտ
Պաշտոն՝ Մանկական ճառագայթային ուռուցքաբան
Թեմա՝ «Մանկական գլխուղեղի ուռուցքների բուժումը սահմանափակ ռեսուրսների պայմաններում. ճառագայթային ուռուցքաբանի տեսակետ»
Բժշկուհի Դրագանա Սթանիչը մանկական ճառագայթային ուռուցքաբան է՝ մեծ աշխատանքային, ակադեմիական և հետազոտական փորձով: Աշխատում է Սերբիայի ուռուցքաբանության և ճառագայթաբանության ինստիտուտում՝ հանդիսանալով մանկական ուռուցքաբանության բաժանմունքի թիմի մշտական անդամ, այս հաստատությունը մանկական ռադիոթերապիայի ազգային մասնագիտացված կենտրոնն է: Բացի այդ, բժիշուհի Սթանիչը հանդիսանում է դոցենտ Բելգրադի համալսարանի բժշկական դպրոցում, որտեղ դասավանդում է կլինիկական ուռուցքաբանություն և ռադիոթերապիա:
Բժշկուհին մի շարք մասնագիտական և գիտական աշխատությունների, գրքերի, ինչպես նաև մանկական ուռուցքաբանության ոլորտում տեղական և միջազգային կոնգրեսների աբստրակտների հեղինակ և համահեղինակ է:
Մարգրեթ Շատարա
Սուրբ Լյուիսի մանկական հիվանդանոց
Պաշտոն՝ Մանկական նեյրոուռուցքաբան, մանկաբուժության դոցենտ
Թեմա՝ «Մանկական նեյրոուռուցքաբանության խորհուրդ. միջազգային համագործակցության երկամյա փորձ»
Բժշկուհի Մարգրեթ Շատարան մանկական նեյրոուռուցքաբան է Սուրբ Լյուիսի մանկական հիվանդանոցում և մանկաբուժության դոցենտ Վաշինգտոնի համալսարանի Սուրբ Լյուիսի բժշկական դպրոցում՝ Միսսուրի (ԱՄՆ)։ Մանկական ուռուցքաբանության խմբի (COG) անդամ է և Հյուսիսային Ամերիկայի ամենամեծ կոնսորցիումներից մեկի՝ Խաղաղօվկիանոսյան մանկական նեյրոուռուցքաբանության կոնսորցիումի (PNOC) ինստիտուցիոնալ համահեղինակ հետազոտող։ Իրականացնում է գլխուղեղի ուռուցքների վաղ փուլի կլինիկական հետազոտություններ, որտեղ նա նաև ներկայանում է որպես ընթացիկ PNOC հետազոտության (PNOC027) համանախագահ։ Մարգրեթ Շատարան հերմինոգեն ուռուցքների և մեդուլոբլաստոմայի աշխատանքային խմբերի գիտական կոմիտեի անդամ է: Նա բժշկական կրթությունը ստացել է Հորդանանի համալսարանում։ 2013 թվականին ընդհանուր մանկաբուժության կլինիկական օրդինատուրա է անցել Միչիգանի Սուրբ Ջոն բժշկական կենտրոնում։ Այնուհետև մասնագիտացել է մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և ոսկրածուծի փոխպատվաստման ոլորտում՝ Միչիգանի մանկական հիվանդանոցում, և մանկական նյարդաուռուցքաբանության ոլորտներում՝ Օհայոյի ազգային մանկական հիվանդանոցում: Առաջին ակադեմիական պաշտոնը ստացել է Վաշինգտոնի համալսարանի Սուրբ Լյուիսի բժշկական դպրոցում:
2019թ.-ին արժանացել է Wolf W. Zuelzer գիտական մրցանակին Միչիգանի մանկական հիվանդանոցում և զբաղվում է կլինիկական ու թարգմանչական հետազոտություններով՝ կենտրոնանալով մանկական գլխուղեղի ուռուցքների իմունոգենության և միկրոմիջավայրի դերի վրա: Ներկայումս նյարդաուռուցքաբանական ծրագրի մի քանի վաղ փուլի կլինիկական հետազոտությունների գիտական ղեկավար է և SLCH-ի կլինիկական փորձարկումների աշխատանքային խմբի ղեկավարներից մեկը: Հանդիսանում է Սիթման քաղցկեղի կենտրոնի տվյալների մոնիտորինգի և անվտանգության խորհրդի մշտական անդամ, որը պատասխանատու է հետազոտությունների որակի ապահովման և պահպանման համար: Բացի այդ, նա PNOC (PNOC027) շարունակական հետազոտության համանախագահն է, որի նպատակն է մշակել անհատականացված բուժման ծրագիր ռեցիդիվող մեդուլոբլաստոմայով երեխաների, դեռահասների և երիտասարդների համար: Ի լրումն հիվանդների խնամքի և հետազոտությունների՝ բժշկուհի Շատարան ներգրավված է գլոբալ համագործակցության նախագծերում՝ բարելավելու ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում կենտրոնական նյարդային համակարգի ուռուցք ունեցող երեխաների բուժական արդյունքներն ու կյանքի որակը: Նա համահիմնադիրն է և ղեկավարում է Նեյրոուռուցքաբանության խորհուրդը, որին մասնակցում են ավելի քան 23 երկրի նյարդաուռուցքաբաններ՝ քննարկելու գլխուղեղի ուռուցքով հիվանդների խնամքի և բուժման ծրագրերը: Նաև համագործակցում է աշխարհի մի շարք հաստատությունների հետ և իրականացնում գլխուղեղի ուռուցքով հիվանդների խորհրդատվություն։
Պրոֆ․ Շտեֆան Ռուտկովսկի
Համբուրգ-Էպենդորֆի համալսարանական հիվանդանոց, Գերմանիա
Պաշտոն՝ Մանկական ուռուցքաբանության և արյունաբանության բաժանմունքի ղեկավար
Թեմա՝ «Մեդուլոբլաստոմա․ HIT-MED հետազոտական խմբի ախտորոշիչ և բուժական մոտեցումները և եվրոպական հետազոտությունների ակնարկ»
Պրոֆ․ Շտեֆան Ռուտկովսկին Համբուրգ-Էպենդորֆի համալսարանական հիվանդանոցի Մանկական ուռուցքաբանության և արյունաբանության բաժանմունքի ղեկավարն է։ Նա հանդիսանում է նոր ախտորոշված մեդուլոբլաստոմայով, էպենդիմոմայով և պինեոբլաստոմայով հիվանդների վարման HIT-MED ուղեցույցի համահեղինակը։ Մինչև 2018 թվականը պրոֆ․ Ռուտկովսկին ղեկավարել է Մանկական ուռուցքաբանության եվրոպական միության (SIOP-Europe) գլխուղեղի ուռուցքների խումբը։ Մինչև 2022 թվականը պրոֆեսորը հանդիսանում էր Գերմանիայի մանկական գլխուղեղի ուռուցքների խմբի խոսնակը։ Ներկայումս նա I/II փուլի կլինիկական փորձարկումների գերմանական խմբի խոսնակն է։ Պրոֆ․ Ռուտկովսկին մի շարք լոկալ և միջազգային միությունների անդամ է։ Նա հանդիսանում է ավելի քան 300 գիտական հրապարակման հեղինակ և համահեղինակ։
Աննա Ռացիբորսկա
Վարշավայի Մոր և մանկան կենտրոն,Լեհաստան
Պաշտոն՝ Մանկաբուժության, մանկական արյունաբանության և ուռուցքաբանության ամբիոնի դոցենտ, մանկական և երիտասարդների ուռուցքաբանության և վիրաբուժական ուռուցքաբանության ամբիոնի վարիչ
Թեմա՝ «Մոլեկուլային ստատուսի ազդեցությունը մանկական տարիքում հանդիպող հիստիոցիտոզների բուժման վրա. POL HISTIO նախագծի փորձը»
Աննա Ռացիբորսկան Մանկական և երիտասարդների ուռուցքաբանության և վիրաբուժական ուռուցքաբանության ամբիոնի վարիչն է Վարշավայի Մոր և մանկան կենտրոնում։ Վարշավայի բժշկական համալսարանում Մանկաբուժության, մանկական արյունաբանության և ուռուցքաբանության ամբիոնի դոցենտ է։ Բժշկուհին մասնագիտացած է մանկաբուժության, ինչպես նաև մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ոլորտներում։ Անդամակցում է բազմաթիվ լեհական և միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Մանկական ուռուցքաբանության միջազգային միությանը (SIOP), Հիստիոցիտոզի միությանը, Հիստիոցիտոզի Եվրոպական, Եվրո-Յուինգ և Ֆոսթեր կոնսորցիումներին։
Բժշկուհու գիտական հետաքրքրությունը կենտրոնացած է առաջնակի ոսկրային ուռուցքների և հիստիոցիտոզի բուժման արդյունավետության ուղղությամբ։ Նա նաև ներգրավված է նորածինների և վաղաժամ ծնված երեխաների մոտ սոլիդ ուռուցքների բուժման մեջ։ Ղեկավարել է հիստիոցիտոզի և ոսկրային ուռուցքների բազմաթիվ գիտական նախագծեր։
Պրոֆեսոր Էրիկ Բուֆֆե
SickKids մանկական գիտահետազոտական կենտրոն և Տորոնտոյի համալսարան, Կանադա
Պաշտոն՝ Մանկական նեյրոուռուցքաբանության ծրագրի ղեկավար, Տորոնտոյի համալսարանի մանկաբուժության պրոֆեսոր, Մանկական ուռուցքաբանության միջազգային միության նախկին նախագահ
Թեմա՝ «Գլխուղեղի մանկական ուռուցքների ոլորտում ձեռքբերումների մասին գլոբալ ամփոփում․ թիրախային բուժման մոտեցումները նեյրոուռուցքաբանության մեջ»
Էրիկ Բուֆֆեն Տորոնտոյի համալսարանի մանկաբուժության պրոֆեսոր է, ինչպես նաև ղեկավարում է SickKids մանկական գիտահետազոտական կենտրոնի նեյրոուռուցքաբանության բաժանմունքը։ Պրոֆեսորը հանդիսանում է նույն կենտրոնի մանկական քաղցկեղի հետազոտական ծրագրի ղեկավարը։ Նա SickKids հետազոտական կենտրոնի ավագ գիտաշխատող է։ Պրոֆ․ Բուֆֆեն 2016-2019թթ․-ին զբաղեցրել է Մանկական ուռուցքաբանության միջազգային միության նախագահի պաշտոնը։ Պրոֆեսորը 2003թվականից ղեկավարում է Կանադայի մանկական գլխուղեղի ուռուցքների միությունը։ Նա հանդիսանում է Մանկական ուռուցքաբանական խմբի (COG) գլխուղեղի ուռուցքների կոմիտեի ղեկավար մարմնի անդամ։ Պրոֆ․ Բուֆֆեն մի շարք հեղինակավոր գիտական ամսագրերի խմբագրական խորհրդի անդամ է (Քաղցկեղի եվրոպական ամսագիր, Նեյրոուռուցքաբանություն և այլն)։ Էրիկ Բուֆֆեի գիտական հետաքրքրությունն են նորարարական կլինիկական փորձարկումները, ցածր և բարձր աստիճանի գլիոմաների, գերմուտացված ուռուցքների, էպենդիմոմայի, մեդուլոբլաստոմայի և դիֆուզ ներկամրջային գլիոմայի բուժման մեջ նոր դեղորայքի ընդգրկմամբ փորձարկումները։ Պրոֆեսորի աշխատանքի կարևոր բաղկացուցիչն է նեյրոուռուցքաբանության ծրագրի ներդրումը զարգացող երկրներում։
Գաբրիելա Վիլանուեվա
Խոսե դե Սան Մարտինի հիվանդանոց, Արգենտինա
Պաշտոն՝ Մանկական արյունաբան և ուռուցքաբան
Թեմա՝ «Ռեգիստրների գլոբալ նախաձեռնություններ»
Գաբրիելա Վիլանուեվան մանկական արյունաբան և ուռուցքաբան է, աշխատում է Բուենոս Այրեսի Գառահան հիվանդանոցում և հանդիսանում է Resonance Health-ի ակադեմիական ծրագրերի ղեկավարը։ Նա ղեկավարում և կոորդինացնում է մի շարք ռեգիստրներ, ներառյալ՝ Նեյրոբլաստոմայի համաշխարհային ռեգիստրը, որը ներկայումս ակտիվ է Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում, և Սուր լեյկեմիայի համաշխարհային ռեգիստրը, որն էլ զարգացման փուլում է։ Բացի այդ, նա Լատինական Ամերիկայի Մանկական Ուռուցքաբանների Միության գիտական կոմիտեի անդամ է, SIOP AYA Global Health Network-ի համանախագահը։
Սառա Տասյան
Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոց
Պաշտոն՝ Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցի արյան չարորակ հիվանդությունների ծրագրի ղեկավար
Սառա Տասյանը մանկական ուռուցքաբան և բժիշկ-գիտնական է Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցում և Փենսիլվանիայի համալսարանական բժշկական դպրոցում: Նա մասնագիտացած է մանկական արյունաբանության ոլորտում և ճանաչված միջազգային փորձագետ է մանկական սուր լիմֆոբլաստային (ՍԼԼ)-ի և սուր միելոբլաստային լեյկեմիաների (ՍՄԼ) գծով: Նրա գիտական փորձարկումներն ուսումնասիրում են կինազային ինհիբիտորների և CAR-T (T քիմերիկ հակամարմնային ընկալիչներով) բջիջներով իմունոթերապիայի դերը մանկական ՍԼԼ-ի և ՍՄԼ-ի տարբեր գենետիկ ենթատեսակների ժամանակ:
Բժիշկ Տասյանը ղեկավարում է Մանկական ուռուցքաբանության Խմբի (COG) ALL և Myeloid Diseases և Leukemia Lymphoma Society PedAL/EuPAL միությունները։ Հանդիսանում է մի քանի ազգային կամ միջազգային կլինիկական փորձարկումների համահեղինակ և ղեկավար:
Ռոբերտ Հասերջյան
Մասաչուսեթսի գլխավոր հիվանդանոց, ԱՄՆ
Պաշտոն՝ Հարվարդի բժշկական համալսարանի պաթոլոգիայի պրոֆեսոր, պաթոլոգ, Մասաչուսեթսի գլխավոր հիվանդանոցի ծրագրերի ղեկավար, Հեմոպաթոլոգիայի հետդիպլոմային ծրագրի ղեկավար:
Բժիշկ Ռոբերտ Հասերջյանի կլինիկական աշխատանքն ու հետազոտությունը կենտրոնանում են միելոիդ նորագոյացությունների, մասնավորապես՝ միելոդիսպլաստիկ սինդրոմների և սուր միելոիդ լեյկեմիաների վրա: Բժիշկ Հասերջյանն ավելի քան 200 գիտական հրապարակման հեղինակ է և «Արյան և ոսկրածուծի խանգարումների ախտորոշում» գրքի (Springer, 2018) խմբագիրն է։ Նա ավագ գրախոս էր 2017 թվականին հրապարակված ԱՀԿ Միելոիդ նորագոյացությունների դասակարգման վերանայված 4-րդ հրատարակության։ Միելոիդ նորագոյացությունների միջազգային մի շարք ուղեցույցների փորձագիտական խմբերի ղեկավար կամ անդամ է։
Նա մեծապես նվիրված է հեմատոպաթոլոգիայի կրթությանը և պաթոլոգիայի միջազգային տարբեր միջոցառումների ընթացքում դասախոսություններ է կարդացել լեյկոզների, ոսկրածուծի խանգարումների և լիմֆոմաների ախտորոշման վերաբերյալ:
Պրոֆ. Պոլ-Գերհարդ Շլեգել
Վյուրցբուրգի համալսարանական մանկական հիվանդանոց, Գերմանիա
Պաշտոն՝ Մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և ցողունային բջիջների փոխպատվաստման բաժանմունքի ղեկավար
Թեմա՝ «ՍԼԼ-ռեցիդիվը փոխպատվաստումից հետո․ կանխարգելման և բուժման նոր մոտեցումները»
Պրոֆեսորը Մանկական ուռուցքաբանության միջազգային միության (SIOP), արյան և ոսկրածուծի փոխպատվաստման եվրոպական խմբի (EBMT) անդամ է: Նա Մանկական արյունաբանության և ուռուցքաբանության Մյունխենի պետական հավաստագրման խորհրդի, Պետական բժշկական պալատի խորհրդատու անդամ է, Վյուրցբուրգի Mainfranken CCCMF քաղցկեղի կենտրոնի խորհրդի և Մանկաբուժական խորհրդի անդամ, DAG-KBT-ի քարտուղար, Գերմանական արյան և ոսկրածուծի փոխպատվաստման աշխատանքային խմբի անդամ: Պրոֆեսոր Շլեգելը արժանացել է միջազգային այնպիսի հեղինակավոր մրցանակների, ինչպիսիք են Nycomed Prize-ը, Young Investigator Travel Award-ը՝ Kind-Philipp Foundation-ից, Young Investigator Translational Research Award-ը:
Դինեշ Պենդհարկար
Սարվոդայա հիվանդանոց, Հնդկաստան
Պաշտոն՝ Ուռուցքաբանության, արյունաբանության և ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի ղեկավար
Թեմա՝ «Մանկական քաղցկեղի վարման զարգացող համակարգը. էքստրապոլյացիա մեծահասակների մոդելից»
Բժիշկը քաղցկեղի ուսուցման ծրագրերի մենթոր է Մադյա Փրադեշի, Ռաջաստանի, Բիհարի, Ութար Փրադեշի և Հնդկաստանի մի շարք այլ նահանգների կառավարությունում։ Ներկայումս բժիշկ Պենդհարկարը ղեկավարում է նաև Քաղցկեղի ազգային միությունը և հանդիսանում է Բջջային թերապիայի ասիական կազմակերպության անդամ։ Նա Հնդկաստանի ուռուցքաբանության միության և Կլինիկական ուռուցքաբանության ամերիկյան միության միջազգային համագործակցության կոմիտեի նախկին ղեկավարն է։ Բժիշկ Պենդհարկարի հիմնական կլինիկական հետաքրքրությունը հեռակա շրջանների հիվանդանոցներում քաղցկեղի խնամքի ծրագրերի հզորացումն է։
Պրոֆ․ Ռեջին Քեբուդի
Ստամբուլի համալսարանի ուռուցքաբանության ինստիտուտ, Թուրքիա
Պաշտոն՝ Մանկական ուռուցքաբանության և արյունաբանության պրոֆեսոր, Կանխարգելիչ ուռուցքաբանության ամբիոնի ղեկավար
Թեմա՝ «Ֆեբրիլ նեյտրոպենիայի վարման մոտեցումները երեխաների և դեռահասների շրջանում (հեռավար)»
Ռեջին Քեբուդին Մանկական ուռուցքաբանության միջազգային միության գլխավոր քարտուղարն է և վերջինիս ուղեկցող բուժման խմբի համաղեկավարը։ Պրոֆեսորը հանդիսանում է Թուրքիայի մանկական ուռուցքաբանության խմբի նախկին նախագահը։ 2018թ․-ին բժշկուհին արժանացել է Կլինիկական ուռուցքաբանության ամերիկյան միության «Կանայք, որոնք հաղթում են քաղցկեղին» մրցանակին։ Ներկայումս հանդիսանում է Կլինիկական ուռուցքաբանության ամերիկյան միության միջազգային զարգացման և կրթության (IDEA) մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ։ Նրա գիտական հետաքրքրությունն են մանկական քաղցկեղի բիոլոգիան և վարումը, գլխուղեղի ուռուցքները, սարկոմաները, ռետինոբլաստոմաները, հազվադեպ հանդիպող ուռուցքները, ուղեկցող և պալիատիվ խնամքը, քաղցկեղի նախատրամադրող հիվանդությունները և զարգացող երկրներում քաղցկեղի բուժումը։
Իյադ Սուլթան
Հորդանանի Հուսեին թագավորի անվան քաղցկեղի կենտրոն, Հորդանան
Պաշտոն՝ Մանկական ուռուցքաբան-արյունաբան, Մանկական ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար
Թեմա՝ «Արհեստական բանականության դերը մանկական ուռուցքաբանի աշխատանքում»
Բժիշկ Իյադ Սուլթանը մանկական ուռուցքաբան-արյունաբան է, որն աշխատում է Հորդանանի Հուսեին թագավորի անվան քաղցկեղի կենտրոնում։ Նա մանկական ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավարն է և քաղցկեղի խնամքի ինֆորմատիկայի ծրագրի փոխտնօրենը։ Բժիշկ Սուլթանը հանդիսանում է նաև հետազոտական և գործադիր խորհուրդների անդամ։ Բժշկի գիտական հետաքրքրությունն են աշխատանքը մեծածավալ տվյալների հետ, բիոինֆորմատիկան, քաղցկեղի ախտորոշման և բուժման գլոբալ խնդիրները։ Բժիշկ Սուլթանը մի շարք գիտական ամսագրերի խորհրդի անդամ է։ Նա հանդիսանում է ավելի քան 100 գիտական հոդվածի հեղինակ և համահեղինակ։