Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ աշխատանքային քննարկում Սանկտ Պետերբուրգի Ի․Պ. Պավլովի անվան առաջին պետական բժշկական համալսարանի և «Россотрудничество» գործակալության ներկայացուցիչների հետ:
Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը հակիրճ ներկայացրեց բժշկական մայր բուհի ստեղծման, կայացման և շարունակական զարգացման պատմությունը: Նրա խոսքով` ԵՊԲՀ-ում սովորում է շուրջ 5500 ուսանող. 2000-ը` ապագա բժիշկներ աշխարհի 33 երկրից, և նրանցից 590-ը ՌԴ-ից են:
Պրոռեկտոր Սահակյանը նաև ընդգծեց, որ 2024 թվականից բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագրերը ստացել են Բժշկական կրթության համաշխարհային ֆեդերացիայի կողմից միջազգային հավատարմագրում:
Սանկտ Պետերբուրգի Ի․Պ․ Պավլովի անվան առաջին պետական բժշկական համալսարանի Միջազգային կապերի գծով պրոռեկտոր, Օտորինոլարինգոլոգիայի ամբիոնի վարիչ Սերգեյ Կարպիշչենկոն ևս զրուցակիցներին ներկայացրեց իրենց 130-ամյա բուհի ստեղծման պատմությունը, հայազգի մասնագետներին, որոնք նշանակալի ներդրում ունեն իրենց երկրի բժշկագիտության տարբեր ոլորտներում:
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական, ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարության ներկայացուցիչ Միխայիլ Վոժդաեվը նախանշեց փոխգործակցության կոնկրետ ոլորտները: Հյուրերը հանդես եկան համագործակցության հուշագիր ստորագրելու նախաձեռնությամբ:
Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը շեշտեց, որ հայկական կողմի համար առաջնահերթություն է մանկաբուժական ուղղությունը, նաև տեսական բժշկության առանձին ոլորտներ:
Սերգեյ Կարպիշչենկոն նշեց, որ կարող է նպաստել Սանկտ Պետերբուրգի պետական մանկաբուժական բժշկական համալսարանի հետ մայր բուհի գործակցության հաստատմանը և ընդլայնմանը` ի դեմս առանձին հուշագրի ստորագրման, ինչը փոխօգտակար կլինի երկու բուհերի համար:
Կողմերը քննարկեցին հետագա համագործակցության խորացման հեռանկարները, այդ թվում` ուսանողների, կլինիկական օրդինատորների փոխանակման, ինչպես նաև համատեղ միջազգային կոնֆերանսների և ուսանողական օլիմպիադաների կազմակերպման և անցկացման առումով: