Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բժշկական համալսարանի շրջանավարտ ստոմատոլոգն ամեն օր ժպիտով ժպիտ է նվիրում

Բժշկական համալսարանի շրջանավարտ ստոմատոլոգն ամեն օր ժպիտով ժպիտ է նվիրում

Բժշկագիտության ոլորտն անհնար է պատկերացնել առանց կանանց հոգատար վերաբերմունքի և սրտացավության: Կանայք իրենց հաստատուն և անգնահատելի տեղն ու դերն ունեն բժշկական ամենատարբեր ոլորտների զարգացման գործում:

Սուսաննա Մկրտչյանը ԵՊԲՀ շրջանավարտ է, որը վստահ է, որ բժշկությունը որպես մասնագիտություն ընտրողները պետք է ունենան առաջին հերթին պատասխանատվություն և պատրաստակամություն՝օգնելու ուրիշներին:

«Հաջողությունները կյանքի իմաստներից են,որոնք գալիս են ապացուցելու որ անհնարին ոչինչ չկա,երբ ունես հստակ նպատակներ և գնում ես դեպի դրանք»,- նկատում է ստոմատոլոգը:

Մասնագիտական գործունեության հիմնասյունը նրա համար  ԵՊԲՀ-ում ստացած գիտելիքներն են:

Բժշկի ուղին հարթելիս նա կարևոր տեղ է հատկացնում անվերջ ինքնակրթվելուն, սեփական մասնագիտությունն առավել լավ ուսումնասիրելուն և երբեք կանգ չառնելուն:

Բժշկական համալսարանում սովորելու տարիները շրջանավարտին գիտելիքներից տվել են անվանի դասախոսներ, որոնցից շատ բան է սովորել:

Սովորելուց զատ նա  կարևորել է նաև ուսանողական ակտիվ ժամանցը, որը հնարավորություն է տվել նոր ու արժեքավոր ծանոթություններ ձեռք բերել:  Համալսարանական տարիներին «Մեդիկուս» և «Ապագա բժիշկ» ամսագրերի համար յուրաքանչյուր ամիս հոդվածներ է գրել: Այժմ, ինչպես ինքն է ասում, կարոտած թերթում է էջերը, քանի որ շատ սեր ու եռանդ էր ներդնում ստեղծագործելիս:

Հետահայաց նշում է, որ բժշկի մասնագիտությունն ընտրելու ճանապարհը հարթ է եղել, առանց տատանումների, հստակ գիտեր՝ ինչ է ուզում.

«Մանկական տարիքում, երբ հարցնում էին՝ «ի՞նչ ես դառնալու», պատասխանս մեկն էր՝ բժիշկ: Ցանկությունս առավել հստակ դարձավ,երբ դպրոցում սկսեցինք անցնել բնագիտական առարկաներ, մեծ հետաքրքրությամբ էի սովորում, յուրաքանչյուր հաջորդ թեմային անհամբերությամբ սպասում:  Հիշում եմ, կարծես, երեկ լիներ,երբ բժշկական մայր բուհ ընդունվելու հայտ էի լրացնում: Հստակ էր, որ երազանքիս մեկ քայլով ավելի մոտ էի կանգնած»: 

Սուսաննայի գնահատմամբ`  ստոմատոլոգիան այսօր զարգացած և միևնույն ժամանակ արագ զարգացող ոլորտներից է, որը մասնագետից պահանջում է ճկունություն, նորանոր մեթոդներ փորձելու համարձակություն, ինքնակրթություն և ինքնակատարելագործում:

Պացիենտների հետ գրագետ աշխատանքն արդեն նպատակ դարձած երազանքը կատարված համարելու վերջին կետն էր:

Ժպիտով ժպիտ է  նվիրում և հաճույք ստանում իր գործից: Մասնագիտությունն ապրելակերպ է դարձել առանց որի այլևս չի պատկերացնում կյանքը: