Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բժշկական համալսարանում կայացավ ISBS 29-րդ միջազգային ամենամյա համաժողովը

Բժշկական համալսարանում կայացավ ISBS 29-րդ միջազգային ամենամյա համաժողովը

«Նեյրոգիտության շաբաթ» միջոցառման շրջանակում մեկնարկեց Սթրեսի և վարքագծի միջազգային միության (International Stress and Behavior Society – ISBS)՝ «Սթրես և վարքագիծ» նյարդաբանության և կենսաբանական հոգեբուժության 29-րդ միջազգային ամենամյա համաժողովը։

Համաժողովի մասնակիցներին ողջունեց ISBS նախագահ, ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» ծրագրի և Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի միջազգային խորհրդատվական մարմնի անդամ, ZENEREI հետազոտական կենտրոնի տնօրեն, նյարդագիտության պրոֆեսոր Ալան Կալուեֆը։

Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը գոհունակությամբ փաստեց, որ Հայաստանի, Ռուսաստանի և Չինաստանի մասնագետների միջև ձևավորվել է նեյրոգիտության խոշոր համայնք։ «Շատ կուզենայի, որպեսզի գիտնականներին համախմբելու այս ավանդույթը շարունակական լինի։ Անհրաժեշտ է մի վայր, որտեղ մենք հեշտությամբ կկարողանանք քննարկել գիտությունը։ Ուրախ եմ, որ այսօր այդ վայրը բժշկական համալսարանն է։ Այստեղ՝ Երևանում, մենք կարող ենք դառնալ գիտնականներին համախմբող կամուրջ», – նշեց պրոռեկտորը՝ համաժողովին մաղթելով արդյունավետ աշխատանք։

Չինաստանի Jiaxing համալսարանական քոլեջի և Մոսկվայի բիոօրգանական քիմիայի ինստիտուտի հետազոտող Ալեքսեյ Սեմյանովը ներկայացրեց «Կալցիումը և մետաբոլիկ ակտիվությունը կորտիկալ աստրոցիտներում մկների տեղաշարժի ժամանակ» զեկույցը։ Ելույթի ընթացքում մասնագետը ներկայացրեց կենսաբժշկության ոլորտում կիրառվող նորարարական մեթոդները և կատարված փորձարկումները, իսկ ավարտին պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին։

Նիդեռլանդների Մաաստրիխտի համալսարանի հետազոտող Տատյանա Ստրեկալովան մկների օրինակով անդրադարձավ «Էմոցիոնալ կամ հոգեբանական սթրես» հասկացությանը՝ շեշտելով, որ հենց դա է հանդիսանում դեպրեսիայի հիմնական պատճառ։ Նա ներկայացրեց Էմոցիոնալ սթրեսի ուլտրաձայնային մոդելը, որի հիման վրա ի հայտ են գալիս նորմայից դուրս վարքագծային փոփոխությունները։

ISBS համաժողովի խոսնակների պատվիրակությունը հյուրընկալվեց նաև ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի մոտ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջհամալսարանական համագործակցության խորացման հեռանկարները, մասնավորապես՝ ուսանողների և ասպիրանտների փոխանակման ծրագրերը։