Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բժշկական կադրերի 100-ամյա դարբնոցը ժողովրդին ծառայելու 100-օրյա ծրագիր է կյանքի կոչելու

Բժշկական կադրերի 100-ամյա դարբնոցը ժողովրդին ծառայելու 100-օրյա  ծրագիր է կյանքի կոչելու

Բժշկական բուհն արդեն հայտնել է հանրությանը` վաղվանից` մարտի 8-ից մեկնարկող «100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագրի իրականացման մասին:

Մարտի 8-ից հունիսի 18-ը` ուղիղ 100 օր տևող նոր նախաձեռնության, միջոցառումների և կազմակերպչական ու գաղափարական մանրամասներին էր նվիրված այսօր հրավիրված հանդիպումը համալսարանական մասնագետների մասնակցությամբ:

Կլինիկական ոլորտի պատասխանատուներին, համալսարանական հիվանդանոցների, ծառայությունների ղեկավարներին ու բժիշկ-գիտնականներին դիմելով ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց.

«Վերջին երկու տարիների ընթացքում մենք անձնուրաց ծառայել ենք` կատարելով մեր աշխատանքը: Այդ աշխատանքի արդյունքում ունեցել ենք մի շարք ձեռքբերումներ, բացթողումներ: Այս հաստատությունն առանց ավելորդ պաթոսի ամուր կանգնել է ժողովրդի թիկունքին»:

Բժշկական համալսարանի ղեկավարն ընդգծեց, որ կրթական մեկդարյա պատմություն ունեցող բժշկագիտական այս հաստատությունն իր գործունեությամբ ամոքող, բժշկող, ոգևորող և հույս տվող նշանակության առաքելություն է իրականացրել:

«Մեկնարկող ծրագիրն իրականացվելու է գործընկերների հետ և կրկին ծառայելու է ժողովրդին»,- շեշտեց Արմեն Մուրադյանը` կարևորելով այն գաղափարը, որ հանրային առողջությունը ստեղծվում և պահպանվում է նաև հանրային բարձր հեղինակություն վայելող մարդկանց շնորհիվ, որոնք են նաև բնակչության, բուժառուների սերն ու հարգանքը վայելող և քննարկմանը ներկա բժիշկները:

100 օրերի ընթացքում, երեք միջոցառման փաթեթից կազմված համալսարանական նախաձեռնության շրջանակում, մարտի 12-ից սկսած` յուրաքանչյուր շաբաթ օր` ժամը 11:00-14:00-ը, համալսարանական մասնագետների կողմից կիրականացվեն անվճար խորհրդատվություններ «Հերացի» թիվ 1 և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցների պոլիկլինիկաներում և «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում:

Խորհրդատվությունների արդյունքում անհրաժեշտության դեպքում կիրականացվի 100 վիրաբուժական միջամտություն 50% զեղչով` ներառյալ հարվիրահատական հետազոտությունների ամբողջական փաթեթը:

100 օրվա ընթացքում համալսարանական մասնագետները կիրականացնեն սահմանված թվով այցելություններ Հայաստանի մարզեր` համաձայնեցնելով ՀՀ ԱՆ և մարզպետարանների հետ:

Խորհրդատվության հիման վրա բժշկի կողմից կտրամադրվի հատուկ ուղեգիր (կցված է), որը հիմք կհանդիսանա վիրաբուժական հետագա միջամտությունները 50% զեղչով իրականացնելու համար: Ծրագիրը կհամակարգվի ԵՊԲՀ կլինիկական ոլորտի պատասխանատուների կողմից:

Կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանը` խոսելով ծրագրի մասին, նշեց, որ արտադրական ժողովների ընթացքում արդեն մշակվել է ճանապարհային քարտեզ, հիվանդանոցային համալիրները պատրաստ են մեկնարկին: Հիվանդանոցային համալիրներում ձևավորվել են ընդունման, քաղաքացիների հերթագրման կետեր: Նախաձեռնության շրջանակում նաև զանգերի կենտրոն կստեղծվի, որպեսի շահառուները կարողանան նախապես գրանցվել, ինչը թույլ կտա խուսափել հերթերից և կուտակումներից: Այս հանգամանքի վրա բժշկական բուհի ղեկավարն առաձնակի հրավիրեց համալսարանական համաճարակաբանական թիմի և պատասխանատուների ուշադրությունը:

Ռեկտորը հանձնարարեց նաև ամեն շաբաթ ամփոփել տվյալներն ու զեկուցել կատարվածի մասին: Նա հորդորեց բժիշկներին, համալսարանական ծառայությունների պատասխանատուներին դառնալ կյանքի կոչվող այս նախաձեռնության անմիջական մասնակիցը, թե որպես առողջապահության կազմակերպիչ, թե որպես կլինիցիստ:

Համալսարանական հիվանդանոցների ղեկավարները ևս փաստեցին, որ հետքովիդյան բարդությունները, առողջական խնդիրները տեսանելի են բնակչության շրջանում և իրենք պատրաստ են առաջիկա 100 օրվա ընթացքում առավել շատ դիտակետում պահել ու լուծել բնակչության առողջության պահպանմանը վերաբերող հարցերը:

Մեկնարկող «100 տարի ժողովրդի թիկունքին» նախաձեռնությամբ ԵՊԲՀ այս տարվա անելիքները չեն սահմանափակվելու: Արմեն Մուրադյանը տեղեկացրեց, որ բուհը նախաձեռնությունների փաթեթ է պատրաստել ԵՊԲՀ շրջանավարտների համար: Իրավաբանական, ապացուցողական բժշկության և բիոէթիկայի դասընթացներ կանցկացվեն, հանրային առողջության, էթիկական հարցերին, բժշկի գործունեության մեջ ծագող իրավական հարցերը կարգավորելու նպատակով:

Համալսարանը այս հարցում կհամագործակցի իրավաբանական կազմակերպությունների հետ: Դասընթացների գումարը շուրջ 30 տոկոսը մասնակից շրջանավարտների համար կվճարի հենց համալսարանը:

Նիստն ամփոփվեց կանանց մեկամսյակի առթիվ իգանակ սեռի ներկայացուցիչներին ուղղված գործընկերների հոտնկայս ծափահարություններով:

Ռեկտորը շեշտեց, որ անգնահատելի է հայ կանանց նվիրվածությունը, գթասրտությունը:

Նա մաղթեց, որ վերջին տարիներին բաժին հասած դժվարությունները այլևս երբեք չկրկնվեն և չլինեն կանանց խոնավ աչքեր:

Արմեն Մուրադյանը մաղթեց կանանց արևշատություն, երջանիկ օրեր: