Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բժշկական կենսաբանությունը բժշկագիտության հիմքն է. Հռիփսիմե Մաթևոսյանը շուրջ հինգ տասնամյակ ԵՊԲՀ-ում է

Բժշկական կենսաբանությունը բժշկագիտության հիմքն է.  Հռիփսիմե Մաթևոսյանը շուրջ հինգ տասնամյակ ԵՊԲՀ-ում է

ԵՊԲՀ բժշկական կենսաբանության ամբիոնի վարիչ Հռիփսիմե Մաթևոսյանը շուրջ 50 տարի է, ինչ իր մասնագիտական գործունեությունն է ծավալում բժշկական համալսարանում ՝ սկզբում որպես ավագ գիտաշխատող, այնուհետև  դոցենտ, պրոֆեսոր, իսկ այժմ որպես ամբիոնի վարիչ: Տասնյակ տարիներ սերունդներ կրթած, ապագա բժիշկներ ձևավորող մասնագետը պատմել է մասնագիտության առանձնահատկությունների և կարևորության մասին:

«Մեծացել եմ բժշկի ընտանիքում, հայրս պարազիտոլոգ Շավարշ Մաթևոսյանն էր, մայրս էլ էր աշխատում բժշկական համալսարանում: Հայրս 1949-1969թթ. եղել է Բժշկական կենսաբանության ամբիոնի վարիչը: Նրա շնորհիվ փոքրուց  ծանոթ էի բժշկությանը, ամբողջ իմ հիշողությունները կապված են այս ամբիոնի հետ, փոքր ժամանակ հաճախ եմ եկել, տեսել եմ պրեպարատները, նյութերը, միշտ սիրել եմ կենսաբանությունը: Հենց սկզբից էլ որոշված էր, որ ես պետք է լինեմ բժիշկ: 1967-1973թթ. սովորել եմ բուժական ֆակուլտետում, ավարտել եմ գերազանցությամբ: Այնուհետև ընդունվել եմ ասպիրանտուրա»,-նշում է ամբիոնի վարիչը:

Նա 1979թ. պաշտպանել է թեկնածուական թեզ՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2000թ. պաշտպանել է դոկտորական թեզ՝ «Սրտի հեմոմիկրոցիրկուլյացիայի և նրա մկանային կառուցվածքների սիստեմային խանգարումները միոկարդի փորձարարական նեկրոզի պայմաններում և նրանց ֆարմակոլոգիական շտկման ուղիները» թեմայով` ստանալով կենսաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 2002թ. ստացել է պրոֆեսորի կոչում:  Համալսարանականը 150 գիտական հոդվածի, 2 գյուտի, 2 դասագրքի, 6 ուսումնամեթոդական ձեռնարկի հեղինակ է:

«Մասնագիտացել եմ մորֆոլոգիայի գծով, ուսումնասիրել եմ սրտամկանի մազանոթային համակարգը»,-հավելում է Մաթևոսյանը՝ ընդգծելով, որ կենսաբանությունը լայն և անընդհատ զարգացող առարկա է, բժշկական կենսաբանությունը բժշկության հիմքն է, ամբիոնում ձեռք բերված գիտելիքները օգնելու են բժշկին հետագա գործունեության ընթացքում:

Խոսելով դասախոս-ուսանող հարաբերությունների, ուսանողների առաջադիմության մասին, հերացիականը նշում է.

«Մենք հանդիպում ենք ամենաերիտասարդ սերնդին՝ դպրոցը նոր ավարտած աշակերտներին, աշխատում ենք նրանցից կերտել բժիշկ: Կան և շատ լավ, գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողներ և միջին սովորողներ: Դպրոցից ձեռք բերված գիտելիքները մեծ նշանակություն ունեն, շատ կարևոր է այդ հիմքը՝ նախքան բժշկական համալսարան մտնելը»:

Նա ապագա բժիշկներին խորհուրդ է տալիս սիրել այն  գործը ինչով պետք է զբաղվեն. «Նվիրվեք այն ամենին, ինչով զբաղվելու եք, եթե չնվիրվեք՝ չեք կարողանա աշխատել: Պետք է սիրով աշխատել: Բժշկությունն անընդհատ զարգացող ոլորտ է, պետք է շարունակ կատարելագործել գիտելիքները, չմտածել, որ ավարտել եմ, ուրեմն վերջ, ես պատրաստի բժիշկ եմ: Ո՛չ, այդպես չէ: Մենք ամբողջ կյանքում, մինչև հիմա էլ սովորում ենք»: 

Բժշկական կենսաբանության ամբիոնի վարիչը հորդորում է նաև ուշադրություն դարձնել ոչ միայն փաստերին, գիտելիքներին, այլև զարգացնել տրամաբանությունը և խոսքը:

«Այն բժիշկը, որը չի կարող գրագետ խոսել պացիենտի հետ, վստահություն չի ներշնչի, նրան չեն հավատա: Պետք է աշխատել, աշխատել, աշխատել, ոչ միայն գիրք կարդալ ու փակել, այլև մտածել՝ ինչ կարդացի, ինչու է այդ գործընթացն այդպես, վերլուծել, տրամաբանել, միշտ գտնել հարցի պատասխանը, չսովորել միայն սովորելու համար»,-իր խոսքն ամփոփում է բուհի նվիրյալը:

Բժշկական կենսաբանության ամբիոնը հիմնադրվել է 1930 թվականին: Ամբիոնում ինչպես ավագ, այնպես էլ երիտասարդ սերնդի մասնագետներ ապագա բժիշկներին փոխանցում են գիտելիքներ: