Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ անցած տարվա նոյեմբերի 8-ից մեկնարկած ծրագիրը տեսակով բացառիկ է։
«Բժշկի ուղի» նախագծի նպատակն է կերտել ապագա բժշկի օրինակելի կերպար: Կարիերայի կենտրոնի անձնակազմը, ինչպես նաև արվեստի, մշակույթի, միջազգային էթիկայի, իրավագիտության և մարքեթինգի ոլորտներից հյուրերը ծրագրի ընթացքում սովորեցնում են ներանձնային հարաբերությունների ճիշտ կառուցման, զրույցի վարման, հարցազրույցներին մասնակցելու, ուսանող-պացիենտ վստահության կամրջի ձևավորման, ինչպես նաև մասնավոր և պաշտոնական հանդիպումների ժամանակ վարվեցողության, հագուստի ընտրության, պաշտոնական ընթրիքների և տարբեր հանդիպումների ընթացքում պատշաճ պահվածքի, հռետորաբանության, սոցիալական կայքերում մեդիագրագիտության հմտությունները:
Ինչպե՞ս առաջացավ գաղափարը:
Բարեվարքության հասնելու լավագույն ճանապարհն իր մեջ ներառում է տեղեկացվածություն, նոր հմտությունների, գիտելիքների ձեռքբերում ու ճանաչողություն: «Իմանալով մեր հարևան մասնագիտությունների գաղտնիքները՝ մենք ավելի դյուրին կանցնենք բժշկի ուղին: Հաճախ զարմացած հարցնում էին մեզ՝ ինչ կապ կարող է ունենալ իրավաբանը, ոճաբանը, մարքեթոլոգը, հոգեբանը և, վերջապես, դերասանը բժշկության հետ: Ստացվում է, որ կարո՛ղ է, այն էլ որքան սերտ», – ասում է ուսանողների բարեվարքությանն ուղղված նոր նախագծի համակարգողն ու համահեղինակը՝ Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող, ապագա մանկական գինեկոլոգ Գերցինա Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ ամեն վայրկյանն իր մեջ կրում է պատասխանատվության բաղադրիչ։
«Լինելով մասնակիցներին հասակակից, ունենալով անցած խրթին ուղի՝ կփորձեմ ընկերներիս հետ անել ամեն բան, որպեսզի մասնակիցներն ունենան հզոր գործիքներ, առաջ մղվելու մոտիվացիա… Մեզ՝ երիտասարդներիս, բաժին է հասել ինովացիոն ժամանակաշրջանը՝ իր բոլոր «աղետներով»: Մեր ավագ սերունդը մեզ կկրթի ու կտա հնարավորություն՝ լողալու գիտելիքի ծովում, սակայն ափին հասնելու խնդիրն արդեն մերն է», – ընդծում է ուսանողը։
«Բժշկի ուղի»-ն ներկայացնում է դասընթացների շարք, որի արդյունքում մասնագետները փորձում են ապագա բժիշկներին զինել, որպեսզի, բուն մասնագիտական առարկաներից զատ, նրանք կարողանան նաև ինքնազարգացմամբ զբաղվել։
«Երբ Կարիերայի կենտրոնից ստացանք նախագիծ մշակելու առաջարկ, որն իր մեջ կներառի բարեվարքության կանոնները, հասկացա, որ միայն բարեվարքություն դասավանդելը չի հասցնի ծրագիրը վերջնակետին, այդ պատճառով որոշեցի թիմ ձևավորել։ Ես և ընկերներս՝ Լյովա Ծառուկյանն ու Տիգրան Չուխաջյանը, երկարատև աշխատանքի արդյունքում ստացանք այս նորաթուխ նախագիծը», – պատմում է Գերցինան։
Նմանօրինակ նախագիծ, ապագա բժշկի համոզմամբ, համալսարանում նախկինում երբևէ չի եղել, և հենց դրանով է այն բացառիկ։ Նախագծի շրջանակում մասնակիցները հանդիպում են իրավաբանի, հոգեբանի, դերասանի, ոճաբանի, մարքեթոլոգի հետ։ «Փորձում ենք բացահայտել նրանց նեղ մասնագիտական գաղտնիքները՝ դրանք կիրառելի դարձնելով բժշկագիտական ոլորտում։ Ամենահետաքրքիրը տարբեր մասնագիտությունների հատվող եզրերը գտնելն է։ Դասավանդում են ոլորտի հմուտ մասնագետները՝ Գայանե Ղազարյանը, Տաթև Ղազարյանը, Ալլա Կարապետյանը, Ռոզա Ամիրովան, Մարթա Սիմոնյանը», – տեղեկացնում է նա։
Հոգեբանը, նրա խոսքով, սովորեցնում է, թե ինչպես պետք է ինքնադրսևորվել տարբեր իրավիճակներում, ինչպես պետք է պացիենտին հայտնել ախտորոշման մասին կամ ինչպես հաստատել շփում պացիենտի հարազատների հետ։ Իրավաբանի հետ ապագա բժիշկներն ուսումնասիրում են իրենց պարտականություններն ու պարտավորությունները՝ որպես ուսանող։ Մարքեթոլոգի հետ խոսում են կայքերի մշակման, համացանցի ապահով օգտագործման, ցանցային հիգիենայի, խոսքի գովազդի և ուսանողի բրենդինգի մասին։ Ոճաբանը ներկայացնում է, թե ինչ արտահագուստով պետք է ներկայանալ համալսարան և առօրյա կյանքում։ Դերասանի վարպետության ժամին քննարկվում է բեմական խոսքը, ուսանողները ծանոթանում են արվեստին, կատարում վարժություններ, որոնք ուղղված են բանավոր խոսքի հղկմանը՝ ելույթների ժամանակ ավելի լսելի դարձնելով այն։
«Հրավիրելով ոլորտի առաջատար մասնագետներին՝ մենք՝ ապագա բժիշկներս, հնարավորություն ունենք մեկ աստիճան վերև բարձրանալու այս արահետում: Օրերից երկուսն էլ տրամադրվում է հենց նախագծի համահեղինակներին։ Մենք ինքներս ենք ներկայացնում հանդիպումների, պաշտոնական ընթրիքների և անգամ սրճարան այցերի էթիկետի նրբությունները, իսկ հաջորդ օրն անդրադառնում ենք ներկայացուցչական էթիկետին, սովորում ենք՝ ինչպես ճիշտ կազմել ինքնակենսագրություն, ճիշտ ներկայանալ գործատուին», – ասում է Գերցինան։
Յուրաքանչյուր դասընթացին ներգրավվում է 20 ուսանող, որպեսզի նյութը բոլորին հասանելի լինի։ «Այդ ամենին կարողանում ենք հասնել թիմային աշխատանքի միջոցով, որի նպատակն է անել այնպես, որպեսզի բոլորովին անծանոթ մարդիկ համատեղ նախագծեր ստեղծեն և տիրապետեն թիմային աշխատանքի բոլոր հմտություններին», – ընդգծում է ապագա բժիշկը՝ հավելելով, որ հետագայում նպատակ կա նախագիծը ներկայացնել ռուսաց լեզվով՝ համալսարանում սովորող ռուսալեզու խմբերի համար։
«Բժշկի ուղի» նախագծի համակարգողներից և համահեղինակներից Լյովա Ծառուկյանը՝ Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող, ապագա պլաստիկ վիրաբույժ կամ վերարտադրողական գինեկոլոգ, պատմում է, որ բժիշկ դառնալու ցանկությունն իր մոտ ի հայտ էր եկել դեռ դպրոցական տարիներից, երբ նոր էր սկսում ուսումնասիրել բնագիտական առարկաները։ «Ինձ համար բժիշկը պետք է ոչ միայն անթերի տիրապետի մասնագիտական հմտություններին, այլև ունենա գիտելիքների մի մեծ պաշար ցանկացած բնագավառում։ «Բժշկի ուղի» նախագծի յուրաքանչյուր օր հնարավորություն է տալիս մեզ՝ ապագա բժիշկներիս, է՛լ ավելի զարգանալ, ձեռք բերել հմտություններ, որոնք օգնելու են հասնել մեր ընտրած այս բարդ, բայց, միևնույն ժամանակ, ազնվագույն գաղափարին։ Անասելի ուրախ եմ, որ «Բժշկի ուղի» ընտանիքի մի մասն եմ։ Մենք՝ ընկերներով և բանիմաց մասնագետների շնորհիվ, ամեն ինչ անում ենք, որ թեկուզ մեկ քայլով ավելի մոտ լինենք բժշկելու արվեստին և մեծ հպարտությամբ ու պատասխանատվությամբ ստանձնենք բժշկի բարձր կոչումը», – շեշտում է Լյովան։
Նախագծի մյուս համակարգողն ու համահեղինակը՝ Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող, ապագա օրթոպեդ-վնասվածքաբան Տիգրան Չուխաջյանը, նշում է․ «Դասընթացի գաղափարն ինքնին այնքան էր ինձ տպավորել, որ առաջարկը չընդունելն ուղղակի անհնար էր: Ուրախ եմ, որ այս կարևոր գաղափարի և մեծ ընտանիքի մաս եմ կազմում»:
Ի՞նչ հիմնական նպատակներ են դրված նախագծի հիմքում։
«Բժշկի ուղի»-ն իր ուրույն տեղն է զբաղեցնում բուհի կարևոր նախաձեռնությունների շարքում։ «Այն անձի ձևավորման, զարգացման, նոր ունակությունների տիրապետման հետաքրքիր դասընթաց է, որի անվանումը, համոզված եմ, կարելի էր ձևակերպել նաև որպես հասարակության ավելի իրազեկ, էթիկապես զարգացած, ավելի իրավագիտակից մարդու ուղի։ Ինքս ներկա եմ գտնվել առաջին դասին և պետք է ընդգծեմ, որ հիմնական դասընթացը վարում են հենց մեր ուսանողները, որոնք արդեն ունեն համապատասխան հմտություններ», – նշում է Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը, որը հանդիսանում է նախագծի համակարգող պրոռեկտորը։
Նրա համոզմամբ՝ ծրագիրը ժամանակի ընթացքում կընդլայնվի՝ տալով նոր ճյուղեր։ «Շատ ուրախ եմ, որ, ի դեմս համահեղինակների և մասնակիցների, մենք ունենք ապագա բժիշկների աշխույժ և բանիմաց սերունդ։ Վստահ եմ՝ ծրագիրը կլինի շարունակական, քանի որ մասնակցել ցանկացողներն այնքան են շատացել, որ խումբը ձևավորվելուց հետո հաջորդ խումբն արդեն պատրաստ սպասում է», – ավելացնում է պրոռեկտորը։
Բժշկական բուհի Կարիերայի կենտրոնն իր ծրագրերի մշակման հարցում կիրառում է գիտահեն մոտեցումներ։ «Բարձրագույն բժշկական կրթության ոլորտում կարիերայի կառուցման վերաբերյալ միջազգային գրականության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ, մասնագիտական գիտելիքներից զատ, կարևոր է նաև փափուկ հմտությունների (soft skills) փոխանցումն ապագա մասնագետներին։ Ինչպես և «Լանցետ» ծրագրի դեպքում, այնպես էլ «Բժշկի ուղի»-ն պլանավորելիս մենք նպատակահարմար գտանք ծրագրի իրականացումը վստահել ուսանողներին՝ նրանց ազատ, ստեղծագործ մտքի թռիչքի հնարավորություն տալով և հստակ իմանալով, որ ուսանողից լավ որևէ մեկը չի կարող գիտակցել իրենց իսկ կարիքները», – պատմում է Կարիերայի կենտրոնի ղեկավար Խաչատուր Մարգարյանը։
Նրա խոսքով՝ «Բժշկի ուղի»-ն արդեն անցել է շուրջ տասը շրջափուլ, բազմաթիվ ուսանողներ հնարավորություն են ունեցել մասնակցելու ծրագրին, և նրանց կարծիքների հիման վրա պետք է փաստել, որ նախագիծը հաջողվել է։
«Մեզ համար շատ կարևոր է բժիշկ-ուսանողի հասարակական կերպարի ձևավորումը։ Բժիշկները հասարակության սերուցքն են, արժեհամակարգի կրողն ու փոխանցողը։ Ցավոք, համավարակի և պատերազմի շրջանում համալսարանը բազմիցս ստիպված եղավ դասավանդումն իրականացնել հեռավար, ինչն անխուսափելիորեն բացասաբար ազդեց համալսարանական միջավայրի ձևավորման և ավանդույթների փոխանցման վրա», – ասում է Խաչատուր Մարգարյանը։ Ուսանողներն, ըստ նրա, ակամա զրկված էին դասախոսների հետ անմիջական շփման հնարավորությունից, չէին տեսնում ու զգում համալսարանական շունչը, չէին զբոսնում համալսարանական դարավոր պատերի ներսում ու հաղորդակիցը դառնում բժշկական աշխարհի ավանդույթներին։ «Բժշկի ուղի» ծրագրի նպատակը նաև նման բացերը լրացնելն է։
«Հետաքրքիր է ծրագրի անվանման առաջացումը: Ըստ էության՝ մենք այն փոխառել ենք: Դեռևս նախորդ աշխատավայրում պրոֆեսոր Մուրադյանը նախաձեռնել էր «Կոչումով բժիշկ» հարցազրույցների շարք, որում բացահայտվում են մեր ավագ գործընկերների, մեծանուն բժիշկների անցած մասնագիտական ճանապարհները», – նշում է Խաչատուր Մարգարյանը: Հետագայում արդեն, նրա տեղեկացմամբ, ԵՊԲՀ-ում այն առավել ստեղծագործական ոճով ներկայացավ «Բժշկի ուղին» խորագրով՝ անդրադառնալով ոչ միայն բժշկական դինաստիաներին, այլև անվանի բժիշկ-գիտնականների անցած ճանապարհին։
«Այն ԵՊԲՀ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարի հեղինակային շարքն է, որը նվիրված է բժշկական կադրերի 100-ամյա դարբնոցի հոբելյանին: Երբ մեր նախագիծը նոր էր մշակվում, մենք մտածում էինք դիպուկ անուն, որը կբնութագրեր ծրագրի էությունը: Գործընկերային սկզբունքով խնդրեցինք օգտագործել «Բժշկի ուղի» անվանումը՝ դրանով նպատակ ունենալով ընդգծել սերունդների միջև կապը», – շեշտում է Կարիերայի կենտրոնի ղեկավարը՝ հավելելով, որ ԵՊԲՀ թիմի արդյունավետ համագործակցության, գործընկերային հարաբերությունների մասին վկայում է այն, որ ծրագիրը հենց այդպես էլ կոչվեց՝ «Բժշկի ուղի»:
Ծրագրի մասնակից, ԵՊԲՀ ուսանողուհի Մանան Սահրադյանի խոսքով՝ «Բժշկի ուղի»-ն կայացման, զարգացման և կրթման լավագույն հնարավորություններից մեկն է, որն օգնում է ձևավորվել թե՛ որպես անհատ, թե՛ որպես անհատականություն։ «Այն, իրավամբ, նպաստում է բժիշկ-անհատ կայացմանը՝ սովորեցնելով թե՛ բարեվարքության կանոններրը, թե՛ պացիենտի հանդեպ հոգեբանական ճիշտ մոտեցման առանձնահատկությունները։ Դրա շնորհիվ մեծանում է վստահությունը բժշկի հանդեպ», – ասում է նա։ Ապագա բժիշկը ծրագրի շնորհիվ ձեռք է բերել ոչ միայն գիտելիքների մեծ պաշար, այլև շատ ու շատ նոր ընկերներ։
Մյուս մասնակցի՝ ԵՊԲՀ ուսանողուհի Մարի Մնացականյանի համոզմամբ՝ ծրագիրն օգտակար է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են ինքնազարգանալ։
«Համալսարանում մենք ստանում ենք գիտելիքներ բժշկության մասին, բայց դրանից դուրս մեզ շատ բան է դեռ պետք իմանալ մեր կարիերան ստեղծելու ճանապարհին։ Եվ այս ծրագիրը հնարավորություն է տալիս անվճար ձեռք բերել այդ գիտելիքները։ Լայնածավալ նյութը, որը մարդիկ սովորում են ամիսների կամ տարիների ընթացքում, սեղմ և մատչելի ներկայացվում է յուրաքանչյուր հանդիպման 2 ժամվա ընթացքում», – նշում է Մարին։ Ծրագիրն, ըստ նրա, օգնում է նաև ինքնաճանաչման և ինքնաբացահայտման հարցում, օգնում է գտնել նոր՝ կրտսեր և ավագ ընկերներ, շատերին օգնում է նաև աշխատանք գտնել։ «Հրաշալի մթնոլորտ և կազմակերպչական թիմ, բոլորս 2 ժամ շարունակ կլանված լսում էինք տվյալ ոլորտի լավագույն մասնագետներին և ուղղում ցանկացած հուզող հարց։ Անվերջ կարելի է թվարկել ծրագրի դրական կողմերը», – հավելում է Մարի Մնացականյանը՝ շեշտելով, որ «Բժշկի ուղի»-ն մոտիվացիայի իսկական աղբյուր է։
Նախագիծը շարունակական է և մեկնարկում է ամեն 2 շաբաթը մեկ՝ տևելով 8 օր:
Կարող են մասնակցել բոլոր ապագա բժիշկները՝ սկսած ԵՊԲՀ քոլեջի ուսանողներից մինչև կլինիկական օրդինատորներ։
Ծրագրին մասնակցության համար անհրաժեշտ է անցնել համապատասխան հղումով՝ https://form.jotform.com/212843746597065 կամ կապ հաստատել ԵՊԲՀ կարիերայի կենտրոնի հետ։