Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Կարինե Առուստամյանի երկար տարիների բժշկական գործունեության առանցքային մասն են:
Համալսարանական մասնագետը գիտամանկավարժական աշխատանքին զուգահեռ արդեն ավելի քան երկու տասնամյակ է Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրենն է, ոչ վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչը:
Կարինե Առուստամյանի բժիշկ դառնալու որոշման վրա ազդեցություն են թողել ծնողների ընկերները:
«Ծնողներիս աշխատանքի բերումով այդ ժամանակ ապրում էինք գյուղում, որտեղ չունեինք հարազատներ, սակայն շատ ընկերներ ու մտերիմներ ունեինք: Հիվանդանոցի գլխավոր բժիշկը` գինեկոլոգ տիկին Թերեզան, ում շատ լավ եմ հիշում առ այսօր որոշակի հետք թողեց իմ բժիշկ դառնալու որոշման վրա: Հարազատներիս շրջանում միայն մեծ մորաքույրս էր ակնաբույժ, այլ բժիշկներ չկային: Այդպես որոշվեց, այդպես որոշեցինք և ես դեմ չէի: Բայց ասել, որ մանկուց եմ երազել, այդպես չէ, կամաց-կամաց է ձևավորվել»- մասնագիտության ընտրության մասին խոսելիս պատմում է պրոֆեսոր Առուստամյանը:
Մանկաբարձ-գինեկոլոգի նեղ մասնագիտացումն ընտրելը կապված էր նրա հետ, որ մայրանալու, երեխայի ծնվելու գործընթացն իրեն, որպես իգական սեռի ներկայացուցիչ այլ աշխարհ էր թվում, որը տարբերվում էր բժշկագիտության մյուս ճյուղերից:
Առհասարակ, մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտն ընտրելիս նա խորհուրդ է տալիս առաջնորդվել այն գաղափարով, թե որքանով են սիրում կյանքի արարումը, որովհետև ամեն օր տվյալ ոլորտի բուժաշխատողներն առնչվում են նոր կյանքի ստեղծման հետ, երբ տեսնում են մոր և երեխայի առաջին հանդիպումը, երբ օգնում են կնոջը հղիանալ.
«Այս գործընթացներն, իրոք, հրաշքներ են, որովհետև ամեն օր «շնորհակալություն բժիշկ» արտահայտությունը լսելու հնարավորություն ունենք: Կարծում եմ, դա բավականին գրավիչ է և մոտիվացնող»:
Երկար տարիների փորձ ունեցող մասնագետն ընդգծում է՝ բժշկագիտության նոր նվաճումներին, զարգացմանը զուգահեռ մանկաբարձագինեկոլոգիական բժշկագիտությունը, պրակտիկան նույնպես հսկայական քայլերով է առաջ գնում և ավելի հսկայական քայլեր և ջանքեր պետք է գործադրել ետ չմնալու համար:
«Ամենակարևորը սովորելն է՝ անկախ տարիքից, անկախ նրանից, թե ինչ պաշտոն, դիրք, ազդեցություն ունենք, եթե մեկ օր անգամ չենք կարդում նոր հայտնագործությունների, հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման և բուժման մոտեցումների մասին, եթե չենք թարմացնում գիտելիքները՝ մենք հետ կմնանք նոր զարգացումներից»,- շեշտում է մանկաբարձ-գինեկոլոգը՝ կրթությունը և ինքնակրթությունը, նոր հմտությունների ձեռքբերումը առաջընթացի կարևոր նախապայման համարելով:
Նա հավելում է, որ իրենց բնագավառում պետք է չզլանալ, սովորել վիրահատական, բուժական նոր մոտեցումներ, նոր մեթոդներ:
Կենսագրական տվյալներ
Կարինե Առուստամյանն ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը գերազանցության դիպլոմով:
1990թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2007թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Մասնագիտական գործունեությունը Մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտում սկսվել է 1979 թվականից որպես կրտսեր գիտաշխատող, մանկաբարձ–գինեկոլոգ: 2011թ. առ այսօր Մանկաբարձության և գինեկոլոգիայի հետբուհական ամբիոնի պրոֆեսոր է: Պարգևատրվել է ՀՀ ԱՆ պատվոգրով, 2008թ. ՀՀ նախագահի պարգևով:
Ի՞նչ զգացողություն է առաջանում ամեն անգամ ծնունդի ականատես լինելիս:
Հրաշքի իրականացում է համարում բժիշկն այն պահը, երբ երեխան ծնվում է, երբ ամեն անգամ երեխային մոտեցնում են մորը.
«Աշխարհի ամենահուզիչ, ամենագրավիչ, ամենա-ամենա պահն է, երբ մայրը ծննդաբերական ցավերից հետո գրկում է երեխային, կամ դնում են կրծքին»:
Հրաշքի երկրորդ պահը` նրա գնահատմամբ, այն է, երբ կնոջը, որը երկար տարիներ չի մայրացել, հայտնում են հղի լինելու մասին բաղձալի լուրը: Կարող է պարադոքսալ թվալ, սակայն բժիշկները, Կարինե Առուստամյանի հավաստմամբ, այդ պահին շատ ավելի ուրախ են ու երջանիկ, բուժառուն այդ պահին չի հավատում, չի հասկանում, ինչ է կատարվում, շփոթվում է:
Կանանց առողջության և մայրության մասին խոսելիս, բժիշկը հորդորում է չզլանալ դիմել բժշկի, քանի որ գրագետ բուժումը առողջության գրավականն է:
«Չպետք է սպասել, որ հիվանդությունն այնքան զարգանա, որ բուժման հնարավորությունները փոքրանան և արդյունավետությունը նվազի: Կանխարգելելով հիվանդությունը, պլանավորելով հղիությունը, հղիության վաղ փուլերում դիմելով մասնագետի, կնպաստեք առողջության պահպանմանը: Անպտղության դեպքում, տարիներ շարունակ իրականացնելով անտեղի բուժումներ, նվազեցվում է հաջողության հասնելու հավանականությունը»,- ավելացնում է ԵՊԲՀ դասախոսը` հիշեցնելով նաև առողջ ապրելակերպի, ֆիզիկական ակտիվություն և վատ սովորույթներից հրաժարվելու մասին:
Գաղտնիք չէ, որ բոլոր ժամանակներում բժիշկներն աչքի են ընկել իրենց բազմակողմանի զարգացվածությամբ, կրթվածությամբ և լուսավորչական գաղափարներ տարածելով:
Գիտակլինիկական ակտիվ աշխատանքին զուգահեռ կարճ ժամանակ առաջ սոցիալական հարթակներց մեկում պրոֆեսոր Առուստամյանը նաև իրազեկման աշխատանք է իրականացնում:
Տարբեր տարիներին հեղինակած իր մասնագիտական դիտարկումները, արդի թեմաների շուրջ տեսակետները, մեմուարները, դիպվածները, բժշկական միֆերը նա հումորի որոշակի չափաբաժնով ներկայացնում է հանրությանը` տարածելով ու բարձրաձայնելով կարևորի` առողջության մասին: