Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Անվանի բժիշկ-գիտնական Անուշավան Ղազազյանը կդառնար 100 տարեկան

Անվանի բժիշկ-գիտնական Անուշավան Ղազազյանը կդառնար 100 տարեկան

Բժշկական մեկդարյա բուհում ավագ սերնդին, բժշկագիտության նվիրյալներին մեծարելն ու գնահատելը սերնդեսերունդ փոխանցվող ավանդույթ է:

Մարտի 18-ին  անվանի բժիշկ, մանկավարժ, ինֆեկցիոնիստ, պրոֆեսոր Անուշավան Վահանի Ղազազյանի (1922-2009) 100-ամյա հոբելյանն է:

Բժիշկ-գիտնականը մեծ ներդրում ուներ համաճարակաբանության, ինֆեկցիոն և աղիքային հիվանդությունների ուսումնասիրության բնագավառում։

Անուշավան Ղազազյանի կյանքը հաշմանդամ գիտնականի հերոսական և բովանդակալի ուղղու պատմություն է՝ լի հաղթահարված բարձունքներով և համահունչ իր ապրած դարի ընթացքի միտումներին։

Գերազանց ավարտելով ծննդավայրի՝ Վրաստանի Շուլավեր ավանի միջնակարգ դպրոցը, նա, տակավին պատանի, սկսում է դասավանդել իրենից տարեցներին՝ համոզված լինելով որ մանկավարժությունը իր կոչումն է։ Սակայն սկսվում է Հայրենական մեծ պատերազմը, և 17-ամյա Անուշավանին զորակոչում են բանակ։ Ռազմաճակատում ցուցաբերած քաջագործությունների համար նա արժանացել է «Արիության համար» երկու մեդալի։ 22 տարեկանում վիրավորում է ստանում, զրկվելով ոտքից, և զորացրվում։

Պատերազմի ժամանակ Անուշավանը որոշում է բժիշկ դառնալ և 1946 թվականին ընդունվում է Երևանի բժշկական ինստիտուտ, որի զարգացմանը և նվիրում է ողջ կյանքը։

Ինստիտուտը գերազանց ավարտելուց հետո շրջանավարտը պաշտպանում է թեկնածուական թեզ «Դիֆտերիայի կլինիկահամաճարակաբանական առանձնահատկությունները և կանխարգելիչ միջոցառումների արդյունավետությունը» թեմայով, այնուհետև, 1970 թվականին պաշտպանում է «Տարբեր ուղեկցող հիվանդությունների ազդեցությունը վիրուսային հեպատիտի ընթացքի և ելքերի վրա» թեմայով դոկտորական թեզ և 1972 թվականին ստանում է պրոֆեսորի կոչում։  

1973 թվականից պրոֆեսոր Ղազազյանը ղեկավարում էր Երևանի բժշկական ինստիտուտի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնը։ Նա ստեղծել է Հայաստանի ինֆեկցիոնիստների գիտական ընկերությունը։

Պրոֆեսոր Ղազազյանը նախկին ԽՍՀՄ-ի առավել ճանաչված ինֆեկցիոնիստներից էր։ Նա մեծ ներդրում ունի հայ ինֆեկցիոնիստների գիտական աշխարհայացքի և գործնական ավանդույթների ձևավորման գործում։  Պրոֆեսոր Ղազազյանի աշակերտները պատվով էին դիմադրում վերջին տարիների համաճարակային մարտահրավերներին։

Անուշավան Ղազազյանի կյանքի ուղին ոգեշնչող օրինակ է պատերազմից հաշմանդամ վերադարձած երիտասարդների համար։

Ընտանիքի փոխանցմամբ` Անուշավան Ղազազյանն ապացուցել է, որ  հնարավոր է ապրել, կայանալ, ստեղծել` անկախ սահմանափակ կարողություններից:

Մեծ գիտնականի 100-ամյա հոբելյանը կյանքի այդ արժեքները հիշելու լավ առիթ է։