Առավել տարիքավոր և բժշկական համալսարանի պատմության մեջ իրենց ավանդն ունեցող բժիշկ-գիտնականներին Երևանի պետական բժշկական համալսարանում մեծարում են «բժշկականի նահապետներ» պատվանունով:
Այդ խմբում ամենից ընդգծվածը թերևս պրոֆեսոր, 1975-77 թվականներին բժշկական ինստիտուտի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, շուրջ 30 տարի հյուսվածաբանության ամբիոնի վարիչ, 1989-90թթ. ՀԽՍՀ առողջապահության նախարար, ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիայի հիմնադիր, Հայաստանի Լենինյան կոմերիտմիության դափնեկիր, «Մխիթար Հերացի», ԼՂՀ առողջապահության ոլորտի զարգացմանն աջակցելու համար «Երախտագիտության» մեդալների ասպետ, ՀՀ գիտությունների վաստակավոր գործիչ, ՀՀ մորֆոլոգների ասոցիացիայի նախագահ, մորֆոլոգների միջազգային ասոցիացիայի համակարգող խորհրդի անդամ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի հայաստանյան մասնաճյուղի իսկական անդամ, ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտոր, բարձրագույն դպրոցի պատվավոր աշխատակից, ՀՀ հյուսվածաբանների գիտական ընկերության նախագահ, ԱՊՀ երկրների ձևաբանների միջազգային ընկերակցության համակարգող խորհրդի անդամ Արտաշես Վարդանի Ազնաուրյանի անունն է:
Հասկանալի է՝ նման արգասաբեր աշխատանքի գնահատումն է հիմք հանդիսացել պրոֆեսոր Ազնաուրյանին համարելու բժշկականի հիմնասյուներից, նահապետներից մեկը:
Վերոնշյալ թվարկումներն ամբողջական չեն, դրանք կարելի է շարունակել, սակայն կարևորն այն է, որ այդ բնագավառներից յուրաքանչյուրում Արտաշես Վարդանի Ազնաուրյանը ներդրել է իր ուժերի, հնարավորությունների, կարողությունների առավելագույնը:
Սկսենք սկզբից:
Դեռևս ուսանողական տարիներին՝ ղեկավարելով ուսանողական գիտական ընկերության աշխատանքները, կարևորելով այս ուղղությամբ հիմնական անելիքը՝ ՈւԳԸ հերթական կոնֆերանսներից մեկին հրավիրել է մասնակցելու ՀՀ գիտությունների ակադեմիայի նախագահ Վիկտոր Համբարձումյանին, որը ոչ միայն մասնակցել է կոնֆերանսին, հանդես եկել ողջերթի ու գնահատման հրաշալի խոսքով, այլև ուսանողներին առաջադրել այնպիսի պահանջներ, որոնց կատարումն առավել արդյունավետ կդարձներ ուսանողի գիտական աշխատանքը, ինչը չափազանց կարևորվում է անվանի գիտնականի խոսքով:
Կարելի է ենթադրել, որ դեռևս ուսանողական տարիներից գիտական թեմաները կարևորող Ա. Ազնաուրյանն իր ողջ գործունեությունը պետք է կենտրոնացներ այս ուղղությամբ: Սակայն, ինչպես հատուկ է շնորհալի, տաղանդավոր, խելացի ուսանողին, նա կարողացել է նաև հետաքրքրություն մտցնել իր ուսանողական առօրյայում: Հասակակիցների, համակուրսեցիների հետ հանդիպման ընթացքում նրան հաճախ էր ընկերակցում իր սիրելի ջութակը, որի հրաշալի կատարումներով նա հանդես էր գալիս բժշկական ինստիտուտի էստրադային երաժշտական խմբի ելույթներին:
Ա. Ազնաուրյանի բնավորության կարևորագույն հատկանիշներից մեկը ոչ միայն սեփական ուսանողական կյանքը հետաքրքիր ու բազմազան դարձնելն էր, այլև նույն մոտեցումը ուսանողների համար կազմակերպելը, երբ նա ղեկավարում էր բժշկական ինստիտուտի կոմերիտական, հետագայում՝ կուսակցական կազմակերպությունը:
Այդ տարիներին ուսանողական կյանքի հետաքրքիր ու գեղեցիկ միջոցառումերից մեկը «Ուսանողական գարուն» փառատոնն էր, որը մեկշաբաթյա տևողությամբ չափազանց աշխույժ ու հետաքրքիր էր դարձնում ուսանողական առօրյան: Ավելորդ է ասել, որ բժշկական համալսարանի ինքնագործ խմբերի, տարաբնույթ ակումբների հետաքրքիր միջոցառումները հանրապետության 10 պետական բուհերի համանման միջոցառումների շարքում (այդ ժամանակ դեռևս չկային մասնավոր բուհերը) միշտ գրավում էին մրցանակային տեղեր՝ փառատոնի արդյունքների ամփոփման հանրապետական հանձնաժողովի գնահատման արդյունքում:
Այս օրերի մասին մեր հարցազրույցներից մեկում շատ գեղեցիկ ու տպավորիչ հիշողություններ ներկայացրեց բժշական ինստիտուտի կոմերիտական կազմակերպության նախկին քարտուղար Ա. Ազնաուրյանը՝ անդրադառնալով հատկապես համաքաղաքային միջոցառումներին, որոնցից ամենատպավորիչը «Առագաստ» սրճարանի մերձակա լճի հարթակում կայացած համերգն էր, որին մասնակցում էին դեռևս ուսանողներ, ներկայումս հանրապետության առողջապահության ճանաչված կազմակերպիչներ, գիտնականներ, մասնագետներ:
Նրա կազմակերպչական ընդունակությունները շարունակեցին ավելի ճանաչելի դարձնել բժշկական ինստիտուտը, երբ արդեն կուսակցական կազմակերպության քարտուղարն էր:
Կոմերիտմիության Երևանի քաղաքային կոմիտեի բուհական բաժնում աշխատելու տարիներին, երբ հաճախ էին քաղկոմի բյուրոյին մասնակցելու գալիս բժշկականի կոմերիտական լիդերները, հաճախ էի լսում նրանց մասին այն գնահատումը, որ վերջիններս Ազնաուրյանի «շկոլայից» են: Եվ բժշկականը յուրօրինակ բրենդ էր իր հեղինակությամբ ոչ միայն բուհերի մեջ, հանրապետությունում, այլև վերադաս կոմերիտական և կուսակցական կազմակերպություներում: Այս որակումը հիմա, ինչ խոսք, չունի այն արժեքն ու հեղինակությունը, որ ժամանակին կար: Սակայն ավագները լավ են հիշում և՛ ժամանակը, և՛ գնահատողներին, և՛ գնահատականը:
Սեփական «շկոլայի» ստեղծման տենդենցը Ազնաուրյանի մոտ առկա է նաև սեփական կենսագրության մեջ, նրա օրինակին հետևելով, ինչու ոչ՝ անմիջական ղեկավարությամբ, բժշկի ուղին ընտրեցին նաև նրա երեք եղբայրները, քույրը, մերձավոր բարեկամների որդիները, սեփական զավակները՝ երկու որդիները, ինչպես նաև թոռնիկները:
Սա ևս կարելի է համարել Ազնաուրյանի «շկոլան»:
Եթե սրան ավելացնենք նաև բժշկականի պրոֆեսորադասախոսական կազմի անդամներից այն մեծաթիվ գիտնական-դասախոսների թիվը, որոնք գիտական, հետազոտական աշխատանքներ են իրականացրել, պաշտպանել թեկնածուական և դոկտորական թեզեր Ա. Ազնաուրյանի ղեկավարությամբ, կտեսնենք, որ պատճառաբանված են նրա սաների, կողմնակիցների, աշակերտների, գործընկերների այն դրական կարծիքները, մեծարանքի խոսքերը, որոնք հնչում էին նրա կենդանության օրոք, և որոնք առավել ևս բարձրաձայնվեցին նրա մահվան առիթով:
Թվում է՝ վերոնշյալ ծանրաբեռնվածության պայմաններում նա չէր կարողանա ժամանակ գտնել իր մանկության ընկերների համար: Միաժամանակ՝ այդքան հարուստ հոգու տեր մարդը չէր կարող չիրականացնել գեղեցիկ մի սովորույթ. ամեն տարի ամռան մեկուկես ամիսն անցկացնել ծննդավայրում, հանդիպել մանկության ընկերներին, վերհիշել դպրոցական տարիների սպորտային հաջողությունները Աջարիայի հավաքականում հանդես գալու ընթացքում:
Յուրահատուկ կարելի է համարել նրա կյանքի այն ժամանակահատվածը, երբ բժշկական ինստիտուտի գիտական աշխատանքների գծով պրոռեկտորն էր, ժամանակակիցները շատ բարձր էին գնահատում նրա գործունեությունը այս բնագավառում, քանի որ ինստիտուտում կազմակերպվող գիտական նստաշրջանները ներառում էին ոչ միայն Հայաստանի գիտնականների մասնակցությունը, այլև Խորհրդային Միության անվանի գիտնականներինը: Սեփական բուհը, նրա գիտական միտքը միութենական բարձրագույն օղակների ուշադրությանը ներկայացնելը ժամանակի համար նույն հնչեղությունն ուներ, ինչ այսօր Եվրոպային, Արևմուտքին մասնակից դարձնելը բժշկականի գիտական գործունեության վերլուծությանը, նման կոնֆերանսներին մասնակցում էին Խորհրդային Միության գիտական առաջատար հաստատությունների ղեկավարներ, նշանավոր գիտնականներ, ճանաչված մասնագետներ:
Ճակատագիրը ծանր բեռ դրեց Արտաշես Ազնաուրյանի ուսերին, երբ նա նշանակվեց ՀՀ առողջապահության նախարար այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ Հայաստանում, հատկապես նրա հյուսիսային շրջաններում հիմնահատակ փլուզված էր առողջապահական համակարգը: «Վիճակն օրհասական էր, երկրաշարժը հիմնովին ավերել էր 32 հիվանդանոց, 113 ամբուլատորիա…աղետի գոտում մեր առաջին խնդիրը հակատուբերկուլյոզային դիսպանսերի կառուցումն էր, հոգեբուժական ծառայության, ծննդատների վերականգնումը: Վեց ամսում մեզ հաջողվեց լուծել այդ խնդիրը: Մարզերում բացվեցին ախտորոշիչ կենտրոններ», -մեր հարցազրույցներից մեկի ժամանակ ցավով նշում էր այդ օրերի ՀՀ առողջապահության նախարարը:
Թերևս կարճ տևեց այս կարևորագույն օղակում նրա ղեկավար աշխատելը, սակայն նրա գործունեության ընթացքում խիստ աշխուժացավ միջազգային կազմակերպությունների հետ կապը: Այս օրերին էր, որ Սպիտակում բացվեց Նանսենի անվան նորվեգական հիվանդանոցը, որի բացմանը մասնակցեց անվանի մտավորականի թոռը՝ Էյգիլ Նանսենը:
Պրոֆեսոր Արտաշես Ազնաուրյանի հետ հարցազրույցների բազմաթիվ առիթներ են եղել, և ամեն անգամ ինձ հուզել է իր ուսուցիչների, ավագ ընկերների մասին գնահատականները, մեծարանքի խոսքերը, երախտագիտության դրսևորումները, իր կոկիկ ու բարետես աշխատասենյակի ամենատեսանելի հատվածում նրա ուսուցիչների լուսանկարներն են, ավագ գործընկերներին հիշեցնող հետաքրքիր հուշանվերները, որոնք իրենց ներկայությամբ հիշեցնում են այն մարդկանց մասին, ում Ա. Ազնաուրյանն իր ուսուցիչներն է համարում և նշում, որ նրանց պարտական է իր կայացման գործում:
Ուսուցչի նկատմամբ երախտագիտության զգացումը նա ակամա փոխանցել է բոլոր այն մարդկանց, գիտնականներին, կրտսեր գործընկերներին, որոնք նույն զգացողությամբ գնահատում են հենց իրեն՝ իրենց ուսուցչին՝ Արտաշես Ազնաուրյանին: Դրա վկայությունը բժշկական համալսարանի անվանի դասախոսների, ճանաչված գիտնակաների այն սրտաբուխ հղումներն էին, որոնք խմբագրություն էին եկել՝ բերելով իրենց մեծարանքի, ափսոսանքի, ցավակցության խոսքը՝ խնդրանքով դրանք զետեղել բուհական տարեգրի էջերում: Նման ցանկությանը կարելի է և ընդառաջել, եթե վստահ չլինեինք, որ մեզանից կնեղանան բոլոր նրանք, ովքեր ևս կցանկանային իրենց հղումը տեսնել մեր պարբերականում:
Սեդա Թորոսյան
«Ապագա բժիշկ» թերթի խմբագիր,
ժուռնալիստների միջազգային կոնֆեդերացիայի անդամ