Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Մարդկանց սրտերը վիրահատելով. բժշկագիտության նվիրյալ Ալեքսանդր Միքայելյանի հիշատակին

Մարդկանց սրտերը վիրահատելով. բժշկագիտության նվիրյալ Ալեքսանդր Միքայելյանի հիշատակին

Սրտաբան-վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ Ալեքսանդր Միքայելյանի կատարած աշխատանքի շնորհիվ Հայաստանում տասնամյակներ առաջ հիմնադրվեց բժշկական դարբնոց, որն այսօր համալսարանական կարգավիճակ ունի:

«Միքայելյան» ազգանունը բժշկագիտության ոլորտում յուրօրինակ այցեքարտ է, որով ոչ միայն անվանակոչված է հանրապետության առաջատար բժշկական կենտրոններից մեկը, այլև մարդու, գիտնականի, առողջապահության կազմակերպչի հայի ազգանուն է, որը հանուն հայրենիքի ծառայեցրեց արտերկրում ստացած գիտելիքներն ու ջանքերը: 

Հարազատ հիվանդանոցում նրա սերնդակիցները շատ չեն, բայց նրանք, ովքեր ճանաչել են բժշկապետին,  հիշում և ջերմ հուշեր են պատմում անվանի պրոֆեսորի մասին:

 

Հիշում է գործընկերը 

Եգոր Հովհաննիսյանը ուղիղ 10 տարի աշխատել է Ալեքսանդր Միքայելյանի հետ, եղել է ինստիտուտի շինարարության գծով փոխտնօրենը:

Ծանոթությունը պատահական էր, կինը աշխատում էր լաբորանտ, դիմել էր հիվանդանոցի հանրակացարանում սենյակ ստանալու ակնկալիքով, տնօրենը հետաքրքրվել էր, թե ամուսինը ինչ մասնագիտություն ունի:

Իմանալով, որ ինժեներ-շինարար է, ասել էր, որ նման մարդկանց կարիք ունեն: Երկու օր անց արդեն Եգոր Հովհաննիսյանը ծանոթացավ Ալեքսանդր Միքայելյանի հետ, նրան անմիջապես շնորհվեց ինստիտուտի ավագ ինժեների պաշտոնը, ինչպես նաև հանրակացարանի մեկ սենյականոցի բանալին, երեք տարի անց արդեն՝ շինարարության գծով փոխտնօրենի պաշտոնը:

«Նա ոչ միայն տաղանադավոր բժիշկ էր, այլև շինարար, ստեղծող, աշխատասեր մարդ, ամբողջ օրը պրպտում էր, մի մասնաշենքի շինարարությունը չավարտած՝ ասում էր, վերջ, վաղվանից սա ենք սկսում անել: Նա հարգված պրոֆեսոր էր ԽՍՀՄ-ում, մի զանգով մեկ միլիոն ռուբլի էր բերում, բոլոր միջոցները կենտրոնացնում Միքայելյանում:  Կենսուրախ մարդ էր, բոլորի հետ լավ հարաբերություններ ուներ, դրա համար կարողանում էր ներդրումներ բերել, խորհրդային շրջանում Միքայելյանը շինարարական ծավալներով առաջատարն էր, ամեն ինչով էր առաջատարը, եթե մյուս երկրներում հիվանդանոցներին գումարներ էին հատկացնում, չէր կառուցվում, երկար էր տևում, Միքայելյանում նման բան չկար, շենք-շենքի ետևից, շենացնում էր»,-պատմում է Հովհաննիսյանը: 

Նա հիշում է, որ մահվանից մեկ շաբաթ առաջ Ստեփանավան էին գնացել, որտեղ հիվանդանոցի մասնաճյուղն էին կառուցում: Այդ անգամ, սովորականի պես, պրոֆեսորը չխմեց, ասաց՝ սիրտը լավ չի: Վերադարձի ճանապարհին արդեն, երբ Միքայելյանին Բյուրականում՝ իր տան մոտ իջեցնում էին, Հովհաննիսյանին առաջարկեց բարձրանալ տուն, նստել պատշգամբում, զրուցել, դրանից բացի՝ կինը՝ տիկին Լյուդմիլան կնեղանար, եթե իմանար, որ Եգոր Հովհաննիսյանը հասել է դռան մոտ, բայց չի բարձրացել: Նա հիշում է՝ պատշգամբում նստեցին, զրուցեցին, բայց էլի չխմեց Միքայելյանը, սիրտը լավ չէր:

Դրանից հետո Եգոր Հովհաննիսյանը Մոսկվա էր գնացել՝ հերթական կարևորագույն նախագիծը հաստատելու, միջոցներ բերելու համար, վերադարձին հիվանդանոցի աստիճաններին հանդիպեց պրոֆեսորին, վերջինս առաջարկեց զրուցել երկուշաբթի: 

Ավաղ, չստացվեց, Միքայելյանը մահացավ կիրակի օրը, ինչպես Հովհաննիսյանն է ասում՝ «մարդկանց սրտերը վիրահատելով սրտամկանի ինֆարկտից մահացավ»: 

 

Պատմական ակնարկ

«Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտը հիմնադրվել է 1974 թվականին ԽՍՀՄ առողջապահության նախարարության հրամանով և անվանի բժիշկգիտնկաան  Ալեքսանդր Լևոնի Միքայելյանի ջանքերով և նրա նախաձեռնությամբ: Սկզբնական շրջանում այն գործում էր որպես ԽՍՀՄ ԳԱ կլինիկական և փորձարարական վիրաբուժության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի երևանյան մասնաճյուղայժմ «Միքայելյան»  վիրաբուժության ինստիտուտը:

Ինստիտուտի ստեղծումը հիմք դրեց հանրապետության սրտային վիրաբուժության բուռն զարգացման համար: Այսօր այն բազմապրովիլ բժշկական կենտրոն ` հագեցած ժամանակակից սարքավորումներով և բարձրորակ բժշկական կադրերով:

2018 թվականի տարեսկզբից «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸբաժնեմասերի հսկիչ փաթեթը պատկանում է ԵՊԲՀին: Բժշկական մեկդարյա բուհի կլինիկական, գիտական, ուսումնական աշխատանքների կարևոր մաս է կազմում  համալսարանական այս շուրջ 5 տասնամյակի պատմություն ունեցող կառույցը:  

 

Ծննդյան հոբելյանը՝ հարազատ կառույցում

Մեծանուն բժիշկների թողած հսկայական ժառանգությունը կարևորելը բժշկական 100-ամյա բուհի լավագույն ավանդույթներից է:

2018 թվականի սեպտեմբերին, առաջատար վիրաբույժների աշխարհի տարբեր անկյուններից ժամանել էին Երևան Վիրաբուժության եվրոպական միության (ESS, www.essurg.org) 22-րդ տարեկան համագումարին մասնակցելու նպատակով, որն ընդգրկում է նաև Վիրաբույժների հայկական ասոցիացիայի (AAS, www.AAS.am) 4-րդ հնգամյա կոնգրեսը և Ռեզիդենտների և երիտասարդ գիտնականների եվրոպական 3-րդ համաժողովը:

Միջոցառման շրջանակում ԵՊԲՀ ղեկավարությունը, բուժանձնակազմը, ապագա բժիշկները և արտերկրից ժամանած հյուրերը նշեցին հայ խորհրդային սրտաբան-վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ Ալեքսանդր Միքայելյանի ծննդյան 90-ամյա հոբելյանը:

Ելույթներ ունեցան և  Ալեքսանդր Միքայելյանի կենսագրության հիշարժան  մանրամասները ներկայացրին նրա հետ երկար տարիներ աշխատած  գործընկերները, փոխանցվեց նաև նրա կնոջ՝ Լյուդմիլա  Շերդուկալովա-Միքայելյանի ողջույնի ուղերձը:

Միջոցառման ավարտին մասնակիցները ծաղիկներ խոնարեցին մեծանուն բժշկի հուշարձանին: Այս միջոցառումը հարգանքի տուրք  էր Ալեքսանդր Միքայելյանի  հիշատակին և վկայում էր այն մասին, որ սերունդները չեն մոռացել նրա՝  հայ բժշկագիտության զարգացման գործում ներդրած բազմամյա և հարուստ ավանդը:

 

Կենսագրական տվյալներ

Ալեքսանդր Միքայելյանը ծնվել է 1928 թվականի օգոստոսի 29-ին, Թբիլիսում (1928-1991թթ.): Հայաստանում մի շարք ճյուղերի սիրտանոթային վիրաբուժության, պլաստիկ վիրաբուժության, հյուսվածքների և օրգանների փոխպատվաստումների հիմնադիրն է: Եղել է միջազգային, միութենական մի շարք գիտական խորհուրդների և ընկերությունների անդամ, «Արյամ շրջանառություն» ամսագրի գլխավոր խմբագիր:

1953 թվականին ավարտել է Մոսկվայի 2-րդ բժշկական ինստիտուտը, աշխատել Մոսկվայի 1-ին քաղաքային կլինիկական հիվանդանոցումԽՍՀՄ ԲԳԱ կրծքային վիրաբուժության ինստիտուտումԲժիշկների կատարելագործման կենտրոնական ինստիտուտումԽՍՀՄ ԳԱ Փորձառական կենսաբանության և բժշկության ինստիտուտի Սիբիրյան բաժանմունքի վիրաբուժական բաժնում, ապա արյան արհեստական շրջանառության լաբորատորիայում:

Որպես սրտավիրաբույժ և գիտնական Ալեքսանդր Միքայելյանը ձևավորվել է իր կյանքի պատանեկան և երիտասարդական տարիներին՝ անցնելով վիրաբուժության դպրոց այնպիսի մասնագետների ղեկավարությամբ, ինչպիսիք էին Ա. Բակուլևը, Ե. Մեշալկինը, Բ. Պետրովսկին։ Նրա կայացման մեջ թե՛ որպես վիրաբույժի, թե՛ որպես գիտնականի էական դեր է խաղացել նաև համաշխարհային ճանաչում ունեցող ֆիզիոլոգ Վ. Պարինի պաթոֆիզիոլոգիայի դպրոցը։ Միքայելյանը մեծ ավանդ է ունեցել ԽՍՀՄի սիրտանոթային վիրաբուժության զարգացման գործում։ Նա Հայաստանի սիրտանոթային վիրաբուժության ու փոխպատվաստաբանության հիմնադիրն է։

1961 թվականին Հայկական ԽՍՀի գիտությունների ակադեմիայի նախագահության կողմից Ալեքսանդր Միքայելյանը հրավիրվում է Հայկական ԽՍՀ ԳԱի նորաստեղծ Սրտաբանության և սրտի վիրաբուժության ինստիտուտ՝ որպես սրտի վիրաբուժության բաժնի վարիչ՝ հանրապետությունում սրտավիրաբուժության ծառայություն կազմակերպելու համար։

1974 թվականին, այդ մասնաճյուղի և ՓՊԿի կառուցվող մասնաշենքերի հիման վրա Ալեքսանդր Միքայելյանը Անդրկովկասում ստեղծում է բազմաթեքում բարձրակարգ մասնագիտացված խոշոր վիրաբուժության կենտրոնը՝ ԽՍՀՄ ԲԳԱ ՎՀԳԿ երևանյան մասնաճյուղը, միաժամանակ նաև՝ Ստեփանավանի առողջարանային վերականգնողական բաժինը։

Հեղինակ է ավելի քան 300 գիտական աշխատանքի:

Անգնահատելի է բժիշկգիտնականի հայրենասիրությունը

ԵՊԲՀ պատմության թանգարանում Ալեքսանդր Միքայելյանին նվիրված ցուցանմուշը ներկայացնելիս թանգարանի տնօրեն Նարինե Ղազարյանը հատուկ ակնածանքով է ներկայացնում բժշկագիտության նվիրյալին, նրա հիմնած առողջապահական խոշոր հաստատությունը:

«Անվանի վիրաբույժ և մեծ գիտնականի համբավ էր վայելում, նա Հայաստանում սրտային վիրաբուժության հիմնադիրն է»,- նշում է թանգարանի ղեկավարը, որն անձամբ ճանաչել և մտերիմ է եղել Միքայելյանի կնոջ` բժշկական գիտությունենրի դոկտոր, պրոֆեսոր Լյուդմիլա  Շերդուկալովա-Միքայելյանի հետ:

Բժիշկ-գիտնականի այրին մահացել է երկու տարի առաջ: Պատկառելի տարիքում էլ վառ էր պահում ամուսնու հիշատակը, հեղինակել է նրա գործունեության մասին գիրք, նախաձեռնում էր միջոցառումներ:

«Առնձնահատուկ ուզում եմ շեշտել Ալեքսանդր Միքայելյանի մարդկային հատկանիշները, աշխատասիրությունը: 10-րդ դասարանը Թբիլիսիում ավարտելուց հետո մեկնել է Մոսկվա և հենց առաջին կուրսից աչքի է ընկել իր աշխատասիրությամբ, տրամաբանությամբ և նպատակասլացությամբ: Երկրորդ կուրսից գիտական աշխատանքներ է սկսել իրականացնել և զուգահեր աշխատել է կլինիկայում, իհարկե սկզբից որպես սանիտար, բուժակ: Իրեն շատ սիրել են իր ուսուցիչները, դասախոսները, ղեկավարները»,- հարուստ կենսագրության մանրամասները ներկայացնելով նշում է Նարինե Ղազարյանը` ընդգծելով, որ Մոսկվայում մնալու դեպքում Ալեքսանդր Միքայելյանին փայլուն ապագա էր սպասում, սակայն նա ծնված և մեծացած  լինելով Թբիլիսիում, կայանալով Մոսկվայում նախընտրեց գալ Հայաստան և իր առաքելությամբ ծառայել ժողովրդին ու հայրենիքին:

Անցնելով մեծանուն սրտաբանների դպրոցը, լինելով հայրենասեր, նա թողել է իր բարեկեցիկ կյանքը ու մեծ հեռանկարները:

Այստեղ թանգարանագետն ընդգծում է բժիշկ-գիտնականի հայրենասիրությունը, որը հետագայում փոխանցվել է նաև իր ազգությամբ ռուս կնոջը: Ամուսնու մահից հետո չի լքել մեր երկիրը այն համարելով իր տունն ու հայրենիքը:  

«Իր մտահղացումներից և ծրագրերից, Միքայելյանին ոչինչ չկանգնեցրեց, չնայած բազմաթիվ խոչընտոդներին»,- շեշտում է նա:

Նարինե Ղազարյանը պատմում է նաև թե ինչ հանրօգուտ գործունեություն էին ծավալել կնոջ հետ Սպիտակի երկրաշարժի տարիներին` հիմնելով «Գթություն» հիմնադրամը: Բժշկակագիտական աշխարհի իր ազդեցիկ կապերը գործի դնելով Միքայելյանին հաջողվել է մարդասիրական օգնության աշխատանքներ համակարգել:

Բժշկական մեկդարյա բուհի թանգարանում տեղ գտած իրերը, հուշամեդալները, լուսանկարները, գրքերը, իր գրած աշխատությունները, ատենախոսությունների սեղմագրերը,  նվիրաբերվել են ինչպես «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի նախկին ղեկավար, անվանի բժիշկ-գիտնական Համլետ Թամազյանի, այնպես էլ Լյուդմիլա  Շերդուկալովա-Միքայելյանի կողմից:

Բժշկի ուղին ընտրել ցանկացող բազմաթիվ դպրոցականների համար անվանի բժշկի կյանքի ու գործունեության մանրամասները լսելը, Նարինե Ղազարյանի փոխանցմամբ, ուսուցողական են և հետաքրքիր:

Միքայելյանի որդին Արմեն Միքայելյանը այժմ բնակվում է ԱՄՆ-ում կրկին ընտրել է բժշկի մասնագիտությունը: