Յուրաքանչյուր նոր ծնված երեխա լուսավոր ապագայի խորհրդանիշ է։ Նոր մարդու ծնունդը կարևոր արժեք ու խորհուրդ ունի։ Ոչ միայն կյանքեր փրկելու, այլև լույս աշխարհ գալու գործում բժշկի կատարած աշխատանքն անգնահատելի է։ Խոսքն այս դեպքում, միաժամանակ, երկու՝ ծննդկանի և նորածնի կյանքի ու առողջության համար կրած հսկայական պատասխանատվության մասին է։
«Նոր կյանք պարգևելիս բերկրանք եմ ապրում։ Այս գործընթացն իր էության մեջ արարչագործական խորհուրդ ունի»,- ասում է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի վարիչ Արմինե Հարությունյանը, որը «Բեգլարյան» բժշկական կենտրոնի գիտական գծով խորհրդականն է, Երևանի թիվ 8 պոլիկլինիկայի տնօրենը։
Մանկաբարձ-գինեկոլոգի մասնագիտությունը բժշկագիտության ամենահետաքրքիր ուղղություններից է, փորձառու մանկաբարձ-գինեկոլոգի գնահատմամբ՝ Աստծո շնորհած առաքելություն է, պարգև, որ պետք է կրել մեծ նվիրումով։
Արմինե Հարությունյանի խոսքով՝ այս ոլորտի մասնագետներն իրենց նպաստն են բերում առողջ սերունդ, առողջ հասարակության ունենալու գործում։
Մասնագետն իր երկարամյա փորձից հետաքրքրիր դիտարկում է անում․ նորածնի համար կյանքի առաջին րոպեներին ստացած դրական լիցքերը կարևոր նշանակություն ունեն․
«Դրական լիցքերով նորածնին դիմավորելը շատ կարևոր է։ Հետաքրքիր է, որ տեսնելով լույս աշխարհ եկած փոքրիկին, կարողանում եմ արագ կռահել նրա բնավորությունը։ Հետագայում՝ տարիներ անց, փոքրիկների ծնողներն ինձ հարցնում են, թե որտեղից էի կանխատեսել երեխայի բնավորությունը»։
Բժիշկն այստեղ կարևորում է նաև ծննդօգնության, մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում աշխատող բժիշկների կատարած հոգեբանական աշխատանքը, քանի որ առաջնածին հղիներն ունենում են խորհրդատվության, հոգեբանական աջակցության, սատարման կարիք։ Նա վստահ է, որ բժշկի նկատմամբ վստահությունը պետք է առաջնային լինի։
Կեսարյան հատման համար կան բացարձակ և հարաբերական ցուցումներ, որոշ իրավիճակներում՝ հարկադրված անհրաժեշտություն է առաջանում կատարել կեսարյան հատում, որը վիրահատող, ծնունդն ընդունող բժշկից գիտելիքներից բացի, պահանջվում է արագ կողմնորոշվելու կարողություն՝ ճիշտ և գրագետ բուժօգնություն ցուցաբերելու համար։
Թե՛ կեսարյան հատումների, թե՛ բնական ծննդաբերությունների ժամանակ բժշկի պատասխանատվությունը մեծ է, պետք է հաշվի առնել և գնահատել բոլոր ռիսկերը։ Արմինե Հարությունյանը նշում է, որ որպես բժիշկ, իհարկե, նախընտրում է խրախուսել ծննդաբերության բնական եղանակը, սակայն հաճախ կանայք խուսափում են ցավից, մինչդեռ ցավազրկման արդի, ժամանակակից մեթոդները հնարավորինս նպաստում են հղիությունն ավարտող ֆիզիոլոգիական բարդ պրոցեսի սահուն ընթացքին։
Վիրահատության ընթացքում և ամենօրյա աշխատանքում նա խստապահանջ է նախ իր, ապա նաև գործընկերների, թիմի հանդեպ, քանի որ ցանկացած գործում ձգտում է հասնել առավելագույն արդյունքի։ Նրա՝ որպես կին վիրաբուժի և առողջապահության կազմակերպչի գործունեությունը զուգորդվում է նաև գիտամանկավարժական աշխատանքով:
ԵՊԲՀ կլինիկական օրդինատորները, ուսանողները հնարավորություն ունեն հետևելու ծննդաբերական գործընթացում բուժաշխատողների գործունեությանը մայրաքաղաքի ամենահին ծննդատանը։
Պատմական ակնարկ
«Բեգլարյան» բժշկական կենտրոնը՝ նախկինում Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոնը, Հայաստանի առաջին մանկաբարձական-գինեկոլոգիական հիվանդնոցն է, որի պատմությունը սկսում է 1920 թվականից։ Հիվանդանոցի շենքը կառուցվել է ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծով։ Հիվանդանոցի շենքն ընդգրկված է Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Կենտրոնը Երևանի պետական բժշկական համալսարանի Մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի կլինիկական բազան է։ Այն տասնամյակներ շարունակ ղեկավարել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԲԳԱ ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Գագիկ Բեգլարյանը, որը միաժամանակ եղել է նաև ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի վարիչը: 2021 թվականից իր և իր շատ սերնդակիցների ուսուցչի, ավագ գործընկերոջ մահվանից հետո ամբիոնի ղեկավարման պարտականությունները ստանձնել է ԵՊԲՀ շրջանավարտ Արմինե Հարությունյանը։
Մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի վարիչի դիտարկմամբ՝ այս ոլորտում պետք է ունենալ կայուն բնավորություն, լինել խելացի։ Հաճախ է նա ապագա բժիշկների շրջանում նկատում նրանց, ովքեր ուսանողական տարիներից արդեն հավակնում են դառնալ մանկաբարձ-գինեկոլոգ։ Ուրախությամբ է փաստում, որ երիտասարդ երեք մասնագետի, ովքեր այսօր արդեն պրակտիկ բժիշկներ են, հենց ինքն է խորհուրդ տվել ընտրել այս բարդ և պատասխանատու ուղին։
Բժիշկ-գիտնականը նշում է, որ մանկաբարձության և գինեկոլոգիայի հանդեպ երիտասարդների հետաքրքրությունը, մեծ է։
Նեղ մասնագիտացման համար կպահանջվի 4 տարի, սակայն ստացած գիտելիքները, կլինիկական ոլորտում թրծվելու պայմանները հնարավորություն կտան դառնալ լավ մասնագետ։
Որպես վերարտադրողական առողջության ոլորտի ներկայացուցիչ, Արմինե Հարությունյանը կարևոր հորդոր ու կոչ է փոխանցում նոր ընտանիք կազմած զույգերին․ կարևորել բժշկական կանխարգելիչ կլինիկոլաբորատոր հետազոտությունները՝ առողջ սերունդ, առողջ ապագա ունենալու, հետագա բարդությունների խուսափելու տեսակետից։
Լուսանկարում՝ բժիշկ Հարությունյանի ապահով ձեռքերում կեսարյան հատմամբ սեպտեմբերի 30-ին լույս աշխարհ եկած Րաֆֆի Տիգրանի Վարդանյանն է, ևս մեկ հայ ընտանիքի անդրանիկ զավակը։