Մեկդարյա բժշկական բուհի ավագ սերնդի, փորձառու մասնագետների մասին պատմող հերթական ակնարկը Նյարդաբանության ամբիոնի պրոֆեսոր Լիդիա Գիմոյանին է նվիրված:
Նա 1971 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետը՝ ստանալով բուժական գործի մասնագետի որակավորում:
1971-1972 թթ. Երևանի թիվ 6 կլինիկական հիվանդանոցում սովորել է ինտերնատուրայում՝ նյարդաբանություն մասնագիտությամբ:
1973 թ. վերապատրաստվել է Մոսկվայում՝ Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժական ինստիտուտում:
Այնուհետև 1972-1977 թթ., ապա 1977-1985թթ. աշխատել է 1-ին կլինիկական հիվանդանոցում և Հանրապետական հիվանդանոցում՝ որպես նյարդաբան:
1985 թ. աշխատել է թիվ 2 բուժմիավորումում՝ որպես նյարդաբանական բաժանմունքի վարիչ, 2008թ-ից՝ որպես նյարդաբանական ծառայության ղեկավար:
2000թ. առ այսօր դասավանդում է ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնում՝ սկզբում որպես ասիստենտ, ապա դոցենտ, հետո պրոֆեսոր:
2000-2003թթ. ԵՊԲՀ ուղեգրով սովորել է դոկտորանտուրայում՝ Ուկրաինայի գերոնտոլոգիայի ինստիտուտում: 2004թ. պաշտպանել է դոկտորական թեզ «Հայաստանում ցերեբրովասկուլյար հիվանդությունների հիվանդացության և մահացության դինամիկան» թեմայով:
«Իմ գիտաբժշկական գործունեության ընթացքում բազմիցս մասնակցել եմ տեղական և միջազգային գիտաժողովների, սեմինարների, վերապատրաստման դասընթացների, ունեմ 33 տպագիր աշխատանք, ղեկավարել եմ թեկնածուական թեզ»,-նշում է անվանի բժիշկը:
Առողջապահության համակարգում բարեխիղճ, անմնացորդ, տարիների աշխատանքի և ՀՀ բուժաշխատողի օրվա առթիվ Լիդիա Գիմոյանը պարգևատրվել է:
2010 թ. ստացել է ԵՊԲՀ հոբելյանական «արծաթե կրծքանշան»-ի՝ կրթության, գիտության, բժշկության և աշխատանքային այլ բնագավառներում անբասիր գործունեության համար: 1986–1998թթ. Լիդիա Գիմոյանը ղեկավարել է 2-րդ բուժմիավորման նյարդաբանական բաժանմունքը:
2007-ից առ այսօր ղեկավարում է նույն բժշկական հաստատության նյարդաբանության ծառայությունը:
Մեզ հետ զրույցում Լիդիա Գիմոյանը բացահայտում է, թե ինչու է ընտրել բժշկի մասնագիտությունը:
«Իմ կարծիքով, բժշկությունը ազնվագույնն է բոլոր մասնագիտությունների և արվեստների մեջ, այդ պատճառով որոշեցի դառնալ բժիշկ և օգնել մարդկանց, հոգ տանել մարդու համար ամենաթանկի՝ առողջության մասին: Բժիշկ լինելը ոչ միայն մասնագիտություն է , այլև ապրելակերպ»,-նշում է անվանի բժիշկը՝ ընդգծելով նաև, թե ինչու ընտրեց հենց նյարդաբանի մասնագիտությունը:
«Ուսումնառության ընթացքում հասկացա, որ հիվանդությունների առաջացման պատճառներից մեկը հոգու անհանգստությունն է, աններդաշնակությունը մարմնի, մտքի հետ: Իսկ նյարդաբանությունը մարդու հոգեկան և սոմատիկ աշխարհները կապող օղակն է: Այդ է վկայում նաև Սոկրատեսի այն միտքը, որ «հնարավոր չէ բուժել մարմինը ՝ չբուժելով հոգին»: Բացի այդ, նյարդաբանությունը զարգացող և դեռևս բացահայտման կարիք ունեցող հեռանկարային ճյուղերից մեկն է: Այժմ աստիճանաբար զարգանում է միջդիսցիպլինար նյարդաբանությունը, որը ներառում է կարդիոնևրոլոգիան, նեյրոէնդոկրինոլոգիան, նեյրոիմունոլոգիան, նեյրոհոգեբուժությունը, նեյրոռևմոտոլոգիան, նեյրոսննդաբանությունը: Սա ապացույցն է, որ նյարդաբանությունը կապող օղակ է նաև բժշկության բոլոր ճյուղերի միջև»,-շեշտում է Լիդիա Գիմոյանը:
Նրա խոսքով՝ ճշգրիտ ախտորոշման համար պետք է ունենալ մասնագիտական խորը գիտելիքներ, լինել հոգեբան և փիլիսոփա, մանրակրկիտ ուսումնասիրել հիվանդի բժշկական պատմությունը, ստեղծել անկաշկանդ և վստահելի կապ հիվանդի հետ:
Բժշկության մեջ հիմնական դեղատոմսը բժիշկն է: Բժիշկը նախ հոգեբանորեն պետք է տրամադրի հիվանդին բուժմանը, ճիշտ գնահատի իրավիճակը, ուղեկցող հիվանդությունների առկայության դեպքում նշանակի թիրախային բուժում և վերահսկի ընթացքը:
«Քանի որ ներկայումս մեծ թիվ են կազմում մուլտիմորբիտ հիվանդները, և առկա է վտանգ պոլիպրոգմազիայի, աստիճանաբար զարգանում է այսպես կոչված Hub – թերապիան, որը բարելավելով մետաբոլիկ փոխանակությունը միտոքոնդրալ մակարդակով, միաժամանակ բուժիչ ազդեցություն է թողնում մի քանի օրգան համակարգերի վրա»,-ընդգծում է հայտնի նյարդաբանը:
Մարդկանց պրոֆեսորը հորդորում է վարել առողջ ապրելակերպ.
«Ավելի հեշտ է հիվանդությունը կանխարգելել, քան բուժել: Ուստի, պետք է վարել առողջ ապրելակերպ, հետևել սննդակարգին, դրսևորել ֆիզիկական ակտիվություն՝ չմոռանալով մտավոր և հոգևոր գործունեության մասին, խուսափել սթրեսից, որը բացասաբար է ազդում իմունային համակարգի վրա` հանգեցնելով տարբեր հիվանդությունների առաջացման: Իզուր չէ, որ ժողովուրդն ասում է, որ «բոլոր հիվանդությունները գալիս են նյարդերից»:
Հիվանդն էլ իր հերթին պետք է լինի հետևողական իր առողջության հանդեպ և ճիշտ ժամանակին դիմի բժշկին»:
Ապագա բժիշկներին Լիդիա Գիմոյանը խորհուրդ է տալիս ամենակարևորը սիրել մասնագիտությունը, ամեն օր զբաղվել ինքնակրթությամբ, յուրացնել նորարարությունները, ցուցաբերել անհատական վերաբերմունք յուրաքանչյուր հիվանդին:
«Հիվանդը չի կարող ներել բժշկի անտարբերությունը: Եղեք մարդասեր և հոգատար»,-եզրափակում է բժշկական բուհի երկար տարիների փորձ ունեցող աշխատակիցը: