Սեդրակ Շարիմանյան` 128. մեծանուն բժշկապետի հիշատակին

Սեդրակ Շարիմանյան` 128. մեծանուն բժշկապետի հիշատակին

Հայաստանում ժամանակակից նյարդավիրաբուժության հիմնադիր Սեդրակ Շարիմանյանն իր ուրույն և պատվավոր տեղն ունի բժշկագիտության երախտավորների շարքում։ Ժամանակակիցների հուշերում  բժշկագիտության նահապետն իր մասնագիտական գիտելիքով, պատասխանատվությամբ և մարդասիրական վերաբերմունքով արժանացել է բազմաթիվ մարդկանց հարգանքին ու վստահությանը։

Նշանավոր բժիշկ-գիտնականը մեծ ներդրում է ունեցել առողջապահության ոլորտում՝ օգնելով բազմաթիվ մարդկանց վերականգնել առողջությունը և վերադարձնել կյանքի հանդեպ հավատը։ Նրան ճանաչում են ոչ միայն որպես հմուտ մասնագետի, այլև որպես բարի, համեստ և նվիրված մարդու, ով իր աշխատանքը համարում էր առաքելություն։

Բժշկական համալսարանի մեկդարյա հոբելյանին նվիրված «Բժշկի ուղին» ակնարկաշարի հերթական մասը, անվանի բժշկապետի տարեդարձի օրը նվիրվում է նրա հիշատակին` նպատակ ունենալով ապագա բժիշկների սերունդների շրջանում մշտարթուն պահել ավագների անունն ու պատգամը: 

 

Կենսագրական տվյալներ

Սեդրակ Սիմոնի Շարիմանյանը ծնվել է 1898 հունիսի 30-ին, Թբիլիսիում։ Հայ վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչը համարվում է մեր երկրում ժամանակակից նյարդավիրաբուժության հիմնադիրը։ Նրա գիտաբժշկական հետաքրքրությունների շրջանակը լայն էր, սակայն առավելագույն նվաճումներ  նա  ունեցավ  որովայնային վիրաբուժության և  նյարդավիրաբուժության ոլորտներում։ Շարիմանյանը հիմնադրեց վիրաբուժական մեծ դպրոց։ Նշանավոր գիտնականն ու բժիշկն իր ամբողջ կյանքը նվիրել է վիրաբուժության զարգացմանն ու նոր սերնդի բժիշկների կրթությանը։ Ծնվելով Թբիլիսիում՝  ավարտել է Խարկովի համալսարանի բժշկական ֆակուլտետը, իսկ 1926 թվականից մասնագիտական գործունեությունը շարունակել է Երևանում։ Երկար տարիներ ղեկավարել է բժշկական ինստիտուտի Ընդհանուր վիրաբուժության ամբիոնը, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է որպես էվակոհոսպիտալների գլխավոր վիրաբույժ: Նրա վիրաբուժական սխրանքների մասին ևս շատ ուշագրավ պատմություններ են հայտնի կրտսեր կոլեգաներին:

Պրոֆեսոր Շարիմանյանի գիտական աշխատանքները նվիրված են ստամոքսի և աղիների վիրաբուժությանը, ծայրամասային նյարդավիրաբուժությանը և Հայաստանում էնդեմիկ խպիպի ուսումնասիրմանը։ Բժշկապետի գիտական ու կլինիկական գործունեությունը մեծ ազդեցություն ունեցավ հայկական բժշկագիտության զարգացման վրա, իսկ բազմաթիվ աշակերտներ շարունակեցին նրա ստեղծած բժշկական ավանդույթները։ Սեդրակ Շարիմանյանի գիտաբժշկական, ուսումնամեթոդական գործունեությունն արժանացել է բարձր պարգևների ու շքանշանների:

Տարիներ ի  վեր, լինելով Հայաստանի վիրաբույժների ասոցացիայի գիտական ընկերության անփոխարինելի նախագահը, Շարիմանյանը վարում էր ընկերության գիտական և կազմակերպչական աշխատանքները ամենաբարձր մակարդակով, ինչը զգալիորեն նպաստել է Հայաստանում գիտական և գործնական վիրաբուժության առաջընթացին:

«Շարիմանյան» ազգանունը ողջ կյանքում այցեքարտ է ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկանի տեղակալ, Թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի դասախոս Լուսինե Շարիմանյանի համար: Եվ դա պատահական չէ, մի մասին հանրաճանաչ բժիշկը բուժել  է, մյուսներին` դասավանդել. մի դեպքում գործնականում կիրառել է խորը գիտելիքը, մյուսում` շռայլորեն փոխանցել այն: 

«Իմ պապիկը կարող էր «սրբադասվել», Աստծո պատվիրաններով ապրող մարդ էր, բնույթն էր այդպիսին: Առանց չափազանցնելու կարող եմ ասել, որ իսկապես ազնիվ, բարի, պարկեշտ անձնավորություն էր: Միշտ շատ հանգիստ, ցածր ձայնով էր խոսում, միևնույն ժամանակ խստապահանջ էր և ազդեցիկ: Անգամ երբ նկատողություն էր անում, ցածր ձայնով էր միտքն արտաբերում:  Այնուամենայնիվ, բոլորս զգաստանում էինք: Ձայնը շատ հազվադեպ էր բարձրացնում:  Անչափ ուշադիր էր պացիենտների, ուսանողների, բժիշկների հանդեպ: Տանը նույնպես շատ համեստ էր, երբեք չէր ծանրաբեռնի իր ներկայությամբ»,- պապի մասին հիշողություններն ամփոփելով նշում է Լուսինե Շարիմանյանը, ով նրա ջերմ  ընկերակցությունն ու սերը վայելելու լավագույն առիթներն ունեցել է հատկապես մանուկ հասակում:

«Դեռևս փոքր տարիքից, ինձ երբեմն տանում էր հիվանդանոց, վիրաբուժական բաժին ու ակամա ես ևս մասնակցում էի պացիենտների հետ զրույցներին, խորհրդակցություններին: Բժշկական միջավայրը պապիկիս և տատիկիս` Մարգարիտա Այվազյանի շնորհիվ լավագույնս ծանոթ էր ինձ»,- ասում է Լուսինե Շարիմանյանը:

Ընտանիքում, փաստացի, բժշկի մասնագիտությունը փոխանցվել է սերնդեսերունդ:  

Թեև Սեդրակ Շարիմանյանից է սկսում բժշկական գիծը, սակայն այն հաջորդիվ ժառանգել են որդին` Ալեքսանդր Շարիմանյանը, ով աշխատել է երկու տարի որպես բժիշկ-գինեկոլոգ, այնուհետև զբաղվել գիտական գործունեությամբ տարբեր կազմակերպություններում: Նրա դուստրը` Լուսինեն և արդեն չորրորդ սերնդում Լուսինեի զավակները` Քրիստինա և Հենրիխ Ներսիսյանները, որոնք հաջողված մասնագիտական գործունեություն են ծավալում ստոմատոլոգիայի բնագավառում, շարունակելով մայրիկի ճանապարհը:

«Ես հպարտ եմ` Սեդրակ Շարիմանյան մեծանուն մարդու և բժշկի գեները զավակներիս և թոռներիս փոխանցելու իմ առաքելությամբ»,- արժանապատվորեն նշում է Լուսինե Շարիմանյանը:

Բժիշկ է նաև Լուսինեի ամուսինը` Վահան Ներսիսյանը, ինչպես նաև մայրը`  Արմենուհի Լալայանը, ով աշխատել է բժշկական ինստիտուտի Ֆիզիոլոգիայի ամբիոնում, հաջորդիվ  Բժշկական կենսաբանության ամբիոնում:

Տարիներ անց, Լուսինեն ուրախությամբ և հպարտությամբ է ասում, որ իր ազգանունը լսելիս միշտ  ոգևորությամբ են հարցրել պապիկի մասին` մատնանշել նրա դրական բնավորության գծերը, նեդրումը այլոց կյանքում:

Շարիմանյանի անունը մինչև այսօր հիշվում է որպես նվիրյալ բժշկի, տաղանդավոր գիտնականի և մեծ մարդու, որի կյանքն ու գործունեությունը մնացին օրինակ հայ բժշկական հանրության համար։

«Սեդրակ Շարիմանյանն  իսկական մտավորական էր, բարեկիրթ, ազնիվ, բարյացակամ ու համեստ անձնավորություն: Խորագիտակ, բազմահմուտ բժշկի և անձնվեր հասարակական գործչի վաստակը երկրի և ժողովրդի առջև անգնահատելի է»,-Սեդրակ Շարիմանյանին այսպես է բնորոշել ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանը նրան նվիրած «Հայ վիրաբուժության խիղճը» գրքի  նախաբանում` վստահություն հայտնելով, որ այդ լուսավոր կերպարն ընդմիշտ կմնա սերունդների հիշողության մեջ:

Ռոլանդ Գրիգորյանի հեղինակած 2014 թվականին հրատարակված գիրքը պատմում է պրոֆեսոր Շարիմանյանի բժշկական, գիտական, մանկավարժական ու հասարակական գործունեության մասին: Նա ներկայացված է  որպես իրեն բնորոշ մարդասիրական հատկանիշներով և սկզբունքներով անհատ:

Այստեղ օգտագործված են Ս. Շարիմանյանի  մասին ժամանակակիցների և գործընկերների տպագրած և որոշ բանավոր հիշողություններ:

Տպավորիչ է բժշկական ինստիտուտի դասախոս Բորիս Մեհրաբյանի պատմությունը Շարիմանյանի կարգապահության ու պարտաճանաչության մասին: Սեդրակ Սեմյոնովիչը մի անգամ դիմել էր նրան` խնդրելով մեկ շաբաթվա դասաժամերը փոխել իր դասաժամերով, քանի որ ինքը` որպես պատգամավոր, պետք է մասնակցեր Գերագույն խորհրդի նստաշրջանին:

«Բնականաբար, ես համաձայնվեցի,-պատմում է Մեհրաբյանը,-պայմանավորվածության համաձայն` Շարիմանյանը վերցրեց իմ դասաժամերը, կարդաց դասախոսությունները, որից հետո ամբողջ շաբաթ ես զրկվեցի հանգստից. Ամեն օր նա ամբիոն էր զանգահարում և հիշեցնում ինձ դասախոսության կարդալու իմ օրն ու ժամը: Առաջին երկու օրը, բնականաբար, համբերատար լսում էի նրան, շնորհակալություն հայտնում, հավաստիացնում էի, որ ամենևին անհանգստանալու կարիք չկա, բայց հետո իմ համբերությունը սկսեց սպառվել: Բայց դե ինչ կարող էի անել, չէ՞ որ դա Շարիմանյանն է… Շաբաթվա վերջին դասախոսության նախօրեին նա տուն զանգահարեց և նորից հիշեցրեց, որ վաղը դաս ունեմ: Որքան մեծ էր իմ զարմանքը, երբ հաջորդ օրը առավոտյան տեսա նրան հիվանդանոցի մուտքի մոտ կանգնած: -Բորիս Վահանովիչ, ես այնքան անհանգիստ էի, վախենում էի, որ կմոռանաք,- ասաց նա»:

Այս պատմությունը գուցե փոքր-ինչ չափազանցված է, բայց միանգամայն ճիշտ է ներկայացնում Շարիմանյանի բնութագիրը` վկայելով նրա պարտքի և պատասխանատվության մեծագույն զգացման մասին:

«Սեդրակ Շարիմանյանը 20-րդ դարի հայ բժիշկ-գիտնականների այն ներկայացուցիչների է, ովքեր իրենց անբասիր ու նվիրական աշխատանքով ծառայել են մարդկանց առողջության պահպանման գործին և դրել Հայաստանում վիրաբուժության այսօրվա հաջողությունների հիմնաքարերը»,- գրքի մեկ այլ գլխում  գրում է հայրենի վիրաբուժության մեկ այլ վառ ներկայացուցիչ Վիգեն Մալխասյանը` նաև հավելում, որ խորապես խոնարհվում է Շարիմանյանի առջև իր սկզբունքների և այն ամենի համար, ինչ նա արել է հանուն ժողովրդի և բժշկագիտության:

Սեդրակ Շարիմանյանը կյանից հեռացել է 1989 թվականի նոյեմբերին, 91 տարեկանում: Հիշատակը հավերժացվել է. նրա անվամբ են կոչվել Երևանի Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի նյարդավիրաբուժական բաժանմունքը և նրա 100-ամյա տարեդարձի առթիվ Երևանի փողոցներից մեկը (սկսվում է Աբովյան պուրակից և ձգվում մինչև Մխիթար Հերացու հրապարակ։ Հատող փողոցներ չունի), իսկ քաղաքային 1-ին հիվանդանոցի` այժմ Զինվորի տան շքամուտքի սրահում տեղակայված է պրոֆեսորի հուշատախտակը: