Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը մարտի 23-ին հյուրընկալեց «Ճանապարհորդական բժշկության ընկերության» նախագահ, Իռլանդիայի Գոլվեյի համալսարանի պրոֆեսոր Ջերարդ Ֆլահերթիին։
Պրոֆեսորին ընդունեց Ուսումնական գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանը, որը տեղեկացրեց, որ բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագրերն առավելագույն 7 տարով միջազգային հավատարմագրում են ստացել: Պրոռեկտորի խոսքով` բուհի ուսումնական ծրագրում կատարված փոփոխությունների շնորհիվ ներդրվել են ընտրողական (էլեկտիվ) դասընթացներ «Ճանապարհորդների բժշկություն» մասնագիտությամբ: Այս առումով շատ կարևորվեց պրոֆեսոր Ջերարդ Ֆլահերթիի այցը: Լարիսա Ավետիսյանի փոխանցմամբ` բժշկական համալսարանը նպատակ ունի խորացնելու և ավելի ամուր հիմքերի վրա դնելու համագործակցությունն այս ոլորտում` անցկացնելով նաև առցանց դասախոսություններ:
Հանդիպմանը մասնակցում էր նաև Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի ղեկավար Վիգեն Ասոյանը, որը հիշեցրեց, որ նախորդ տարի` 2025 թ. մարտի 25-ին, անցկացվել է «Ճանապարհորդական բժշկություն» թեմայով ներածական վեբինար` տարբեր բժիշկների և ուսանողների մասնակցությամբ: «Ներկայումս, հաշվի առնելով մեր երկրում ճանապարհորդելու մշակույթի զարգացումը, շատ կարևոր է, որ մեր ուսանողները և մեր գործընկերները ծանոթանան ճանապարհորդների բժշկության սկզբունքներին և հիմնահարցերին` ապահովելով առողջ զբոսաշրջություն», – ընդգծեց համալսարանական մասնագետը:
Շատ տպավորված լինելով Հայաստանով և ԵՊԲՀ միջազգային հաջողություններով, պրոֆեսորը պատրաստակամություն հայտնեց` աջակցելու դասընթացի հաջող իրականացմանը:
Դասախոսությունից առաջ, ներկայացնելով պրոֆեսոր Ջերարդ Ֆլահերթիին, Միջազգային համագործակցության բաժնի պետ Աննա Ղազարյանն ընդգծեց իռլանդացի մասնագետի մեծ հետաքրքրվածությունը մեր երկրով:
«Ճանապարհորդել նշանակում է ապրել. ճանապարհորդության առողջապահական ազդեցությունների բացահայտում» խորագրով դասախոսության ընթացքում մասնագետը շեշտեց, որ Հայաստանը և Իռլանդիան շատ ընդհանրություններ ունեն: «Եվ պատահական չէ, որ այստեղ ես նմանատիպ ընդունելության արժանացա», – գոհունակություն հայտնեց նա` հավելելով, որ Հայաստան այցն իր համար շատ սպասված էր:
Շեշտելով, որ թեման բավականին նոր է բժշկագիտության ոլորտում` պրոֆեսորը նշեց, որ ճանապարհորդելը վերականգնողական ազդեցություն ունի մարդու առողջության և սթրեսի մակարդակի նվազեցման վրա: Ջերարդ Ֆլահերթին մանրամասնորեն ներկայացրեց ճանապարհորդելու օգուտները մարդու հոգեկան առողջության, սրտի աշխատանքի և նյութափոխանակության կարգավորման համար: «Ճանապարհորդելը մեզ օգնում է գնահատել այն, ինչ ունենք տանը», – վստահեցրեց մասնագետը:
Հանդիպման հաջորդ մասում նա ներկայացրեց կոնկրետ կլինիկական դեպքեր` կարևորելով պատվաստված լինելու անհրաժեշտությունը: