Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

COVID-19 ասոցացված Գիյեն-Բարեի համախտանիշ ախտորոշմամբ պացիենտը բուժվել է և դուրս գրվել համալսարանական հիվանդանոցից

COVID-19 ասոցացված Գիյեն-Բարեի համախտանիշ ախտորոշմամբ պացիենտը բուժվել է և դուրս գրվել համալսարանական հիվանդանոցից

Guillain-Barre համախտանիշը հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որի ժամանակ իմունային համակարգը գրոհում է՝ ախտահարելով նյարդային համակարգին։ Սովորաբար առաջին ախտանիշներն են՝ մատների ծակծկոցները և վերջույթների թուլությունը, որոնք երբեմն կարող են շատ արագ տարածվել՝ պարալիզելով ամբողջ մարմինը։ Այս դեպքերը պահանջում են անհապաղ հոսպիտալիզացիա և ունեն հրատապ բուժման կարիք։ Մոտ 60-80% դեպքերում վերականգնումը տևում է մինչև 6 ամիս, իսկ մահացությունն այս հիվանդության պատճառով կազմում է 4-7%։

Գիեն-Բարրեի համախտանիշը կարող է ունենալ նաև այլ դրսևորումներ՝ վերջույթների սուր զարգացած ցավեր, երկտեսություն, խոսքի, կլման դժվարեցում, ընդհանուր թուլություն, հևոց, դժվարաշնչություն, սրտխփոց, ճնշման տատանումներ, միզելու և դեֆեկացիայի դժվարություն։

Հիվանդության հստակ պատճառը դեռևս հայտնի չէ, սակայն սովորաբար հիվանդների 2/3-ի մոտ 3-6 շաբաթ առաջ արձանագրվում է որևէ ինֆեկցիոն հիվանդություն, ներառյալ՝ շնչառական կամ ստամոքս-աղիքային։ Այսօրյա պանդեմիայի պայմաններում ամբողջ աշխարհում COVID-19 վիրուսով պայմանավորված Գիեն-Բարրեի համախտանիշով դեպքեր են արձանագրվում։ Հունիսի 16-ին «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց էր դիմել 58 տարեկան տղամարդ՝ գանգատվելով ստորին վերջույթների թուլությունից, քայլելու անհնարինությունից, ձեռքերի մատների ծակծկոցից և թմրածությունից։

Գանգատներն առաջացել էին 3 օր առաջ, հանկարծակի ուսագոտու և պարանոցի ցավերից՝ աստիճանաբար բերելով մատների ծակծկոցի, թմրածության և ոտքերի ամբողջական թուլության։ Նյարդաբանական ծառայության ղեկավար Եկատերինա Հովհաննիսյանի խոսքով՝ անամնեզում նշում է մեկ ամիս առաջ ունեցած բարձր ջերմություն (38-39°C), ընդհանուր թուլություն, հևոց, գերքրտնարտադրություն, որոնք անցել են ինքնուրույն մոտ մեկ շաբաթում (բուժ-օգնության չի դիմել)։ Քրոնիկ հիվանդություններ չի ունեցել, վիրահատություններ չի կրել, ալերգիա և վնասակար սովորություններ չունի։ Բժիշկը նշում է, որ կատարված հետազոտությունների արդյունքում հայտնաբերվեց սուր դեմիելինիզացնող սենսո-մոտոր պոլինեյրոպաթիա, երկկողմանի թոքաբորբ, դրական COVID-19 IgG- ի բարձր տիտր (COVID-19 PCR և IgM թեսթերը, այլ վիրուսաբանական և բակտերիոլոգիական թեսթերը բացասական էին, ԳՈՒ և ողնուղեղի ՄՌՏ, ամբողջ օրգանիզմի ԿՏ հետազոտությունները (բացառությամբ թոքերի) առանց օջախային փոփոխությունների)։

Պացիենտի մոտ ախտորոշվել է՝ «COVID-19 ասոցացված Գիյեն-Բարեի համախտանիշ», իրականացվեց համապատասխան բուժում և հիվանդը դուրս գրվեց՝ հետագա բուժումը մասնագիտացված վերականգնողական կենտրոնում շարունակելու նպատակով։ Դուրս գրվելիս հիվանդը քայլում էր հենասայլակի օգնությամբ։