Դեղագիտությունն այն մասնագիտությունն է, որը բացահայտում է «ինչուներ»։ Այս կարծիքին է փորձառու և ճանաչված դեղագետ Գագիկ Գրիգորյանը, որը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դեղագիտական ֆակուլտետի երրորդ սերնդի շրջանավարտ է։ Բուհն ավարտել է 1979 թվականին, 2 տարի դասավանդել է ֆակուլտետի Ֆարմակոգնոզիայի ամբիոնում։
Գագիկ Գրիգորյանը գերազանցությամբ ավարտել է բժշկական բուհը, ապա՝ ընդունվել ասպիրանտուրա՝ սովորելով ՀՀ ԳԱԱ Ա․Լ․ Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի կենսաբանական բաժնում։ «1985 թվականին պաշտպանեցի թեկնածուական ատենախոսությունս՝ «Դեղաբանություն» մասնագիտութամբ։ Այնուհետև աշխատում էի գիտական թեզի վրա, որի անմիջական ղեկավարն ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանն էր։ Նրա տնօրինությամբ մասնագիտական պրակտիկա անցա Դեղերի փորձագիտական կենտրոնում՝ մինչև 2011 թվականը։ Դրանից հետ սկսեցի զբաղվել պրակտիկ գործունեությամբ՝ ստանձնելով «Էսկուլապ» դեղագործական ընկերության տնօրենի պաշտոնը», – պատմում է մասնագետը։
Դեղագիտությունը, նրա խոսքով, շատ կարևոր մասնագիտություն է։ «Դեղագետը բժիշկ-հիվանդ համագործակցության կարևոր օղակներից մեկն է։ Սա այն մասնագիտությունն է, որն ուղղակի կապ է ապահովում բժշկական ոլորտի հետ։ Դեղագետի մասնագիտությունն ուսադիր է, որը պահանջում է իմանալ դեղերի հետ կապված բոլոր չափանիշները, պետք է բարձր պահել այդ ուսադիրը», – ընդգծում է Գագիկ Գրիգորյանը։
Ապագա դեղագետներին նա խորհուրդ է տալիս մշտապես ձգտել ավելիին, լինել նվիրված, ամեն օր կարդալ։ «Դեղագիտությունը զարգացող ոլորտ է․ մենք մշտապես գործ ունենք նոր դեղերի համալրման հետ։ Եվ եթե դեղագետը սիրում է իր մասնագիտությունը, նա պետք է կարողանա ամենօրյա տեղեկատվություն ունենալ», – հավելում է Գագիկ Գրիգորյանը։
Լինելով Դեղագիտական ֆակուլտետի շրջանավարտ՝ աշխատում է իր և իր ընկերության գործունեության միջոցով բարձր պահել հարազատ ֆակուլտետի հեղինակությունը։