Բժշկական համալսարանի՝ կեսդարյա պատմություն ունեցող Դեղագիտական ֆակուլտետում կրթություն է ստացել ավելի քան 2000 տեղացի և շուրջ 300 արտասահմանցի շրջանավարտ:
Ֆակուլտետի հոբելյանական տարում շարունակում ենք համալսարանական լսարանին ներկայացնել այն շրջանավարտներին, որոնք դեղագիտության ոլորտում հասել են հաջողությունների` բարձր պահելով համալսարանի համբավը:
Վաչագան Ղազարյանը ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետն ավարտել է 1979 թվականին: «ԱՐՓԻՄԵԴ» դեղագործական ըկերության հիմնադիրն ու տնօրենը մանկուց բժշկության և դեղագիտության բնագավառների նկատմամբ մեծ հետաքրքրություն ուներ:
«Ինձ միշտ հետաքրքրել և հետաքրքրում է պացիենտներին օգտակար լինելու միտումը։ Կարծում եմ, որ Հայաստանում կարելի է դեղագործությունը և քիմիան զարգացնել, եթե հիմքեր ստեղծվեն։ Երազում եմ, որ մեր երկրում դեղարտադրությունն այնքան զարգանա, որ սեփական պահանջների 40-50 տոկոսն արտադրվի հենց մեր հանրապետությունում», – ասում է Վաչագան Ղազարյանը:
Բոլոր ոլորտներում, նրա խոսքով, առանցքային է ոչ միայն լավ մարդ, այլև լավ մասնագետ լինելու պահանջը:
«Արժևորում եմ, երբ մարդ սիրում է իր հայրենիքը և պատրաստ է իրեն բաժին հասած դժվարությունները հաղթահարել՝ ուրախանալով հաջողություններով: Իմ հաջողության բանաձևը համբերությունը, նպատակասլացությունը և քրիստոնեական սկզբունքներով առաջնորդվելն է», – ընդգծում է Դեղագիտական ֆակուլտետի շրջանավարտը:
Ապագա դեղագետներին նրա խորհուրդն է սովորել, սովորել և սովորել:
«Երկիրը մեկն է, և այն ավելի լավը դարձնելը բոլորիս պարտքն է», – շեշտում է մասնագետը, որը նույնպես մասնակցություն ունեցավ «Դեղերի ստեղծման առաջընթացը՝ նախագծումից մինչև սպառում» ԵՊԲՀ-ում անցկացված միջազգային գիտաժողովին` նվիրված ֆակուլտետի 50-ամյա հոբելյանին: Գիտաժողովը բուհական հարկի տակ էր համախմբել տարբեր տարիների շրջանավարտներին, սովորողներին և դասախոսներին: