«Դեղագետի հաջողության բանաձևը». Շահե Քասիս

«Դեղագետի հաջողության բանաձևը». Շահե Քասիս

Դեղագիտական ֆակուլտետի տարբեր տարիների շրջանավարտներն իրենց օրինակով սովորողներին ներկայացնում են ոլորտում հաջողելու իրենց բանաձևը, որը պահանջում է աշխատասիրություն և նվիրում: Շահե Քասիսը ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետն ավարտել է 1992 թվականին։ 

 «Դեղագիտության նկատմամբ սերը եկել է դեռ մանկուց, սկսած 8-րդ դասարանից յուրաքանչյուր ամառ աշխատել եմ դեղատանը»,- պատմում է Շահե Քասիսը, որը 2005 թվականին հիմնադրել է «Մեդիկալ Հորիզոն» դեղագործական արտադրությունը և որի տնօրենն է: Յուրաքանչյուր դեղագետ գիտի, որ դեղերի անվտանգությունը և արդյունավետությունը կարևոր գործոն են, այս մասին թե՛ լսարաններում, թե՛ դեղարտադրողական ընկերություններում պրակտիկայի ընթացքում շատ է խոսվում: 

Իր ղեկավարմամբ` ընկերությունը կիրառում է բոլոր անհրաժեշտ տեխնոլոգիաներն ու ընթացակարգերը արտադրվող դեղամիջոցների առավել արդյունավետությունն ապահովելու համար: 

Ապագա մասնագետներին դեղագետը կարևոր խորհուրդ ունի. «Հետևել ժամանակակից տեխնոլոգիաներին, նոր տենդենցներին, չկրկնվել, չընկճվել, չհուսահատվել, զինվել համբերությամբ և կրկին չկրկնվել»: 

Հարազատ ֆակուլտետին էլ մաղթում է մեծ թվով ուսանողներ, նոր սարքավորումների և ծրագրերի ձեռքբերում, ինչպես նաև կցանկանար, որ ԵՊԲՀ-ն ընդլայնի և կատարելագործի ժամանակակից դասավանդման մեթոդները: 

Նշենք, որ  «Դեղագետի հաջողության բանաձևը» ակնարկաշարն իրականացվեց ֆակուլտետի կեսդարյա հոբելյանի առթիվ` նպատակ ունենալով լսարանին ներկայացնել ԵՊԲՀ դեղագիտության ոլորտի անվանի շրջանավարտներին և նրանց անցած ուղին: