Ռազմաբժշկական ֆակուլտետում օրը խորհրդանշական էր։ Պրոֆեսորադասախոսական կազմի, համալսարականների ներկայությամբ անցկացվեց կուրսանտների (որոնցից երկուսը Ղազախստանից էին) դիպլոմների և կրծքանշանների հանձման հանդիսավոր արարողությունը։
Դիմելով ներկաներին՝ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանը ընդգծեց, որ նրանք կատարել են քրտնաջան աշխատանք։
«Ոչ բոլորն են կարողացել հաղթահարել այդ դժվարությունները։ Ձեզ սպասվում է դրա շարունակությունը՝ մասնագիտությունն ընտրելիս։ Կարծում եմ՝ այն, ինչ գրված է ֆակուլտետի պատին՝ «Պատրաստված հրամանատար, արհեստավարժ բանակ, ապահով հայրենիք», կկարողանաք ապահովել և դրա մի մասը լինել»,- ուրախությամբ ընդգծեց պրոռեկտորը՝ հանձնելով դիպլոմները։
ՌԲՖ առաջին օտարերկրացի ուսանողները, իսկ այսօր արդեն շրջանավարտները, Ղազախստանի Հանրապետությունից են, որոնց խոսքն ուղղելով հանդես եկավ Ռազմաբժշկական ֆակուլտետի պետ, բուժծառայության գնդապետ Վարդան Ծատուրյանը։
«Սրտանց շնորհավորում եմ ձեզ։ Վեց տարին արագ անցավ, կարծես երեկ էր, երբ դուք այստեղ էիք որպես կուրսանտ, իսկ այսօր արդեն շրջանավարտ եք։ Մեր դասախոսական կազմը ձեզ շատ սիրել է, դուք ձեզ դրսևորել եք շատ լավ, առաջադիմությունը նույնպես բարձր մակարդակի վրա էր, և մենք հպարտ ենք ձեզնով»։
Նրա գնահատմամբ՝ ԵՊԲՀ-ում ստացած գիտելիքը հնարավորություն կտա Ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտներին պատրաստ լինել ամեն ինչի՝ ծառայությանը զինված ուժերում։ Նա մաղթեց առաջին հերթին խաղաղ ծառայություն։
«Որպես մասնագետ եղեք բարձունքում։ Դուք մեր առաջին արտասահմանցի կուրսանտներն եք»,- հավելեց Վարդան Ծատուրյանը։
Ռազմաբժշկական կրթագիտական կենտրոնի տնօրեն Սամվել Գալստյանը նկատեց, որ շրջանավարտներն առաջինն են, որ ավարտում են բժշկական համալսարանն արդեն միջազգային կարգավիճակում։
«Դա բոլորիս համար մեծ ձեռքբերում է, և այս միջոցառումը ձեզ համար ցուցանիշ է՝ ինչ եք դուք ստացել այս տարիների ընթացքում և ինչին պետք է ձգտեք։ Դա միջազգային կարգավիճակ է»,- ասաց Գալստյանը։
Ուսումնամեթոդական վարչության պետ Մարինե Հայրապետյանը՝ շնորհավորելով ավարտողներին, նշեց․
«Բժիշկ եք արդեն, արհեստավարժ բանակի բժիշկներ։ Բարի երթ եմ ցանկանում։ Արժանապատվորեն պահեք այն, ինչ ձեռք եք բերել համալսարանում։ Մեծ ձեռքբերումներ, հաջողված աշխատանք, նորանոր գիտելիք ու հմտություններ եմ մաղթում»։
Համազորային պատրաստության ցիկլի պետ Գալուստ Թումասյանը, միանալով կոլեգաների մաղթանքներին, շեշտադրեց այստեղ ստացած ակադեմիականությունը կրելու և այն պահպանելու, ինչպես նաև ռազմագիտության և բժշկագիտության բնագավառներում լավագույնս դրսևորվելու կարևորությունը։
Նշենք, որ ռազմաուսումնական հաստատություն ավարտող անձանց դիպլոմի հետ նաև կրծքանշան է տրվում, որը ամբողջ ծառայության ընթացքում նրանք կրում են համազգեստի վրա։
Բժշկական սիմվոլիկայի կրծքանշանը ցույց է տալիս, որ նա ավարտել է տվյալ ռազմական բուհը՝ այս դեպքում ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը։
Թեպետ ռազմաբժշկական ոլորտի ներկայացուցիչները, որպես կանոն, էմոցիոնալ չեն, սակայն օրը լի էր դրական տպավորություններով և հուզմունքով, որովհետև համատեղ ջանքերով հաղթահարվել է ուսումնառության վեց տարին՝ լեցուն քննաշրջաններով, վարժանքներով, ապրումներով։