Բժշկական թանգարանն այսօր առաջին անգամ դռները բացեց դպրոցականների առաջ: Հայաստանի բժշկության պատմությունը ներկայացնող թանգարան այցելեցին Երևանի Ա․ Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները` դասղեկի ուղեկցությամբ:
Թանգարանի ղեկավար Նարինե Ղազարյանը աշակերտներին ներկայացրեց կառույցի ստեղծման պատմությունը:
Դպրոցականները, շրջելով ցուցասրահներում, ըստ ժամանակաշրջանների ծանոթացան բժշկագիտության հիմնադրմանը մեր երկրում, կայացմանը և զարգացմանը, ինչպես նաև անվանի բժիշկ-գիտնականների, երախտավորների կյանքին ու գործունեության ուշագրավ մանրամասներին:
Ա․ Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները տպավորված էին էքսկուրսով, որը նաև հետագայում մասնագիտության ընտրության հարցում կարող է կողմնորոշիչ դեր ունենալ: Նշենք, որ դպրոցականների, բժշկության պատմությամբ հետաքրքրվողների համար այցերը բժշկական բուհի թանգարան շարունակակական կլինեն:
Հայաստանի բժշկության պատմության թանգարանը ստեղծվել է երեք տասնամյակ առաջ, իսկ այժմ լիովին վերանորոգվել և արդիականացվել է՝ տեղակայվելով ԵՊԲՀ կենտրոնական մասնաշենքում: