Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Դժվարություններն ու հիասթափությունները հաջողությունների նախաբանն են. անվանական կրթաթոշակառու

Դժվարություններն ու հիասթափությունները հաջողությունների նախաբանն են. անվանական կրթաթոշակառու

«Դժվարություններն ու հիասթափությունները բժշկական բուհում հաջողությունների նախաբանն են, այստեղ շատ են հնարավորությունները, գիտելիքով զինվելու ուղիները». այս համոզմանն է Դեղագիտական ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող, «Էմիլ Գաբրիելյանի անվան» անվանական կրթաթոշակառու Կիմա Պետրոսյանը: 

«Արդեն 5-րդ տարին է, ինչ սիրելի բուհում եմ։ Ժպիտով հիշում եմ իմ ապրած օրերն այստեղ ու ժպիտով էլ շարունակում եմ իմ ուղին, քանի որ իմ «Ալմա Մատերում» դեռ անելիք շատ ունեմ:  Բժշկական ինձ պարգևեց մարդկանց օգնելու, իրականացրեց նրանց տառապանքը մեղմել կարողանալու իմ մեծ ցանկությունը, իսկ այդ ցանկության իրագործումը ես տեսա դեղագիտության ոլորտում։ Այստեղ հաջողության հասնել՝ կնշանակի օգնել ոչ միայն անհատին, այլև ողջ առողջապահությանը։

Վստահ եմ՝ չեմ սխալվել իմ մասնագիտական ընտրության հարցում և դրանում համոզվելու առիթներ դեռ շատ են լինելու»,-ընդգծում է Կիմա Պետրոսյանը՝ հավելելով, որ բժշկականում սովորելը, ինչպես նաև անվանական կրթաթոշակառու լինելն իր երազանքն է եղել, միշտ հիացմունքով է լցված եղել նախորդ տարիների կրթաթոշակառուների հանդեպ:

Հերացիականը հետաքրքրված է կլինիկական դեղագիտությամբ ու թունագիտությամբ, և ցանկանում է հենց այս ոլորտներում մասնագիտանալ։

«Առողջապահության ոլորտի ցանկացած մասնագետ պետք է ունենա հստակ գիտակցում. նա գործ ունի մարդկանց առողջության և որ գլխավորն է կյանքերի հետ, ուստի նա պետք է ունենա պատասխանատվության բարձր զգացում իր հոգածության ներքո գտնվող հիվանդների հանդեպ։  Հաջողության ուղին հեշտ չի լինում, բժշկական համալսարանում սովորելն այն էլ գերազանցությամբ սկզբից մինչև վերջ, իհարկե, բարդ է, բայց անընդհատ առաջ շարժվելու ու լավ մասնագետ դառնալու նպատակը հաղթահարում է ամեն դժվարություն»,- անկեղծանում է ԵՊԲՀ սովորողը։

Կիմա Պետրոսյանը նախորդ տարի ևս անվանական կրթաթոշակի է արժանացել, եղել է «Հակոբ Հովհաննիսյանի անվան» կրթաթոշակառու. «Այս տարի մեր ֆակուլտետի հիմնադրման գործում մեծ ավանդ ունեցող ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան կրթաթոշակի եմ արժանանում, դա մեծագույն պատիվ է։ Դա իմ ծանր, բայց և համբերատար աշխատանքի արդյունքն է»: 

Անվանական կրթաթոշակառուի համար դեղագիտության ոլորտն հարազատ է եղել դեռևս մանկուց, չնայած ընտանիքում բժիշկ-մասնագետներ չեն եղել:

«Հումանիտար գիտություններով ևս հետաքրքրված եմ եղել, այնուամենայնիվ ինձ միշտ բժշկականում եմ պատկերացնել, սպիտակ խալաթով, ինչ-որ կարևոր փաստաթղթեր ձեռքիս»,-ամփոփում է ապագա դեղագետը: