Հանրային առողջության ֆակուլտետի կողմից հաջողությամբ շարունակվում են առողջապահական իրավունքին և իրավական մի շարք այլ թեմաներին վերաբերող հավաստագրային դասընթացները՝ տարբեր թիրախային լսարանների համար, որոնք նպատակաուղղված են բարձրացնելու մասնակիցների իրազեկվածությունն ու գիտելիքը արդի, հաճախ քննարկվող մասնագիտական հարցերի շուրջ։
Ի.գ.թ., Առողջապահական իրավունքի հայկական ասոցիացիայի նախագահ Սուրեն Քրմոյանը ֆակուլտետի կողմից ողջ ուսումնական տարվա ընթացքում անցկացվող այս կրթական նախաձեռնությունների դասընթացավարներից է։
««Առողջապահության ոլորտում իրավական կառավարումը» դասընթացն ավելի հիմնավոր և երկարատև է․ այն տևում է մեկ ամիս՝ շաբաթական երկու օր։ Դասընթացը նախատեսված է առողջապահության ոլորտի կառավարիչների, բժիշկների և դեղագետների, ինչպես նաև բժշկական հաստատությունների այն ադմինիստրատիվ և իրավական մասնագետների համար, որոնք ամենօրյա ռեժիմով բախվում են կամ կարող են բախվել իրավական խնդիրների։ «Բժշկական գաղտնիք և անձնական տվյալների պաշտպանություն» թեմայով հեռավար հավաստագրային դասընթացը յուրահատուկ և նոր է բուժհաստատությունների համար նախատեսված դասընթացների շարքում։ Այս դասընթացի շրջանակում քննարկում ենք, թե ի՞նչ պարտավորություններ ունեն բուժհաստատությունն ու բուժաշխատողը պացիենտի անձնական տվյալներն ու բժշկական գաղտնիքը ապահովելու գործում, ի՞նչ կառուցակարգեր և մեխանիզմներ պետք է ներդնի բուժհաստատությունը՝ այս ոլորտում մարդու իրավունքները երաշխավորելու և պատասխանատվությունից խուսափելու համար։ Առաջին անգամ երկու դասընթացն էլ կազմակերպեցինք հեռավար ձևաչափով՝ ունենալով որոշ մտավախություն հեռահար ֆորմատի արդյունավետության վերաբերյալ։ Այդուհանդերձ պետք է արձանագրենք, որ դասընթացները ոչ միայն ապահովեցին մասնակիցների մասնակցությունը նախատեսված ամբողջ ժամանակահատվածում, այլ նաև ֆիքսվեց նրանց ակտիվ ներգրավվածությունը գործնական հարցերի քննարկման և հարցադրումների ներկայացման առումով։ Դասընթացների մասնակիցների կարծիքով՝ դասընթացների ընթացքն ու բովանդակությունը շատ հետաքրքիր էին, իսկ արդյունքները՝ գոհացուցիչ և գործնական կիրառման առումով՝ օգտակար»,– մանրամասնում է Սուրեն Քրմոյանը։
Սահմանված նպատակներին անդրադառնալով՝ նա շեշտում է, որ դասընթացների նպատակն էր առողջապահական իրավունքի ոլորտում փոխանցել տեսական և գործնական գիտելիքներ, որոնք կօգնեն առողջապահության ոլորտում գործունեություն ծավալող մասնագետներին, բժիշկներին և կառավարիչներին աշխատանքի ընթացքում ցուցաբերել պատշաճ իրավական վարքագիծ, ապահովել մարդու իրավունքները և խուսափել իրավական պատասխանատվությունից։
«Դասընթացների համար սահմանված նպատակներն արդարացան, քանի որ ունկնդիրները ոչ միայն ստացան անհրաժեշտ իրավական գիտելիքներ, այլ նաև հնարավորություն ունեցան քննարկելու իրենց գործունեության ընթացքում ծագող իրավական խնդիրներն ու դրանց լուծումները»,– նշում է առողջապահական իրավունքի մասնագետը։
Նրա գնահատմամբ՝ առողջապահության բնագավառում այլ կառույցների և կազմակերպությունների կողմից մշակվող ու առաջարկվող դասընթացների կողքին ինքն ու համալսարանական թիմն ունեն հետևյալ մրցակցային առավելությունները․
Նշենք, որ առաջիկայում Հանրային առողջության ֆակուլտետը կանցկացնի «Առողջապահության ոլորտում իրավական կառավարումը» թեմայով մեկամսյա վերապատրաստման երկու դասընթաց՝ գարնանն ու աշնանը։
Բացի դրանից՝ նախատեսվում են կարճատև վերապատրաստման դասընթացներ հետևյալ թեմաներով․
Դրանց մասին տեղեկատվությունը հաջորդաբար կհրապարակվի ԵՊԲՀ կայքում և սոցիալական հարթակներում։