Երևանում անցկացվեց Եվրոպական Միության COST-Action CA22127 «Ներառական և մշակութային առումով համապատասխան hամատեղ մշակված գնահատման գործիք՝ պալիատիվ խնամքի կրթության համար» ծրագրի աշխատանքային խմբի հանդիպումը, որի ընթացքում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը ներկայացնում էին Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի վարիչ Արտաշես Թադևոսյանը և Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի դասախոս Աշոտ Գյուլբուդաղյանը։
Ողջունելով երկօրյա հանդիպման մասնակիցներին՝ Արտաշես Թադևոսյանը նշեց, որ բժշկական համալսարանի համար մեծ պատիվ է նպաստել մասնագետների այդպիսի մեծ ցանցի կառուցմանը։ Նա կարևորեց ծրագրին մեր երկրի մասնակցությունը հատկապես ընդգրկման երկրների մասշտաբի առումով՝ շուրջ 28 երկիր, ընդ որում՝ ոչ միայն եվրոպական․ մասնակիցներ կան նաև Արգենտինայից, Հնդկաստանից և Վենեսուելայից:
Զալցբուրգի Պարացելսիուսի բժշկական համալսարանի համակարգմամբ կյանքի կոչվող ծրագրի մեկնարկը տրվել է 2023 թվականի սեպտեմբերին, այն կտևի 4 տարի՝ ավարտվելով 2027 թվականի սեպտեմբերին։
Ծրագրի ղեկավար, պալիատիվ խնամքի էստոնացի պրոֆեսոր Պիրետ Պաալի խոսքով՝ մեծ պատիվ է ղեկավարել նման նախագիծ, քանի որ այն իսկապես ունի գլոբալ տարածում. «Մենք կապում ենք մարդկանց, օգնում ենք նրանց ստեղծել կապեր, որպեսզի նրանք կարողանան խոսել նույնանման ձգտումներ ունեցող մարդկանց հետ: Միասին մենք ավելի ուժեղ ենք․ սա է մեր կարգախոսը», – ընդգծեց պրոֆեսորը։ Ըստ նրա՝ ծրագրի նպատակն է ձևավորել պալիատիվ խնամքի կրթության որակի չափանիշներ, որոնք կօգնեն տարածաշրջաններին և երկրներին, ինչպես նաև գլոբալ որոշումներ կայացնողներին համապատասխան քայլեր ձեռնարկելու հարցում։ «Խոսքը ոչ միայն պալիատիվ խնամքի մասնագետների մասին է, այլև առողջապահական ոլորտի բոլոր մասնագետների: Մենք իսկապես կարծում ենք, որ կրթությունը շատ կարևոր է։ Ավելի քան 40 տարի է մենք աջակցություն ենք ստանում ԱՀԿ-ից․ նրանք ասում են, որ կրթության բացակայությունը ժամանակին պալիատիվ խնամք չստանալու պատճառներից է», – հավելեց Պիրետ Պաալը:
Հետազոտական աշխատանքային խմբի ղեկավար, իսրայելցի պրոֆեսոր Ջիլ Գոլցվեյգի փոխանցմամբ՝ հանդիպումը նպատակ ունի հստակեցնել պալիատիվ խնամքի կրթության որակի ցուցանիշները:
Անդրադառնալով Հայաստանի և բժշկական համալսարանի հետ համագործակցությանը՝ նա նշեց․ «Մեկ տարի առաջ մենք սկիզբ դրեցինք համագործակցությանը, որը շատ սերտ է: Հայաստանը մասնակցում է մեր աշխատանքային խմբերից յուրաքանչյուրի հանդիպումներին՝ տեղեկատվության փոխանակմանը, պալիատիվ խնամքի մասին քննարկումներին՝ բազմազանության, բազմամշակութային հեռանկարների առումով: Մենք կիսում ենք տեսակետները, կիսում ենք գաղափարները։ Հուսով եմ, որ մենք կկիրականացնենք նաև որոշ համատեղ հետազոտություններ՝ պալիատիվ խնամքի կրթության ոլորտի համաեվրոպական հարցման տեսքով»:
Աշխատանքային հանդիպումը կշարունակվի վաղը՝ հունիսի 28-ին, որտեղ կնախանշվեն հետագա անելիքները և կպլանավորվեն անհրաժեշտ միջոցառումները։