Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի այցելու պրոֆեսոր, Բեյրութի Saint Joseph համալսարանի պատվավոր պրոֆեսոր Ժորժ Թավիլն առանձնահատուկ կապեր ունի Լիբանանի հայկական համայնքի հետ և հիացմունքով է խոսում հայ ժողովրդի մասին։
37 տարի դասավանդել է Saint Joseph համալսարանում: 1977 թվականին հիմնել է Պարոդոնտոլոգիայի ամբիոնը և սկսել դասավանդել այնտեղ, մշակել ասպիրանտուրայի ծրագիր։
73-ամյա ատամնաբույժը պարտավորվածություն է զգում՝ կիսվելու երիտասարդ սերնդի հետ փորձով և գիտելիքներով։
Պրոֆեսորը դասախոսություններ է կարդում աշխարհի տարբեր երկրներում։
Ժորժ Թավիլի հետ խոսել ենք ստոմատոլոգի մասնագիտությունն ընտրելու, այդ մասնագիտության առավելությունների և մարտահրավերների, հայ մասնագետների հետ համագործակցության, ինչպես նաև չիրականացած երազանքի մասին։
– Ինչու՞ որոշեցիք ստոմատոլոգ դառնալ։
– Ինձ միշտ շատ հետաքրքրում էին գիտությունը և կենսաբանությունը։ Հայրս ատամնաբույժ էր։ Չեմ կարող ասել, որ նա չի ազդել իմ որոշման վրա։ Մի օր անպայման պետք է բժիշկ դառնայի, գուցե, ոչ ատամնաբույժ, բայց, հավանաբար, բժիշկ։ Ես ծնվել եմ բժշկության աշխարհում լինելու համար: Վերջնական որոշումն, այնուամենայնիվ, իմ անձնականն էր: Պետք է ընտրել այնպիսի մասնագիտություն, որը թույլ կտա իսկապես վայելել օրվա յուրաքանչյուր պահը։ Եթե աշխատանքի ես գնում առանց ոգևորվածության, ապա դա դառնում է աղետ:
– Որո՞նք են Ձեր մասնագիտության առավելությունները:
– Կյանքում ամենակարևորն իսկապես սիրելի և հետաքրքրող գործով զբաղվելն է: Եվ դա պետք է անել ամեն օր նույն եռանդով։ Եթե դու երջանիկ ես, ուրեմն կարող ես ուրախացնել շրջապատիդ մարդկանց։ Երբ դու վիրահատում ես, իրոք, հիանալի բան ես անում, դա անգնահատելի է: Իհարկե, հաճելի է նաև, երբ դու որպես բժիշկ հայտնի ես դառնում այն հասարակության շրջանում, որտեղ ապրում ես։
– Կարո՞ղ եք առանձնացնել մարտահրավերները։
– Ես պրակտիկ մասնագետ չեմ, որն ամեն օր գնում է կլինիկա: Ես ուսուցիչ եմ, կյանքիս կեսը սովորեցրել եմ։ Այսպիսով, մարտահրավերներ կան ինչպես ուսուցման գործընթացում, այնպես էլ պրակտիկայում:
Կրթության մեթոդներն ու հնարավորություններն այսօր այնքան են փոխվել՝ ի տարբերություն 30 տարի առաջվա իրականության: Այժմ կրթության մարտահրավերը նորարարությունն է, որը փոխել է ուսուցման ձևաչափը։ Այսօր ռոբոտը կարող է իմպլանտ տեղադրել մարդու բերանում։ Կպատկերացնեի՞ք նման բան 20 տարի առաջ։ Չեմ կարծում, որ դա լավ է, քանի որ ռոբոտները չեն զարգացնում մարդու հմտությունները: Նրանք փոխարինում են մարդու հմտություններին, բայց չեն կարող փոխարինել մարդուն։
Պրակտիկ բժշկությամբ զբաղվողների համար խնդիրն ամեն օր գիտելիքի հետ համընթաց քայլելն է: Բայց, մյուս կողմից, պետք է բավական խելացի լինել՝ այդ ամբողջ տեղեկատվությունը ճիշտ կառավարելու համար: Աշխարհը փոխվում է, և պետք է կարողանանք լինել այդ փոփոխությունների ու նորարարությունների բաղկացուցիչ մասը։
– Ինչպիսի՞ն էր Ձեր անցած մասնագիտական ուղին։
– 1972 թվականին ավարտել եմ Լիբանանի ատամնաբուժության դպրոցը (School of Dental Medicine): Դրանից հետո, քանի որ որոշեցի մասնագիտանալ կրթության ոլորտում, կարիք ունեի հատուկ վերապատրաստում անցնելու: Լիբանանում այն ժամանակ առաջիններից էի, որ մասնագիտացա այս ոլորտում: Մինչ այդ դոկտորական կրթություն էի ստացել Ֆրանսիայում, հետո մեկնեցի ԱՄՆ և այնտեղ անցկացրի երկուսուկես տարի։ Դա մեծապես նպաստեց իմ մասնագիտական կայացմանը։ 1977 թվականին վերադարձա Լիբանան և 40 տարի աշխատեցի իմ հայրենիքում։ Հետո տղաս հետևեց իմ օրինակին՝ նույնպես մասնագիտանալով ատամնաբուժության ոլորտում։ Վերջին 11 տարվա ընթացքում միասին էինք աշխատում: Հայրս ևս ատամնաբույժ էր։ Լիբանանում «Թավիլ» ազգանունն արդեն ավելի քան 80 տարի «բրենդ» է ատամնաբուժության ոլորտում։
– Ի՞նչ կասեք հայ մասնագետների հետ համագործակցության մասին։
– ԵՊԲՀ հանրային առողջապահության ֆակուլտետի «Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի գործընկեր, համանախաձեռնող Րաֆֆի Սեմերջյանն իմ պացիենտն է։ Լիբանանահայ բժիշկ Սեպուհ Հովնանյանն իմ շատ լավ ընկերն էր համալսարանի տարիներից։ Նա ֆանտաստիկ մարդ էր, որի հետ համագործակցում էինք գրեթե 40 տարի։ Սա հայ-լիբանանյան համագործակցության լավ օրինակ է:
Կյանքիս կեսն անցկացրել եմ դասավանդելով, ուստի կարող եմ դասավանդել նաև Հայաստանում, մասնավորապես՝ կիսվել իմ գիտելիքներով և փորձով ԵՊԲՀ ուսանողների հետ։
– Մի փոքր պատմե՛ք Ձեր ընտանիքի մասին։
– Կինս ճարտարապետ է, աշխատում էր Լիբանանում մի շատ հայտնի ամսագրում: Ես ու տղաս բժշկական ոլորտում ենք, կինս ու աղջիկներս՝ արվեստի։ Մեծ աղջիկս մոդելավորող է, կրտսեր աղջիկս՝ ճարտարապետ, բայց այժմ աշխատում է որպես միջոցառումների պլանավորող։
– Ունե՞ք երազանքներ, որոնք դեռ չեն իրականացել:
– Մասնագիտական առումով միակ բանը, որ ես այդքան կուզենայի անել, փորձարարական հետազոտություններ կատարելն էր: Ինչո՞ւ չեմ իրագործել այդ երազանքս։ Որովհետև մենք չունեինք այդ հնարավորությունները Լիբանանում, չունեինք ֆինանսներ և չունեինք համապատասխան շահագրգռվածությամբ թիմ: Սա իմ կյանքի մեծ բացթողումն է:
– Պրոֆեսոր, ինչպե՞ս եք հանգստանում: Ունե՞ք հոբբի։
– Խելագարվում եմ սպորտի համար: Ես այսօր 73 տարեկան եմ, թենիս եմ խաղում շաբաթը երկու անգամ, ամռանը՝ երեք անգամ։ Զբաղվում եմ նաև դահուկային սպորտով: Չեմ ծխում, չեմ խմում, կարողանում եմ պահպանել ֆիզիկական կարողություններս:
– Ի՞նչ խորհուրդ կտաք ապագա ստոմատոլոգներին:
– Կյանքում ամենակարևոր բաներից մեկը նորարարություններից ետ չմնալն ու գիտելիքները կատարելագործելն է։ Հարկավոր է շատ ժամանակ տրամադրել ընթերցանությանը:
Մեր գործունեության դժվար մասերից մեկը պացիենտի հետ շփումն է: Հիվանդը կախված է ձեզնից, հիվանդը գալիս է ձեզ մոտ, քանի որ ցավեր ունի: Այսպիսով, դուք պետք է հոգեբանորեն պատրաստ լինեք՝ կարգավորելու ամեն ինչ: Դա հեշտ չէ, քանի որ դուք նույնպես ունեք ձեր սեփական խնդիրները: Պետք է կարողանաք լսել հիվանդին և կրել նրա բացասական զգացողությունները, անհանգստությունը: Դա շատ դժվար է և երբեմն հիասթափեցնող: Բայց եթե դուք կարողանաք ձեր հիվանդին երջանկացնել, դա ձեզ համար հավելյալ արժեք կլինի:
Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան