Տեղի ունեցավ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ` Միքայել Ադամյանի նախագահությամբ։
ԵՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը ներկայացրեց Էնդոկրինոլոգիայի և մետաբոլիկ դիսֆունկցիաների ամբիոնի ստեղծման վերաբերյալ հարցը՝ հիմնավորելով դրա կարևորությունը հետբուհական կրթության զարգացման տեսանկյունից։
Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանը հայտնեց, որ մայիսի 21-ին տեղի է ունեցել Վրաստանի ՈԱԱԿ-ի՝ Կրթության որակի զարգացման ազգային կենտրոնի (NCEQE) հանձնաժողովի նիստը, որտեղ հաստատվել են Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագրի միջազգային հավատարմագրման մոնիթորինգի արդյունքները, ըստ որոնց՝ ծրագրի հավատարմագրումը երկարաձգվել է մինչև 2031 թվականը։
Ստոմատոլոգիական, Դեղագիտական, ինչպես նաև Հանրային առողջության ֆակուլտետները ևս միջազգային ծրագրային հավատարմագրում անցնելու ճանապարհին են։ Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը հանձնվել են հավատարմագրում իրականացնող միջազգային կառույցին։
Հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Ադամյանը, շնորհակալություն հայտնելով այս ուղղությամբ կատարված աշխատանքի համար, վստահություն հայտնեց, որ առաջիկայում այս կրթական ծրագրերը ևս հաջողությամբ միջազգային հավատարմագրում կանցնեն։
Օրակարգի երրորդ հարցի համաձայն՝ հիմք ընդունելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի (ՀՕ-198-Ն) ուժի մեջ մտնելու հանգամանքը, անհրաժեշտություն է առաջացել համալսարանի կանոնադրությամբ և Հոգաբարձուների խորհրդի աշխատակարգով սահմանված ընթացակարգին համապատասխան մեկնարկել ԵՊԲՀ ռեկտորի ընտրության գործընթացը։
Այսպիսով, Հոգաբարձուների խորհուրդը հայտարարեց բաց մրցութային ընտրություն ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնի համար։
Մրցութային ընտրության բոլոր մանրամասներն ու ընթացակարգերը մայիսի 27-ին հրապարակվել են ԵՊԲՀ պաշտոնական կայքում և տպագիր մամուլում։