Ինքնազգացողության վատացում, ճնշման տատանում, վնասվածքներ, այս և շատ այլ հարցերի դեպքում համալսարանի բուժկետ դիմող թե՛ ուսանողների, թե՛ աշխատակիցների թիվը շատ է:
ԵՊԲՀ վարչական մասնաշենքի «Թոմաս Ջեֆերսոն» ուլտրաձայնային ուսումնական կենտրոնում (մուտքը` բակի կողմից) է այժմ տեղակայված բուժկետը, որտեղ կարիքն ունեցող բոլոր համալսարանականներին տրամադրվում է առաջին բուժօգնություն:
Բժիշկ Ռուզաննա Սահակյանը և բուժքույր Ռիտա Ոսկանյանն ամենօրյա ծանրաբեռնված աշխատանքում չեն զլանում յուրաքանչյուր ուսանողի վերաբերել ծնողի պես:
«Կարևորում ենք ուշադրությունը ուսանողի նկատմամբ, որպես ծնող ենք մոտենում, չէ՞ որ մեզ դիմողների մեծ մասն ապագա բժիշկներ են»,- ընդգծում է Ռուզաննա Սահակյանը, որն այս ստորաբաժանումը ղեկավարում է արդեն երկու տարի:
Ուսումնական ամեն տարվա սկզբին համալսարանի ուսանողներն այստեղ բուժզննում են անցնում, որի հիման վրա որոշվում են ֆիզիկական դաստիարակության խմբերը (հիմնական, նախապատրաստական, հատուկ, բուժական):
«Մեր հիմնական գործառույթը բուժպրոֆիլակտիկ աշխատանքն է, որն իրականացնում ենք առաջին բուժօգնության կարիք ունեցողներին սպասարկելուն զուգահեռ»,- նշում է տիկին Ռուզաննան:
Ուսումնական տարվա սկզբին լինում են դեպքեր, երբ օրական մինչև 100 ուսանող է բուժզննվում, սովորական օրերին միջինում բուժկետ դիմում է 30-ից մինչև 40 և ավելի մարդ:
Աշխատանքը պատասխանատու է, լարված, բայց բուժաշխատողներին իրենց գործում օգնում է լավատեսությունը և դիմացինին օգնելու մեծ ցանկությունը:
Նշենք, որ ԵՊԲՀ-ի բուժկետը հիմնադրվել է 1930 թվականին: Այն գործում է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի կազմում, ապահովված է անհրաժեշտ դեղերով և բժշկական սարքերով:
Աշխատանքների մասին ամենօրյա ռեժիմով զեկուցվում է Կլինիկական աշխատանքների գծով պռորեկտորի օգնական, պրոֆեսոր Մարինե Հայրյանցին, որը համակարգում է բուժկետի գործունեությունը: