Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ դոցենտը ներկայացրել է Հայաստանը միջազգային համաժողովում

ԵՊԲՀ դոցենտը ներկայացրել է Հայաստանը միջազգային համաժողովում

Մարտի սկզբին Ինդոնեզիայի Բալի կղզում է անցկացվել Խաղաղօվկիանոսյան և երվրասիական լյարդաբանների (APASL) 29-րդ տարեկան համաժողովը, որին Հայաստանը և Երևանի պետական բժշկական բժշկական համալսարանն են ներկայացրել ԵՊԲՀ թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի դոցենտ Վահե Ազատյանը և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի լյարդաբանության վարիչ, Հայաստանի լյարդաբանների ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը:

Միջոցառումը մեկ հարկի տակ էր համախմբել առաջատար բժիշկ-գիտնականներին աշխարհի տարբեր անկյուններից: Իրենց մասնակցությունը հեղինակավոր այս համաժողովին մասնագետները նվիրել են ԵՊԲՀ 100-ամյա հոբելյանին: Այս տարի ևս հայաստանյան պատվիրակները հետաքրքիր զեկույցով են ներկայացել միջազգային լսարանին: Վահե Ազատյանը՝ իր գիտական աշխատանքի խորհրդատու, ԵՊԲՀ թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ, Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան Լազար Եսայանի գլխավորությամբ է այժմ ուսումնասիրում է «Բերանի խոռոչի իմունահյուսվածքաբանական և իմունահիստոքիմիական փոփոխությունների վաղ կանխարգելմանը, ախտորոշմանը և բուժման մոտեցումները՝ վիրուսային B և C հեպատիտների և ՄԻԱՎ վարակով հիվանդների մոտ» թեման: Պատահական չէ, որ անցկացված համաժողովին Վահե Ազատյանը և Հասմիկ Ղազինյանը ներկայացրել են զեկույց՝ նվիրված բերանի լորձաթաղանթի մորֆոլոգիական փոփոխություններին՝ վիրուսային B և C հեպատիտի և ՄԻԱՎ վարակի ժամանակ:

ԵՊԲՀ դասախոսի տեղեկացմամբ՝ գիտական թեման մեծ հետաքրքրություն է առաջացրել: Նա նշում է, որ մասնակցությունն այս միջոցառմանը փորձի փոխանակման լայն հնարավորություններ է ընձեռում: Վահե Ազատյանի խոսքով՝ շատ պատվիրակներ նշել են այն մասին, որ ծանոթ են Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատմությանը և գիտական ներուժին: 2021 թավականի սեպտեմբերին նախատեսվում է Խաղաղօվկիանոսյան և երվրասիական լյարդաբանների (APASL) կողմից կազմակերպվող հերթական համաժողովն անցկացնել Հայաստանում: