ԵՊԲՀ գիտական գործունեության 2025 թվականի հաշվետվություն

ԵՊԲՀ գիտական գործունեության 2025 թվականի հաշվետվություն

Բժշկական համալսարանի գիտական գործունեության 2025 թվականի հաշվետվությունը Գիտական խորհրդի նոյեմբերի 26-ին անցկացված նիստի օրակարգի հիմնական հարցն էր:

Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը իրականացված աշխատանքները ներկայացրեց թվային ցուցանիշներով և դրանց վերլուծությամբ:

«2025 թվականին մինչև այսօր ամփոփված գործունեությունը ներկայացնելիս կանգ ենք առնելու հիմնական մի քանի ենթաբաժինների վրա, մասնավորապես՝ գիտական ներուժի վերարտադրություն, հոդվածների հրապարակում` որպես գիտական արդյունքի առանցքային ցուցանիշ, հետազոտական գործունեության ֆինանսավորում, համալսարանի ֆինանսական ներդրում, միջազգային տեսանելիություն, տարեկան ամփոփիչ գիտաժողով, որի ավանդույթը վերականգնել ենք այս տարի: Ուշադրության կենտրոնում է նաև ստորաբաժանումների հետազոտական ակտիվությունը և ուսանողների ներգրավվածությունը հետազոտություններում: Երկրորդ գլոբալ բաժնում խոսելու ենք 2026 թվականին պլանավորվող գիտական քաղաքականության վերաբերյալ՝ դիտարկելով այն է նոր օրենսդրական ակտերի համատեքստում՝ նկատի ունենալով, որ հոկտեմբերին  շրջանառվել և դեկտեմբերին հաստատման է ներկայացվելու ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրն ու բարձրագույն կրթության և գիտության մասին ՀՀ օրենքը, որին համահունչ էլ համապատասխան գերատեսչությունների ենթակայության տակ ընթանում է համալսարանների գործունեությունը»,- մասնավորեցրեց պրոռեկտորը:

Գիտական ներուժի վերարտադրության մասին խոսելիս նա անդրադարձավ հայցորդների և ասպիրանտների պաշտպանություններին վերջին հինգ տարվա պատկերին:

«Գիտական ներուժի վերտադրությունն առ այսօր իրականացվում է  ասպիրանտական և հայցորդական կրթության տեսքով: Մոտավոր նույն դինամիկան է պահպանվում, և հանրագումարային ցուցանիշով ունենք 33 թեկնածուական և 5 դոկտորական հայցորդ»,- տեղեկացրեց Կոնստանտին Ենկոյանը:

2025 թվականին պաշտպանվել է 13 թեկնածուական և 1 դոկտորական ատենախոսություն, մինչև տարեվերջ նախատեսվում է ևս երկուսը: Այս թիվը նախորդ տարվա համեմատությամբ աճել է:

Նրա գնահատմամբ` հոդվածների հրապարակումը յուրաքանչյուր կրթագիտական հաստատությունում գիտական արդյունքների առանցքային ցուցանիշներից մեկն է:

Web of Science շտեմարանի տվյալներով՝ համալսարանական մասնագետների հեղինակությամբ կամ համահեղինակությամբ ընդհանուր հրապարակումների թիվը 213 է, իսկ շտեմարանի ազդեցության գործոն ունեցող պարբերականներում հրապարակված հետազոտական հոդվածների թիվն ընթացիկ տարում մինչև այս պահը կազմել է 189:

2016-2020 և 2021-2025 թվականների ցուցանիշների համեմատությունը ցույց է տալիս հրապարակումների թվի աճ՝ 196-ի փոխարեն կազմելով 683:

Հրապարակումների թվաքանակի շուրջ իրականացվել է մանրամասն վերլուծություն, մասնավորապես՝ առանձնացվել են Web of Science շտեմարանի ազդեցություն գործոն ունեցող պարբերականներում հոդվածներ հրապարակած ստորաբաժանումները, ԵՊԲՀ հրապարակումները՝ ըստ հեղինակների զբաղեցրած դիրքի, աշխատակիցների հիմնական հեղինակությամբ և համահեղինակությամբ հրապարակված հոդվածները և դրանց դասակարգումը՝ ըստ պարբերականների քառորդների:

Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունում 2015-2024 տարիների կտրվածքով բժշկագիտության ոլորտի հրապարակումները երկրորդ տեղն են զբաղեցնում բնագիտությունից հետո հրապարակվող ազդեցության գործոն ունեցող հոդվածների շարքում: Իսկ սրա փաստացի ապահովողը ԵՊԲՀ-ն է:

Նիստի հիմնական զեկուցողը հանգամանալից խոսեց հետազոտական գործունեության ֆինանսավորման թեմայով` նշելով պետական բյուջեից ֆինանսավորվող, միջազգային կազմակերպությունների հետ գործակցությամբ իրականացվող ծրագրերն ու դրամաշնորհային հայտերը:

2023 թվականից մեկնարկել ու ընթացքի մեջ է Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ իրականացվող «Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիա»  ծրագիրը (գործընկեր` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ), որի  հիմնական նպատակն է ստեղծել ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիա, որը, միավորելով գերժամանակակից մանրադիտարկման, բջջային հաշվարկի, լրացված ու վիրտուալ իրականության առանձնահատկությունները, հնարավորություն կընձեռի համակողմանիորեն պատկերավորել գլխուղեղի բջջային ճարտարագիտությունը՝ համալրելով այն զգայական ներգրավվածությամբ:

Աշխատանքներ են տարվում երկու նոր ենթակառուցվածքի ստեղծման ուղղությամբ: Խոսքը «Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիա»-յի մասին է`  նոր միավորներով:

Երկրորդը զեբրաձկան պահպանման, կենսունակության և վարքագծի գնահատման նոր բազմաբաղադրիչ ենթակառուցվածքն է, որի ձևավորման գործընթացը կավարտվի 2026 թվականին:

Զեկույցը ներառում էր ԵՊԲՀ-ում իրականացվող դրամաշնորհների, ԵՄ Հորիզոն Եվրոպա ծրագրի դրամաշնորհային հայտերի, ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի դրամաշնորհների մասին տեղեկատվություն: Այստեղ կարևոր է նշել, որ ՀՀ ԳԱԱ համակարգից հետո ԵՊԲՀ-ն երկրորդ տեղն է զբաղեցնում «Հորիզոն Եվրոպա» դրամաշնորհային ծրագրերով, որոնք հիմնված են գերազանցության վրա:

Անմասն չմնաց ԵՊԲՀ հիվանդանոցային համալիրներում իրականացվող կլինիկական փորձարկումների հարցը: Ներկայացվեց, որ 2023թ. իրականացվել է 2 կլինիկական փորձարկում: ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակի գործունեության ակտիվացմամբ և կլինիկական մասի հետ սերտ համագործակցության արդյունքում 2024-2025թթ. ԵՊԲՀ-ն ստացել է 23 կլինիկական փորձարկման առաջարկ, որոնցից 7-ը հաստատվել են:

Պրոռեկտոր Ենկոյանն առանձնակի կարևորեց տարեկան ամփոփիչ գիտաժողովի անցկացումը, որն այս տարի անցկացվեց նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում: Պրոֆեսորադասախոսական անձնակազմի ակտիվ մասնակցությամբ անցկացված երեք հագեցած օրերն ամփոփվեցին բազմաթիվ նիստերի, բանավոր զեկույցների, էլեկտրոնային ցուցապաստառների ձևով, ինչը հնարավորություն ընձեռեց ուրվագծել գիտական գործունեության ամփոփ պատկերն ըստ ստորաբաժանումների և դրանց ակտիվությունն ըստ ոլորտային փորձագիտական հանձնաժողովների:

Ստորաբաժանումների հետազոտական ակտիվությանը հաջորդեց ԵՊԲՀ միջազգային տեսանելիության թեման: Այստեղ ևս ասելիք կար: Բժշկական բուհը պահպանում է հետազոտության ոլորտում մարդկային ռեսուրսների կառավարման գերազանցության մրցանակը (HRS4R)՝ համաձայն գործողությունների պլանի տարեկան գնահատման արդյունքների:

Ուսանողների ներգրավվածությունը հետազոտական աշխատանքներում նույնպես զգալի է: Ակտիվացել է ապագա բժիշկների մասնակցությունը միջազգային գիտաժողովներին, ինչը հնարավորություն է ընձեռում ներկայացնելու սեփական հետազոտության արդյունքները միջազգային գիտական հանրույթին՝ բանավոր և ցուցապաստառային զեկույցներով:

Սովորողների ներգրավվածությունը տարբեր հետազոտական խմբերում և ծրագրերում հնարավորություն է տալիս մասնակցելու ակնարկային և օրիգինալ հետազոտական հոդվածների հրապարակմանը։

2026 թվականի պլանավորումը` գիտական քաղաքականության համատեքստում կարևոր ու առանցքային աշխատանքներից է, որի ուղղությամբ բժշկական բուհի գիտական թիմը ուղղելու է աշխատանքների մեծ չափաբաժինը` ձևավորելով առկա հիմնահարցերի լուծման գործողությունների հստակ ցանկ:

«Բժշական համալսարանը գրանցում է  հաջողություններ, և վստահաբար կարող ենք ասել, որ ՀՀ-ում ազդեցության գործոն ունեցող տպագրվող հոդվածների ծավալով բժշկագիտությունը երկրորդն է, իսկ միջազգային գերազանցության դաշտի, մասնավորապես՝  «Հորիզոն Եվրոպա» ծրագրերի շահառուների շարքում ԵՊԲՀ-ն բուհերի մեջ առաջինն է՝ զիջելով միայն Գիտությունների ազգային ակադեմիայի ամբողջ համակարգին, որը ներկայացված է 30-ից ավելի գիտահետազոտական ինստիտուտներով: Այս  հաջողությունը պայմանավորված է առանձին ստորաբաժանումների, առանձին գիտնականների կողմից կատարած աշխատանքով»,- արձագանքելով զեկույցին ասաց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը` շարունակելով. «Ես միանում եմ այն հարցին, որ համալսարանի ընդհանուր ներուժը գերազանցում է կատարված աշխատանքին: Մենք ունենք բաց թողնված հնարավորությունների խնդիր: Այստեղ պետք է կարևորել հաշվետվողականությունը և չբավարարվել միայն վիճակագրական տվյալներով»:

2026-2030 թվականների Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան հիմնադրամի ռազմավարական  ծրագրի նախագիծը և դրա իրականացման նպատակները ներկայացրեց Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանը: 

Զարգացման և մարքեթինգի գծով պրոռեկտոր Խաչատուր Մարգարյանի մեկնաբանությամբ Գիտական խորհրդի անդամներին զեկուցվեց «Good Standing at YSMU» ուսանողների վարկանշավորման համակարգ- հայեցակարգի կանոնակարգի նախագիծը: Շրջանակային այս փաստաթղթի նպատակը ուսանողների ակադեմիական առաջադիմության, կարգապահական վարքի, բարեվարքության, հասարակական և հանրային արտաուսումնական ակտիվության վրա հիմնված վարկանշավորման համակարգի ներդրումն է:

«Ուսանողների վարկանիշավորման հայեցակարգը նոր մշակույթ է մեր համալսարաանում: Մինչև հունվար կձևավորվի համապատասխան հանձնաժողով, որը կներկայացնի  միավորների բաշխման, հետվերցման և դրա խրախուսման չափորոշիչները, փետրվարին` հաջորդ կիսամյակից մենք կներդնենք այն, մեկնարկելով բալերի հավաքագրման գործընթացը, իսկ խրախուսումների համակարգը կսկսվի սեպտեմբերից»,- հայտնեց Խաչատուրր Մարգարյանը` նշելով, որ այս համակարգը  մեծմասամբ հնարավոր է իրականացնել «Էլեկտրոնային համալսարան» կառավարման համակարգի ներդրման արդյունքում, քանի որ դրական արձագանքները բազմաթիվ են:

Հաջորդիվ նա մանրամասնեց Good Standing միավորների հավաքագրման հիմնական ուղիների, միավորների հիման վրա արտոնությունների տրամադրման մասին:

Ամփոփիչ հարցը վերաբերում էր ուսումնական գրականության տպագրության երաշխավորությանը: