Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ 2020 թվականի գիտական խորհրդի առաջին նիստը։ Գիտական խորհրդին ներկայացվեց ռազմաբժշկական ֆակուլտետի առաջարկությունը՝ ապրիլյան պատերազմի հերոս, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի անվան կրթաթոշակ սահմանելու վերաբերյալ։ Այն նախատեսված կլինի բարձր առաջադիմությամբ և հոգատարությամբ առանձնացող ուսանողի համար։
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ հերոսի անունով կրթաթոշակ հիմնադրելը պատվաբեր է: «Մերուժան Ստեփանյանը ժամեր շարունակ մարտնչելով պաշտպանել է դիրքը և կարողացել է փրկել նաև իր հետ սահմանին գտնվող զինվորներին»,-ասաց ռեկտորը՝ հավելով, որ Մերուժան Ստեփանյանը փայլուն օրինակ է ինչպես ապագա սպաների, այնպես էլ ռազմական բժիշկների համար:
Հաշվի առնելով սուր շնչառական վարակներով պայմանավորված համաճարակային վիճակը հանրապետությունում՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի առաջարկով կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանը ներկայացրեց «Մուրացան» համալսարանական հիվանդանոց դիմած հիվանդների վիճակագրությունը՝ իրազեկվածությունն ու զգոնությունը բարձրացնելու նպատակով։
Արմեն Մինասյանը նկատեց, որ ձմռան ամիսներին, սովորաբար, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում դիտվում է դիմելության աճ: «Վերջին երկու շաբաթվա ընթացքում արձանագրվել է դիմելիության աննախադեպ աճ: Հիվանդանոց է դիմել 1802 հիվանդ, որից 1162-ը՝ սուր շնչառական վարակներով»,-ասաց նա՝ ավելացնելով, որ փետրվարի 4-ին «Մուրացան» հիվանդանոցում կբացվի նոր բոքսային բաժանմունք, որի շնորհիվ հիվանդանոցի թողունակությունը կավելանա:
Պրոռեկտորի խոսքով՝ մեծահասակների դեպքում վիճակն ավելի բարվոք է: «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում արտառոց դիմելիություն չի նկատվել:
Օրակարգի համաձայն՝ ԵՊԲՀ գիտական խորհուրդն անցկացրեց ամբիոնների վարիչների և պրոֆեսորների ընտրություն: Փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվեցին ֆարմակոլոգիայի, հոգեբուժության, ֆիզիկական դաստիարակության, հյուսվածաբանության, անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի, սրտաբանության, օտար լեզուների ամբիոնների վարիչներ և պրոֆեսորներ:
Ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ ընտրվեց Մարինե Բալասանյանը, անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչ՝ Իրինա Մալխասյանը, հյուսվածաբանության ամբիոնի վարիչ՝ Կարմեն Սահակյանը, սրտաբանության ամբիոնի վարիչ՝ Համայակ Սիսակյանը, ֆիզիկական դաստիարակության ամբիոնի վարիչ՝ Հարություն Թամիրյանը, հոգեբուժության ամբիոնի վարիչ՝ Կարինե Թաթարյանը, օտար լեզուների ամբիոնների վարիչ՝ Հասմիկ Հովհաննիսյանը:
Ֆարմակոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր ընտրվեց Էլմիրա Ամրոյանը և հյուսվածաբանության ամբիոնի պրոֆեսորներ՝ Տաթևիկ Ավագյանն ու Մարինա Թաթոյանը: