«ԵՊԲՀ-ն մեր հետագա կյանքի հիմնասյունն էր»․ հնդիկ շրջանավարտները տարիներ անց Alma Mater ‎են վերադառնում ընտանիքներով

«ԵՊԲՀ-ն մեր հետագա կյանքի հիմնասյունն էր»․ հնդիկ շրջանավարտները տարիներ անց Alma Mater ‎են վերադառնում ընտանիքներով

Ադիտյա Դվիվեդին և Շիլպա Ռանան շուրջ 20 տարի առաջ միմյանց հանդիպեցին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում։ Այսօր նրանք արդեն ընտանիքով են Երևանում՝ 9-ամյա Աայաանի և 5-ամյա Աահանայի ուղեկցությամբ։ Հնդիկ շրջանավարտների հետ է նաև նրանց համակուրսեցին և մոտ ընկերուհին՝ Աջիտա Բհուսլեն։

2009 թվականին բուհն ավարտելուց ի վեր նրանք մշտական կապի մեջ են եղել, պարբերաբար քննարկել Հայաստան գալու միտքը «Առաքելություն դեպի Հայաստան» կոչվող ընդհանուր խմբում։

Ադիտյա Դվիվեդին բժշկական համալսարանն ավարտելուց հետո վերադարձավ Հնդկաստան, մի քանի տարբեր հիվանդանոցներում աշխատելուց հետո այժմ գործունեություն է ծավալում Հնդկաստանի բանակում՝ որպես բժիշկ։ Վերջին 3-4 ամսվա ընթացքում Լիբանանում ՄԱԿ-ի հետ համագործակցության ծրագրով աշխատում է կազմակերպության խաղաղապահ ուժերում։

«ՄԱԿ-ի առաքելության շրջանակում շատ հայ սպաների եմ հանդիպել, որոնք իմ լավ ընկերներն են դարձել», – ուրախությամբ նշում է հնդիկ շրջանավարտը։ Նա մասնագիտացել է վնասվածքաբանության և օրթոպեդիայի բնագավառում, կինը՝ Շիլպան, ևս սովորել է Ընդհանուր բժշկության ֆակուլտետում, չնայաժ՝ այժմ զբաղվում է երեխաներով, չի աշխատում, բայց պլանավորում է մասնագիտությանը համապատասխան աշխատանք գտնել հետագայում։ «Մեր հոգին հայկական է, մեր կապը Հայաստանի հետ ուրիշ է։ Սա մեր երկրորդ տունն է։ Հիշողությունները մեր մտքում շատ թարմ են», – ասում է Շիլպա Ռանան։ Մինչև հիմա էլ շրջանավարտները հստակ հիշում են դեպի հարազատ բուհ տանող փողոցը, իսկ Հնդկաստանում հայկական երաժշտություն են լսում։ «Մենք այստեղ մեծացել ենք․ ընդամենը 17 տարեկան էինք, երբ առաջին անգամ եկանք այստեղ, հիմա արդեն 40 ենք։ Մենք հասունացել ենք այստեղ, հենց այդ պատճառով էլ ավելի շատ կապված ենք Հայաստանին, քան Հնդկաստանին», – անկեղծանում է շրջանավարտը։

Աջիտա Բհուսլեն Մումբայում աշխատում է որպես ընդհանուր թերապիայի բժիշկ, կլինիկական սրտաբան և գինեկոլոգ։

«Միշտ ցանկացել եմ բժիշկ դառնալ, Հնդկաստանում այն ժամանակ դժվար էր բժշկական կրթություն ստանալը։ Որոշակի ուսումնասիրություններից հետո ընտրությունս կանգ առավ Երևանի պետական բժշկական համալսարանի վրա։ Դելիում դեսպանատանը համապատասխան փաստաթղթային հարցերը կարգավորելուց հետո 2003 թվականին ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանում։ Այստեղ ձեռք բերված փորձառությունը շատ տարբեր էր, յուրահատուկ, այստեղ մենք շատ բան սովորեցինք, ոչ միայն բժշկական մասնագիտություն ոլորտում, այլև առօրյա կյանքում, մասնավորապես՝ ինչպես լինել լավ մարդ, այստեղ ձեռք բերեցինք լավ ընկերներ։ Մենք հաջողակ ենք, քանի որ ընտրեցինք Հայաստանը՝ բժիշկ դառնալու համար, և ԵՊԲՀ-ում ստացած կրթության շնորհիվ ենք մենք այսօր կյանքում հաջողություններ գրանցում», – ընդգծեց նա՝ հավելելով, որ շատ է կարոտում այն օրերը, սիրելի դասախոսներին։

Աջիտա Բհուսլեն հիշում է, որ Երևանում վիրահատության էր ենթարկվել, ծանր վիճակում էր․ «Ծնողներս շատ անհանգիստ էին, ուզում էին գալ Հայաստան, ես նրանց հանգստացրի՝ ասելով, որ այստեղ են իմ ընկերները, որոնք հոգ կտանեն իմ մասին»։

Հուզիչ և ջերմ էր շրջանավարտների հանդիպումը Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանի հետ նրանք վերհիշեցին ուսանողական հետաքրքիր ու հագեցած տարիները։

«Դեռ դեկանի կարգավիճակում Երվանդ Սահակյանը մեր անխափան կապն էր բժշկական համալսարանի հետ։ Նա շատ քիչ էր խոսում, բայց՝ միշտ տեղին։ Երբ ինչ-որ խնդիրներ էին առաջանում, երբ մեզ համար դժվարին ժամանակներ էին, նա միշտ մեր հաստատուն հենասյունն էր ցանկացած հարցում», – հիշում է Շիլպա Ռանան։

Առաջին անգամ Երվանդ Սահակյանն անձամբ ինքնաթիռում ուղեկցում էր ապագա ուսանողներին դեպի բժշկագիտության աշխարհ։ Այդ տարի ամռան ընթացքում պրռեկտորը 4 անգամ մեկնել էր Հնդկաստան։

Գայանե Ավետիսյանին հանդիպելով՝ նրանք չկարողացան զսպել արցունքները՝ իրենց նախկին դասախոսին տեսնելով արդեն Օտարերկրացիների ուսուցման աշխատանքների դեպարտամենտի պետի կարգավիճակում։

Հնդիկ շրջանավարտները պատրաստակամություն հայտնեցին ցանկացած հարցով աջակցել մայր բուհին։

«Մենք հպարտ ենք լինել «Հերացի» ընտանիքի անբաժան մասը», – եզրափակեցին նրանք։

Իսկ հնդիկ բժիշկների ապագա սերունդներին նրանց խորհուրդն էր շատ սովորել, դասեր քաղել փորձառությունից, ուսումնասիրել հայկական մշակույթը և լիարժեքորեն վայելել կյանքը մեր արևոտ երկրում։