Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր տեղի ունեցավ հոգաբարձուների խորհրդի նիստ՝ 6 հարցերից կազմված օրակարգով, նիստին ներկա էին խորհրդի 21 անդամները: Օրակարգի հաստատումից հետո ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հանդես եկավ զեկույցով՝ ներկայացնելով բուհի տարեկան ամփոփիչ հաշվետվությունը՝ ուսումնական, գիտական, միջազգային, կլինիկական և ֆինանսական ուղղություններով: «ԵՊԲՀ-ի հաջողություններն ակնառու, առարկայական և շոշափելի են: 2019 թվականը լի էր տարաբնույթ իրադարձություններով, որոնք մեծ հաջողություններ բերեցին համալսարանին: Բուհի առջև ծառացած խոչընդոտներն ու մարտահրավերները մենք կարողացել ենք հաղթահարել համատեղ ուժերով»,- ասաց Արմեն Մուրադյանը ՝ ավելացնելով, որ «Հերացի» մեծ ընտանիքը կազմված է 1170 դասախոսից, 1707 կլինիկական, 157 գիտական, 128 վարչական աշխատակիցներից, 459 օժանդակ անձնակազմից և շուրջ 8000 սովորողներից:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ 2019 թվականին բուհը միջազգայանացման գործընթացում ակնհայտ հաջողություններ է արձանագրել: «Ճանաչվել ենք լավագույն բուհ հնդիկ ուսանողների համար, աշխարհի լավագույն եռյակում ենք Հնդկաստանի FMGE քննությունների արդյունքներով, ԵՊԲՀ-ի դիպլոմը ճանաչվել է Շրի Լանկայի կողմից»,- նշեց ռեկտորն ՝ հավելելով, որ շուրջ 50 ուսանողներ, ասպիրանտներ և երիտասարդ մասնագետներ վերապատրաստվել են աշխարհի 8 երկրների 17 համալսարաններում: 2020 թվականին միջազգային ձեռքբերումները շարունակական կլինեն: «Միջոցներ ենք ձեռնարկում անգլալեզու և ռուսալեզու դասավանդող դասախոսների վերապատրաստման ուղղությամբ: Մեր քայլերն ուղղված են նոր երկրներից ուսանողների ներգրավմանը ԵՊԲՀ, կարևորում ենք օտարերկրացի ուսանողների համար ուսումնական գրականության արդիականացումը, հանրակացարանային ֆոնդի համալրումը»,-ընդգծեց ռեկտորը: Առաջնահերթություն է համարվում ԵՊԲՀ-ի գիտական գործունեությունը խթանելու գործընթացը: «Գիտական ոլորտում ունեցել ենք 8 դրամաշնորհային ծրագիր, ինչպես նաև բազային և թեմատիկ ծրագրեր: Ֆինանսավորված խոշոր նախագծերն են՝ COBRAIN-ը՝ 799.508.75 եվրո, 3 տարի տևողությամբ, SCAUT-ը՝ 242.725 եվրո, 3 տարի տևողությամբ և ՈՒՀՀԳԿԿ-ն՝ 641.981 ԱՄՆ դոլար ֆինանսավորմամբ, 2 տարի տևողությամբ»,-ներկայացրեց Արմեն Մուրադյանը՝ նշելով դրամաշնորհային ծրագրերի նշանակությունն ու անհրաժեշտությունը բուհի գիտական գործունեության զարգացման հարցում: Նշենք, որ 2019 թվականին ԵՊԲՀ պետության կողմից ֆինանսավորվել է 4,4 մլդ դրամի չափով, որից 2,8 մլդ դրամը վերադարձվել է հարկերի տեսքով: Անդրադառնալով բուհի կողմից իրականացվող գնումների գործընթացին՝ ռեկտորն ընդգծեց, որ գնումների բաժինն այս տարի կազմակերպել է շուրջ 700 գնման գործընթաց, որի 99,7 տոկոսն իրականացվել է տենդերի միջոցով՝ մրցույթային սկզբունքով: Արմեն Մուրադյանի խոսքով՝ բժշկական համալսարանն իր երեք կլինիկական բազաներով պահպանում է ֆինանսական կայունությունը և գրանցել է եկամուտների աճ: Նախորդ տարի իրականացվել են մի շարք շինարարական աշխատանքներ՝ մասնավորապես վերանորոգվել են դասասենյակներ, ամբիոններ, լսարաններ, կառուցվել է մարզադահլիճ, բացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը, «Մուրացան» հիվանդանոցի էնդոկրին բաժանմունքը և այլն: Օրակարգի համաձայն՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հոգաբարձուների խորհրդին հանգամանալից ներկայացրեց «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի 2020 թվականի նախահաշվի (բյուջե) նախագիծը, որը քննարկումից հետո հաստատվեց հոգաբարձուների խորհրդի կողմից: Հոգաբարձուների խորհուրդը քվեարկությամբ հաստատեց նաև բուհի կառուցվածքի և հաստիքացուցակի փոփոխությունների և լրացումների նախագիծը:
Հագեցած օրակարգով նիստի վերջին հարցը վերաբերում էր ԵՊԲՀ 100-ամյակի տեսլականին և կազմակերպչական հարցերին: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հույս հայտնեց, որ բուհի 100-ամյակի միջոցառումներն աջակցություն կստանան կառավարության կողմից: «Մենք ակնկալում ենք, որ պետությունը ևս իր մասնակցությունը կունենա աշխարհով մեկ ԵՊԲՀ-ի 100-ամյակը նշելու գործընթացին»,-եզրափակեց ռեկտորը: