Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ հրավիրված գերմանացի պրոֆեսորները կիսվեցին ուռուցքաբանության հիմնահարցերին վերաբերող հաջողված փորձով

ԵՊԲՀ հրավիրված գերմանացի պրոֆեսորները կիսվեցին ուռուցքաբանության հիմնահարցերին վերաբերող հաջողված փորձով

Միքայելյան համալսարանական հիվանդանոցում այսօր մեկնարկեց «Միջդիսցիպլինար մոտեցումը որպես ուռուցքաբանության հիմնահարց» թեմայով երկօրյա համաժողովը, որը կազմակերպվել է Երևանի պետական բժշկական համալսարանի և Գերմանիայի Մյունսթերի համալսարանի համագործակցության հուշագրի իրագործման արդյունքում:

ԵՊԲՀ միջազգային գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը, ողջունելով կոնֆերանսի մասնակիցներին, նշեց, որ Մյունսթերի համալսարանական կլինիկան ստեղծվել է նախորդ դարի կեսերին և կարճ ժամանակ անց դարձել է Գերմանիայի խոշոր առողջապահական կենտրոններից մեկը, որն ունի ավելի քան 7200 աշխատակից, իսկ կլինիկայի գիտնականների աշխատությունները ճանաչում են ստացել ամբողջ աշխարհում և մեծ ներդրում ունեն բժշկագիտության զարգացման գործում:

Հաննովերի բժշկական դպրոցի գինեկոլոգիայի բաժնի ղեկավար, Կրծքագեղձի կենտրոնի ղեկավար Փիթեր Հիլլմանսի առաջին զեկույցը նվիրված էր ուռուցքաբանության հիմնահարցերից մեկին՝ քաղցկեղի կանխարգեմանն ու վաղ հայտնաբերմանը, այդ թվում՝ գինեկոլոգիական ուռուցքաբանությանը: Գերմանացի պրոֆեսորը, շնորհակալություն հայտնելով գիտական ու կլինիկական համագործակցության համար, նշեց` արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելումը վերջին տասնամյակում կարևոր խնդիր է, ինչի արդյունքում Գերմանիայում 1971 թվականից իրականացվում են կանխարգելիչ ծրագրեր: «Հաշվի առնելով արգանդի վզիկի քաղցկեղի հաճախականությունը՝ առաջարկվեց սկրինինգի ազգային ծրագիր: Գերմանիայում կանայք ամեն տարի հանձնում են պապ քսուկ, որի ֆինանսավորումն իրականացվում է կառավարության և ապահովագրական ծրագրերի կողմից»,-ասաց գերմանացի պրոֆեսորը:

Փիթեր Հիլլմանսը ներկայացրեց քաղցկեղի կանխարգելման ու վաղ հայտնաբերման համար Գերմանիայում կիրառվող մեթոդները: «Հասարակ մոտեցում է՝ վերցնում ենք պապ քսուկ, դրական արդյունքի դեպքում ուղարկում ենք օպտիկական զննման, ախտահարման դեպքում՝ բիոպսիայի, քաղցկեղի հայտնաբերման դեպքում պացիենտն ուղղորդվում է բուժման»,-հավելեց նա՝ ընգծելով, որ այս ծրագիրը շատ արդյունավետ է, քանի որ դրա իրագործման արդյունքում քաղցկեղով հիվանդների թիվը կտրուկ նվազել է:

Գերմանացի պրոֆեսոր Հանս Քրիստիանեսնն անդարադաձավ Ճառագայթային ուռուցքաբանության մոտեցումների պահանջներին՝ ներկայացնելով Գերմանիայի հաջողված փորձը: Համաժողովը եզրափակեց Էռլանգենի համալսարանի պալիատիվ բժշկության պրոֆեսոր Քրիստոֆ Օսթգաթեն՝ «Պալիատիվ խնամքի միջդիսցիպլինար մենեջմենթ» զեկույցով:

ԵՊԲՀ հրավիրված գերմանացի պրոֆեսորների մասնակցությամբ «Միջդիսցիպլինար մոտեցումը որպես ուռուցքաբանության հիմնահարց» թեմայով համագումարը կշարունակվի սեպտեմբերի 13-ին: Անդրադարձ կկատարվի թոքի քաղցկեղի բուժմանը, կներկայացվեն կլինիկական դեպքեր, ինչպես նաև գերմանական կողմի հետ տեսակամուրջի միջոցով հայ ուռուցքաբանները, ռադիոլոգները, ախտաբանական անատոմները, մանկաբարձ-գինեկոլոգները, թոքաբանները, կրծքային վիրաբույժները, ախտաբանական անատոմները հնարավորություն կունենան անցկացնել հեռահար միջդիսցիպլինար ինտերակտիվ քննարկում՝ հայաստանյան ուռուցքաբանական դեպքերի վերաբերյալ: