ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն Ավստրալիայից ժամանած, ԵՊԲՀ հրավիրյալ պրոֆեսոր Սարգիս Նալբանդյանի մասնակցությամբ:
Օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ Աննա Վարդանյանը ողջունելով ներկաներին՝ նշեց, որ դասախոսության թեմաները արդիական են և կարևոր նշանակություն ունեն, հատկապես, երիտասարդ մասնագետների համար: «Այսպիսի դասախոսությունները նպաստում են մասնագետների ստեղծագործական մտածելակերպի զարգացմանը և մասնագիտական գիտելիքների խորացմանը, առաջացնում են հետաքրքրություն մասնագիտության հանդեպ»,- շեշտեց նա:
Սարգսի Նալբանդյանը ներկայացնելով դասախոսության թեման՝ նշեց, որ ուրախությամբ է իր փորձն ու գիտելիքները փոխանցում ինչպես բարձր կուրսի ուսանողներին, այնպես էլ՝ օրդինատորներին:
Հրավիրյալ պրոֆեսորն անդրադարձավ ժամանակակից մոտեցումներին, որոնք պետք է կիրառվեն հիվանդների համակցված բուժման պլանավորման ժամանակ:
Նշենք, որ պրոֆեսորը մի քանի օր շարունակ հաճախել է օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոն, որտեղ անցկացրել է տեսական և գործնական դասախոսություններ:
Հանդիպման ընթացքում զեկույցով հանդես եկան նաև ԵՊԲՀ օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնի դոցենտ Սերգո Հովհաննիսյանը և նույն ամբիոնի դասախոս Արտակ Հեբոյանը՝ խոսելով դիմածնոտային պրոթեզավորման, մետաղական և ցիրկոնիումի օքսիդի հենքերով կոնստրուկցիաների կիրառման դեպքում պարօդոնտի հյուսվածքների վիճակի համեմատական գնահատման և այլնի մասին:
Դասախոսության ավարտին ուսանողների կողմից հնչեցին բազմաթիվ հարցեր, որից հետո տեղի ունեցավ ակտիվ քննարկում: