Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ ինտերնը պատասխանատվությամբ է մոտենում հայրենիքին և Հայոց բանակին ծառայելու գործին

ԵՊԲՀ ինտերնը պատասխանատվությամբ է մոտենում հայրենիքին և Հայոց բանակին ծառայելու գործին

Բժշկի ուղին ընտրած սովորողներին առաջ է մղում այն գիտակցումը, որ իրենց ձեռք բերած գիտելիքները դառնալու են զենք, որով պետք է պայքարեն հիվանդությունների դեմ, բուժեն ու նոր կյանք վերադարձնեն մարդկանց։

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի ինտերն Արմեն Վարդանյանը 2015 թվականին ընդունվել է Ընդհանուր բժշկության ֆակուլտետ՝ անվճար հիմունքներով: ՌԲՖ-ի և ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մշակված «1+2» ծրագիրը նրան հնարավորություն է տվել դառնալ ռազմական բժիշկ։

«Ճիշտ է՝ ես որպես ռազմական բժիշկ ծառայելու եմ ընդամենը երկու տարի, բայց ես ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ եմ մոտենում հայրենիքիս և Հայոց բանակին ծառայելու գործին»,-ընդգծում է Արմեն Վարդանյանը։

ՌԲՖ ինտերնը կարևորում է բժշկական համալսարանի դերն իր՝ որպես անհատ կայացման հարցում: Տարբեր մարդկային տեսակների հետ հետ շփումը, Ռազմաբժշկական ֆակուլտետը նրա մոտ ձևավորել է զինվորականի մտածելակերպ, սովորեցրել հասկանալ այդ ոլորտի նրբությունները։

«Սկզբնական շրջանում դժվարություն էր հանդիսանում ադապտացիոն գործընթացը, որը, իհարկե, հաղթահարեցի ընկերներիս և պրոֆեսորադասախոսական կազմի մարդկային մոտեցման շնորհիվ»,-ասում է նա։

Մինչ բժշկական համալսարան ընդունվելը սովորել է Ճամբարակի ավագ դպրոցում։ Հետաքրքրված է եղել «Հայոց պատմություն», «Կենսաբանություն» և «Քիմիա» առարկաներով։ Այդ ընթացքում մասնակցել է տարբեր առարկայական օլիմպիադաների, իսկ «Քիմիա» և «Կենսաբանություն» առարկաների օլիմպիադաներին հասնելով հանրապետական փուլ՝ «Կենսաբանություն» առարկայից ստացել է երրորդ կարգի դիպլոմ։

«Զբաղվում եմ սպորտով. իմ կյանքում առանձնահատուկ տեղ է գրավում ֆուտբոլը։ Սպորտային իմ նախասիրությունները ֆուտբոլով չեն սահմանափակվում: Դպրոցական տարիներից հետաքրքրված եմ շախմատով, բազմիցս մասնակցել եմ մարզային և հանրապետական մրցաշարերի, ունեմ առաջին կարգ։ Ազատ ժամանակ սիրում եմ լսել երաժշտություն, գիրք կարդալ և ֆիլմեր դիտել»,-իր նախասիրությունների մասին պատմում է ՌԲՖ ինտերնը։ 

Խոսելով ԵՊԲՀ ինտերնատուրայում կրթության մասին՝ նշում է, որ դասերն անցկացվում են բավականին խիտ գրաֆիկով։

«Ինտերնատուրայում նախապատրաստվում ենք զորամասային օղակում աշխատելուն և ծանոթանում օղակում առկա նրբություններին»,-նշում է նա՝ ընդգծելով, որ ուսումնական գործընթացում կարևորում է առաջադիմությունը։

Արմեն Վարդանյանը պատրաստվում է ընտրել աբդոմինալ վիրաբույժի մասնագիտությունը։ Այս որոշումը կայացրել է առաջին անգամ վիրահատության մասնակցելուց հետո։

Նրա կարծիքով՝ ոազմական բժշկի ուղին դժվար է և պատասխանատու։ Կարևոր է ոչ միայն բուժել զինվորներին, այլև կանխարգելել նրանց մոտ հիվանդությունների առաջացումն ու պահպանել զինծառայողների առողջությունը։

 «Ամեն ինչ կանեմ այս գործում հաջողելու համար»,-հույս է հայտնում նա՝ ավելացնելով, որ կրկնակի երդման ներքո ծառայելը և ՛պատիվ է, և ՛ պատասխանատվություն։

Եզարափակելով զրույցը՝ բժշկական բուհի սովորողն ընդգծում է, որ ռազմական բժիշկը պետք է լինի կարգապահ, բանիմաց, սառնասիրտ, միևնույն ժամանակ կարեկցող, չընկրկի դժվարությունների դեմ, պատրաստ լինի իրադարձությունների ցանկացած զարգացման։

Նշենք, որ ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետում այժմ սովորում է 62 ինտերն:

Այս տարի Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 13 շրջանավարտ «1+2» ծրագիրի շրջանակում ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում անցնելով երիտասարդ մարտիկի դասընթաց՝ ընդունվել է բժշկական համալսարանի ռազմաբժշկական ինտերնատուրա՝ տալով զինվորական երդում:

ԵՊԲՀ շրջանավարտները 1 տարվա ընթացքում ՀՀ ՊՆ հոսպիտալներում, համալսարանական հիվանդանոցներում և Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում ձեռք են բերում գործնական հմտություններ և կլինիկական ունակություններ, որից հետո, ստանալով լեյտենանտի կոչում, 2 տարի ժամկետով կծառայեն ՀՀ զինված ուժերում՝ որպես զորամասային օղակի բժիշկներ:

Ինտերները բժշկական համալսարանում ստացած կրթությունը նպատակային ուղղվածությամբ ծառայեցնում են Հայոց բանակին: ԵՊԲՀ շրջանավարտները ծրագրի շնորհիվ՝ ծառայության ընթացքում, բժշկական գործունեություն են ծավալում զորամասերում: