Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ-ն` երկրորդ ընտանիք. ի հիշատակ պրոֆեսոր Նելլի Խոստիկյանի

ԵՊԲՀ-ն` երկրորդ ընտանիք. ի հիշատակ պրոֆեսոր Նելլի Խոստիկյանի

Բժշկական 100-ամյա դարբնոցում հիշում են բոլոր այն մարդկանց, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին, աշխատակիցներին, որոնք տարբեր տարիների կտրվածքով կարևոր ներդրում են ունեցել բժշկագիտության զարգացման, սերունդների կրթման, կրթության համակարգի կայացման գործում:

Պրոֆեսոր Նելլի Խոստիկյանը՝ ԵՊԲՀ ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնի վարիչը, կյանքից հեռացավ նախորդ տարվա վերջին՝ անավարտ թողնելով կարևոր այն առաքելությունը, որն արդեն վեց տասնամյակ կատարում էր բարձր արհեստավարժությամբ և նվիրվածությամբ:  

Պրոֆեսոր Արտաշես Բեգլարյանի անվան ԵՊԲՀ ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնում Նելլի Խոստիկյանն աշխատում էր 1965 թվականից, իսկ 2006 թվականից մինչև կյանքի վերջ ղեկավարում էր այն:

Իր ղեկավարած ամբիոնում իր հետ կապված հիշողությունները բազմաթիվ են ու շատ ջերմ: Աշխատակիցների խոսքով՝ յուրաքանչյուրի՝ որպես մասնագետ կայացման գործում նա իր ներդրումն ունի. ծնողի նման հոգատար էր, նրբանկատ և ուշադիր, ամեն մեկի հետ յուրովի վերաբերմունք ու մոտեցում ուներ:

Կրտսեր գործընկերների գնահատմամբ՝ լինելով բարձրակարգ մասնագետ, հանրապետության գլխավոր ախտաբան՝ միաժամանակ, շատ համեստ էր ու զուսպ, չէր սիրում իր մասին խոսել, կիսվում էր իր փորձով ու գիտելիքներով: Լի էր նոր մտահղացումներով, կարդում և հետաքրքրվում էր գիտական նորություններով:   

Գերպարտաճանաչ ու պատասխանատու անձնավորություն էր, նույնը իր շրջապատից էր պահանջում: Գրի էր առնում բոլոր անելիքներն ու տրվող հանձնարարականները, իսկ օրվա կամ երբեմն շաբաթվա վերջում, երբ պլանները կատարված էին, ուրախությամբ և գոհունակությամբ  ջնջում էր ու նոր պլաններ կազմում՝ սկզբում մտքում, հետո արդեն գրի առնում:

Ամբիոնականները նկատում են, որ շատ հյուրասեր էր և անչափ սիրում էր ծաղիկներ, որոնցով ողողված էր իր աշխատասենյակը:

Նելլի Խոստիկյանն ինտերնատուրան ավարտելուց հետո որոշ ժամանակ մանկաբույժ է աշխատել, ապա ընդունվել կլինիկական օրդինատուրա՝ հիստոքիմիայի գծով: ԱՄՆ կենսագրական ինստիտուտի կողմից ճանաչվել է «Տարվա կին» և «Տարվա կին մասնագետ» (2001): Պարգևատրվել է ԵՊԲՀ, ԱՄՆ նոր հազարամյակի պատվո ոսկե մեդալներով: Երկար տարիներ զբաղեցրել է ՀՀ ԱՆ գլխավոր պաթանատոմի պաշտոնը: Առողջապահության համակարգում երկարատև, անբասիր աշխատանքի, բժշկագիտության զարգացման և կադրերի պատրաստման գործում ներդրած գնահատելի ավանդի համար, մասնագիտական բարձր պատրաստվածության և պատասխանատվության համար ՀՀ ԱՆ գլխավոր պաթանատոմ Նելլի Խոստիկյանը ՀՀ առողջապահության նախարարության կողմից 2015 և 2017թթ. պարգևատրվել է պատվոգրերով:
Պրոֆեսորը հեղինակ է մի շարք ուսումնամեթոդական ձեռնարկների: 2016 թվականի վերջին լույս է տեսել նրա «Կլինիկական մորֆոլոգիա» դասագիրքը, որով սովորում են ապագա բժիշկները 6-րդ կուրսում: Նախքան այս հայալեզու աշխատության հրատարակումը «Կլինիկական մորֆոլոգիա» դասընթացը միայն ռուսերենով էր իրականացվում:

Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնը վերջին տարիներին համալրվել էր երիտասարդ կադրերով: Նելլի Խոստիկյանը ղեկավարում էր նաև «Հայ ախտաբան-անատոմների և ախտահյուսվածքաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, որի կորիզն ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմն է։

«Բժշկի ուղին» շարքի անվանի մասնագետին նվիրված թողարկման ընթացքում նա ընդգծել էր, որ ԵՊԲՀ-ն իր երկրորդ ընտանիքն էր։ Նելլի Խոստիկյանի անունը սերտորեն  կապված  է մեր երկրում պաթանատոմիական ծառայության կայացման և զարգացման հետ: Բժիշկ-գիտնականը գրեթե վեց տասնամյակ առողջապահական համակարգում էր:

Այսօր բժիշկ-գիտնականի ծննդյան օրն է, կդառնար 81 տարեկան: