Բժշկական համալսարանի ղեկավարությունն այսօր Փարիզի Գուստավ Ռոսի Ուռուցքաբանության ինստիտուտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկեց համագործակցության շրջանակները՝ կրթական, կլինիկական, գիտական ուղղություններով, ինչպես նաև նախանշվեցին մանկական ուռուցքաբանության զարգացման հեռանկարները:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդգծելով ձևավորված կայուն հարբերությունները՝ նշեց, որ բուհը կարևորում է մասնագետների փորձի փոխանակման ծրագրերը, որի շնորհիվ մասնագետները կվերապատրաստվեն և ստացած փորձն ու գիտելիքները կներդնեն առողջապահական համակարգի զարգացման համար: «Հայաստանում վերջին տարիներին բազմաթիվ փոփոխություններ են եղել, հատկապես, ուռուցքաբանության բնագավառում: Մեզ հատկապես հետաքրքրում են ձեր լոգիստիկ, նավիգացիոն և կազմակերպչական հմտությունները»,-ասաց ռեկտորը:
Փարիզի Գուստավ Ռոսի Ուռուցքաբանության կենտրոնի փոխտնօրեն Ստեֆան Պարտուիի խոսքով՝ 15 տարուց ավելի է՝ փոխայցերի միջոցով վերահաստատվում են առկա ամուր փոխհարաբերությունները: «Այժմ մեր նպատակն է այդ գործընկերությունը բարձրացնել ավելի գլոբալ և ինստիտուցոնալ մակարդակի՝ պակաս հիմնված անձնային հարբերությունների վրա»,-նշեց փոխտնօրենը՝ ընդգծելով մասնագետների և սովորողների փորձի փոխանակման կարևորությունը և մանկական քաղցկեղի ուղղությամբ իրականացվող գործընթացներում հարաբերությունների սերտացումը:
«Գուստավ Ռոսի Ուռուցքաբանության կենտրոնը Եվրոպայում քաղցկեղի պայքարի առաջին գիտական կենտրոնն է, իսկ համաշխարհային մակարդակով՝ դասակարգմամբ 5-րդն է: Ծանոթ լինելով բժշկական կրթության մակարդակին և որակին՝ կարող ենք փաստել, որ Հայաստանն առանձնահատուկ դեր ունի տարածաշրջանային մակարդակով»,- ընդգծեց Ստեֆան Պարտուն՝ Հայաստանի հետ գործընկերությունը դիտարկելով նաև հայ-ֆրանսիական հարբերությունների շրջանակում:
Արմեն Մուրադյանը փաստեց, որ եթե հաջողվի Գուստավ Ռոսի Ուռուցքաբանության կենտրոնի և Երևանի պետական բժշկական համալսարանի միջև կապերն ավելի ամրապնդել, կարող են զարգացումներ նախանշել ոչ միայն ուռուցքաբանության, այլև բժշկական կրթության և հարակից ոլորտներում: «Մենք կողմ ենք ունենալ հուշագիր, որի արդյունքում կարող ենք անցնել ավելի խորը իրավակազմակերպչական փոխհարաբերությունների և պայմանագրերի»,-ավելացրեց ռեկտորը՝ ընդգծելով, որ 100-ամյա բուհը բաց է համագործակցության և կապերի սերտացման համար:
Մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչ Գևորգ Թամամյանը ներկայացրեց մանկական քաղցկեղի բուժման ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև իր ղեկավարած ամբիոնի գործունեությունը՝ մանկական արյունաբանների և ուռուցքաբանների պատրաստման տեսանկյունից: «Նոր հիմնաված ամբիոնն ունի արդեն 10 օրդինատոր, և կարող ենք փաստել, որ բժշկական համալսարանի լավագույն ուսանողներն ընտրել են մանկական ուռուցքաբանություն և արյունաբանություն մասնագիտացումները»,-հավելեց մանկական ուռուցքաբան-արյունաբանը՝ ավելացնելով, որ ուրախ կլինի նաև սերտացնել հարբերությունները Գուստավ Ռոսի Ուռուցքաբանության կենտրոնի հետ:
Հանդիպման մասնակիցները տարբեր ուղղություններով քննարկումների արդյունքում՝ նախանշեցին համագործակության ուղղությունները՝ կրթություն և մասնագետների փոխանակում, հմտությունների փոխանցում և հիվանդությունների գնահատում, աջակցություն հիվանդներին, որոնք հնարավորություն չունեն բուժվել, ինչպես նաև շարունակել վերականգնումը բուժումից հետո:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը Փարիզի Գուստավ Ռոսի Ուռուցքաբանության ինստիտուտի ներկայացուցիչներին ծանոթացրեց նաև Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի գործունեության հետ:
«Այն մեզ համար ոչ միայն զինվորական փառքի, այլ նաև բժշկական պարտքի կենտրոն է»,-եզրափակեց բուհի ղեկավարը: Պատվիրակությունը հանդիպումից հետո այցելեց Զինվորի տուն և տեղում ծանոթացավ հայրենիքի պաշտպանների առողջության ու վերականգնման համար պատասխանատու կենտրոնի աշխատանքներին: