ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Կարեն Բազիյանն Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը կրող լսարանում այսօր ստորագրեցին կրթական-կլինիկական համագործակցության մասին հուշագրի: Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնը ստացավ համալսարանական հիվանդանոցի կարգավիճակ, ինչը հնարավորություն կտա կլինիկական պրակտիկայի հիմքի վրա կազմակերպել բազմաբաղադրիչ բժշկական կրթության՝ որակյալ բժիշկ մասնագետների պատրաստման նպատակով: Առաջնորդվելով երկու հանրապետությունների առողջապահական, կրթական ոլորտներում համագործակցության սկզբունքներով, կողմերը պայմանավորվեցին համագործակցել՝ կլինիկական պրակտիկայի հիմքով բժշկական կրթության ոլորտներում, որոշակի մասնագիտական ուղղություններով ընդունված կլինիկական և կրթական չափորոշիչներով:
Արցախի առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը շնորհակալություն հայտնեց ստեղծված հնարավորության համար՝ կարևորելով Արցախում համալսարանական հիվանդանոց ունենալու անհրաժեշտությունը: «Փաստում եմ, որ մեր անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը նաև առողջապահության ոլորտն է: Առողջ ազգ ունենալու համար մեր համակարգում անհրաժեշտ են բարձրակարգ բժիշկներ»,-ասաց նա՝ ավելացնելով, որ ԵՊԲՀ-ի հետ հուշագիրը հնարավորություն կտա այդ նպատակներն իրականություն դարձնել:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց, որ համալսարանի կողմից այսպիսի համագործակցությունն առաջին անգամ է: «Ստեփանակերտի արդիական բժշկական կենտրոնը ստացավ համալսարանական հիվանդանոցի կարգավիճակ և հնարավորություն ունի ինչպես արցախցի ուսանողների, այնպես էլ այլ երկրներից ԵՊԲՀ-ում սովորողների համար իրականացնել կրթական ծրագրեր»-ասաց Արմեն Մուրադյանը՝ հավելելով, որ Հայաստանի և Արցախի գիտական և կլինիկական հատվածների համագործակցությունը վաղուց իրականություն է: