Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ-ն շնորհակալագրեր հանձնեց «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամին կատարած աշխատանքի և ներդրման համար

ԵՊԲՀ-ն շնորհակալագրեր հանձնեց «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամին կատարած աշխատանքի և ներդրման համար

Անցնող տարվա վերջին աշխատանքային օրը կատարաված աշխատանքի համար շնորհակալություն ասելու լավ առիթ է: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը բուհի և համալասրանական հիվանդանոցների պատասխանատուների հետ տարեվերջյան ամփոփիչ հանդիպման ժամանակ պատերազմական պայմաններում  համալսարանական հիվանդանոցներին, ինչպես նաև Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հետ  ակտիվ համագործակցության և ներդրման համար շնորհակալագրեր հանձնեց «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի  նախագահ  Տատյանա Հովհաննիսյանին և ԵՊԲՀ հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի դասախոս, հիմնադրամի ներկայացուցիչ Աստղիկ Մարկոսյանին:

Ռեկտորը գործընկեր կազմակերպությանը շնորհակալություն հայտնելով կատարած ծավալուն աշխատանքի համար՝ ընդգծեց, որ բարեգործական հիմնադրամը կորաղացել է համալսարանական հիվանդանոցները համալրել մասնագետներով, դեղերով, կարևոր նշանակության այլ անհրաժեշտ բժշկական պարագաներով:

Արմեն Մուրադյանն շեշտեց, որ բժիշկներից ու կամավորներից ձևավորված կառույցին հաջողվել է իրականացնել համակարգված և անշահախնդիր աջակցություն համալսարանական հիվանդանոցներին:

Համալսարանական երեք հիվանդանոցի՝ «Հերացի» թիվ 1, «Մուրացան», ինչպես նաև Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի ներկայացուցիչները նույնպես իրենց երախտիքի խոսքն ուղղեցին «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամին: Հատուկ շեշտվեց, որ պատերազմական պայմաններում հիվանդանոցների առաջ ծառացած մարտահրավերները հաղթահարվել են  հիմնադրամի կողմից ցուցաբերած աջակցության շնորհիվ՝ ծառայելով ի նպաստ յուրաքանչյուր հիվանդի:

ԵՊԲՀ հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի դասախոս Աստղիկ Մարկոսյանը մեծապես կարևորեց բժիշկների կատարած անձնուրաց աշխատանքը պատերազմական օրերին: Նա ևս կարևորեց համալսարանական գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության համար:

Ամփոփելով հանդիպումը՝ բժշկական բուհի ղեկավարն անդրադարձավ նաև Հայաստանում և հայրենիքի սահմաններից հեռու բնակվող շրջանավարտներին, որոնք մշտապես բարձր են պահում մայր բուհի բարի համբավը՝  իրենց հնարավորությունները ծառայեցնելով համալսարանին:

Նա հույս հայտնեց, որ հաջորդ տարի առավել արդյունավետ կյանքի կկոչվեն բոլոր այն ծրագրերը, որոնք չեղարկվեցին պատերազմի և համավարակի պատճառով:

Նշենք, որ «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամը («Բժիշկներ և կամավորներ Հայաստանից»)  ստեղծվել է 2016թ․ ապրիլի 7-ին, Արցախի Հանրապետության ապրիլյան իրադարձությունների ժամանակ: Առաջին իրական օգնությունը (բժշկական պարագաներ, շտապ օգնության ավտոմեքենա, և այլն) հիմնադրամը ցուցաբերեց Արցախին՝ պատերազմի 4-րդ օրը։ Հենց այդ դժվար ժամանակաշրջանում էլ սկսվեց մեր հիմնադրամի պատմությունը և շարունակվում է առայսօր։ Բարեգործական կառույցի հիմնական նպատակը Հայաստանի և Արցախի հիվանդանոցներին բժշկական սարքավորումներով, դեղերով, գործիքներով ապահովելն է: