Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ օտար լեզուների ամբիոնը հաջողությամբ մասնակցել է ընթերցանության մրցույթի

ԵՊԲՀ օտար լեզուների ամբիոնը հաջողությամբ մասնակցել է ընթերցանության մրցույթի

Բժշկական բուհը ներկայացնող օտար լեզուների ամբիոնը հաջողությամբ մասնակցել է ընթերցանության մրցույթի, որը նվիրված էր ռուս բանաստեղծ Վալերի Բրյուսովի՝ «Հայաստանի պոեզիան» լավագույն ստեղծագործությունների ժողովածուի 105-ամյա հոբելյանին: Օտար լեզուների ամբիոնի դոցենտ Սվետլանա Նալբանդյանը ակտիվ մասնակցության և աջակցության համար արժանացել է շնորհակալագրի: Մրցույթն անցկացվել է Գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնի Երևանի և Գյումրիի մասնաճյուղերի կողմից: Միջոցառման նպատակն է՝ բրյուսովյան հայտնի անթոլոգիայում տեղ գտած հայ գրականության լավագույն նմուշների հանրահռչակումը:

Նշենք, որ աշխարհահռչակ ճանաչում ունեցող բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, գրականագետ և պատմաբան Վալերի Բրյուսովը Հայաստանի մասին բանաստեղծությունների շարքի հեղինակ է, հայոց պատմության հետազոտող: 1910-ական թվականներին նա կազմել «Հայաստանի պոեզիան հնագույն ժամանակնորից մինչև մեր օրերը» ժողովածուն, ինչի համար 1923 թվականին արժանացել է Հայաստանի ժողովրդական բանաստեղծի կոչման։ Աջակցել է Մեծ եղեռնից տուժածներին։ Այս անթոլոգիայի հրատարակումը ոչ միայն մշակութային, այլև հասարակական-քաղաքական նշանակություն ուներ:

Անցկացված մրցույթի մասնակիցները պետք է ձայնագրեին իրենց ելույթները և նախապես ուղարկեին սահմանված ժամկետում: Ելույթները հրապարակվել էին գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնի յութուբյան էջում: Սահմանված չափանիշների համաձայն՝ հաղթողներին ընտրել է հանձնաժողովը, որի կազմում էին Հայաստանի գրողների միության և Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ներկայացուցիչները:

Բժշկական համալսարանը մրցույթին  ներկայացել է պատվով՝ զբաղեցնելով երեք մրցութային տեղ:

1-ին տեղը կիսեցին Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Արեգ Բաբայանը և Մարինա Զագրեբելնայան: 2-րդ տեղը զբաղեցրեց Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհի Աննա Արշակյանը, իսկ 3-րդ տեղը՝ Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհի Մարիա Մարդոյանը:

«Մենք սատարում էինք յուրաքանչյուր մասնակցի: Յուրաքանչյուրն էլ հաղթող էր իր հարթակում, իր առանձնահատուկ ոճում և ժանրում: Սա բժշկական համալսարանի հերթական հաղթանակն է: Մասնակիցներն իրենց հոգու ջերմության և գեղեցկության փոքրիկ մասնիկը թողեցին այդ բեմում»,- նշեց Սվետլանա Նալբանդյանը: Նա շնորհակալության խոսքեր է ուղղում բոլոր մասնակիցներին՝ այդ թվում Օտար լեզուների ամբիոնի աշխատակիցներին և ամբիոնի վարիչ Հասմիկ Հովհաննիսյանին՝ աջակցության, նորարարական նախաձեռնություններին սատարելու համար: Հավաքելով ամենաշատ դիտումները մրցույթի յութուբյան ալիքում՝ հանդիսատեսի համակրանք մրցանակին են արժանացել Ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողներ Նարե Սիրադեղյանը և Յանա Բախշիյանը, իսկ ապագա բժիշկներ Սուսաննա Բարսեղյանն ու Հասմիկ Բեգյանը, հաջողված մասնակցության համար, ստացել են պատվոգրեր: