ԵՊԲՀ պատվավոր դոկտոր, Եվրոպական Միության ARICE ծրագրի փորձագետ, ԱՀԿ փորձագետ, ԱՄՆ Կալիֆոռնիայի Cedars-Sinai բժշկական համալսարանի օնկոբիոբանկավորման գիտական տնօրեն, Ավստրիայի Գրացի համալսարանի բիոբանկի հիմնադիր տնօրեն, պրոֆեսոր Կարինե Սարգսյանը հրավիրվել է Նոբելյան մրցանակակիրների մասնակցությամբ անցկացվող միջազգային սիմպոզիումին։
Ներկայացնում ենք պրոֆեսորի հետաքրքիր անդրադարձը և տպավորություններըհամաշխարհային մասշտաբի միջոցառման վերաբերյալ․
«Անցյալ շաբաթ ես ստացա «հիշեցում» էլեկտրոնային փոստիս․ ես ուրախ էի և հուզված: Ինձ հրավիրում էին ներկա գտնվել Նոբելյան մրցանակի երեք դափնեկիրների մասնակցությամբ շաբաթվա վերջին կայանալիք սիմպոզիումին: Ես միացա Նոբելյան մրցանակի դափնեկիր Մոլեկուլային մատնահետքերի կենտրոնի (CMF-Center for Molecular Fingerprinting) խորհրդատվական խորհրդի կազմին: Սա իսկական պատիվ է և պատասխանատվություն։ Անմիջապես ընդունեցի առաջարկը. կանեմ ամեն ինչ և նույնիսկ ավելին այս անհավանական նորարարությունները լայն հանրությանը հասանելի դարձնելու համար:
Կիսվում եմ իմ տպավորություններով և զգացողություններով ոչ միայն այն անհավատալի գիտելիքներով, որոնք կուտակվել են մի տեղում Նոբելյան մրցանակակիրներ, պրոֆեսորներ Ֆերենց Կրաուշի, Կատալին Կարիկոյի և Ժերար Մուրուի ներկայության շնորհիվ, այլև իմ հույզերով ու քաղած դասերով: Դա մի օր էր, որը գրեթե սյուրռեալիստական էր թվում:
Պրոֆեսոր Մուրուին հանդիպեցի հյուրանոցի վերելակում, կարճ «Բարի լույսից» հետո հարցրի նրան՝ «վե՞ր, թե՞ վար», և միայն դրանից հետո հասկացա, թե ում հետ եմ վերելակում: Չկարողացա որևէ բառ ասել: Մենք նորից հանդիպեցինք մեքենայում և ժպտացինք, երկուսս էլ արդեն «լուրջ գիտնականների» հագուստով, եթե չհաշվենք իմ գունավոր կոշիկները (ես թուլություն ունեմ տարօրինակ և գունավոր կոշիկների նկատմամբ): Չգիտեի, որ իմ տեղը լինելու է առաջին շարքում՝ Հունգարիայի գիտության նախկին և ներկա նախարարների միջև, Նոբելյան մրցանակակիրների հետ նույն շարքում, և բոլորը կտեսնեն իմ «զվարճալի կոշիկները», բայց ոչ ոք նույնիսկ չնայեց դրանց։ Օդը լեցուն էր ոգևորությամբ և սպասումով, բոլորը համակված էին պատկերացումներով և գաղափարներով, ոչ թե արտաքին տեսքով կամ փաթեթավորմանը: Ինձ դա շատ դուր եկավ։ Սիրտս մոռացել էր իր կարգավիճակը և բարձր ու արագ բաբախում էր, երբ դինամիկ զրույցի էի բռնվում երեք գիտնականների հետ, որոնց անունները մարդկության համար հեղափոխական բեկումների հոմանիշներ են: Զգացի ինձ նրանցից մեկը (շատ կուզենայի): Ինձ ապշեցրեց նրանց մարդկային տեսակը, բարությունը և համեստությունը: Չնայած իրենց հսկայական հաջողություններին՝ նրանք անկեղծորեն հետաքրքրված էին իմ կարծիքով և գաղափարներով: Մենք քննարկեցինք ամեն ինչ՝ սկսած նրանց գիտական աշխատանքի մանրամասներից մինչև ավելի լայն թեմաներ, ինչպիսիք են համաշխարհային առողջությունը և նորարարական կրթությունը: Նրանց խանդավառությունն ու բաց լինելը վարակիչ էին, և ես ոգեշնչվեցի: Ես այնքան ուրախ էի, որ տեսա և հասկացա, որ «Երբեք մի հանձնվիր» սկզբունքը (սա իմ կարգախոսն է) կարող է ինչ-որ մեկին հաղթանակների և ձախողումների միջոցով բերել նման հաջողության: Համագործակցությունը և գործընկերներին գնահատելը կարևոր գործոններ են, և որ գիտական ջանքերում պատրաստակամությունը կարող է լինել մեծ հայտնագործությունների բանալին: Շնորհակալ եմ այս հանդիպման համար, որն ինձ մոտիվացրեց շատ կարևոր պահին: Նրանց նվիրվածությունը, էմպատիան և մարդկային կյանքը բարելավելու տեսլականն ինձ ստիպեցին մտածել, որ ճիշտ ուղու վրա եմ»։