ԵՊԲՀ ռեկտորատի նիստում շնորհավորեցին Շոթա Վարդանյանի հոբելյանը

ԵՊԲՀ ռեկտորատի նիստում շնորհավորեցին Շոթա Վարդանյանի հոբելյանը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ այս ուսումնական կիսամյակի ռեկտորատի անդրանիկ նիստը: Շնորհավորելով` ռեկտոր Արմեն Մուրադյանը բոլորին մաղթեց խաղաղ և արդյունավետ աշխատանքային տարի։

Ռեկտորն իր և ռեկտորատի անդամների անունից շնորհավորեց բժշկական գիտությունների դոկտոր, բժշկության և իրավունքի պրոֆեսոր, Դատական բժշկության ամբիոնի վարիչ Շոթա Վարդանյանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ։

Նա մեծ ջերմությամբ անբասիր աշխատանքի համար երախտագիտության խոսքեր հղեց Շոթա Վարդանյանին` ընդգծելով, որ պատիվ է աշխատել պատմական մարդկանց հետ, որոնք շարունակում են իրենց անձնուրաց ծառայությունը բուհին:

Արմեն Մուրադյանը, բարձր գնահատելով հոբելյարի բազմամյա գիտական, մանկավարժական և կազմակերպչական գործունեությունը, ընդգծեց նրա նշանակալի ներդրումը դատական բժշկության զարգացման,  մասնագիտական կադրերի պատրաստման գործում։

Ավագ կոլեգային նա վստահեցրեց, որ իր կատարած աշխատանքը գնահատվում է և ամրապնդվում սերունդների մեջ:

Շուրջ հինգ տասնամյակ Շոթա Վարդանյանն աշխատում է առողջապահական համակարգում՝ իրականացնելով գիտական, կլինիկական և մանկավարժական գործունեություն։ 1989 թվականից ղեկավարում է ԵՊԲՀ դատական բժշկության ամբիոնը: Պրոֆեսորը հեղինակ է դասագրքերի, մենագրությունների և շուրջ 150 գիտական հոդվածի, պատրաստել է տասնյակ մասնագետներ` նպաստելով դատական բժշկության շարունակական զարգացմանն ու միջազգային համագործակցության ընդլայնմանը։

 Հոբելյարը ևս շնորհակալություն հայտնեց գնահատանքի համար:

Օրակարգի համաձայն` ստոմատոլոգիական կրթության կազմակերպման մասին հարց զեկուցեց Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան Լազար Եսայանը: Նա ֆակուլտետի միջազգային հավատարմագրման գործընթացին համահունչ անդրադարձավ ստոմատոլոգիական կրթության կազմակերպման հեռանկարներին` ներկայացնելով թվային տվյալներ, կատարվող աշխատանքների մասին տեղեկատվություն:

Եսայանը պատասխանեց գործընկերների հարցերին, որոնք ինչպես կրթական, այնպես էլ կազմակերպչական բնույթի էին:

Հաջորդիվ կրթության պատասխանատուները, համալսարանական բուժհաստատությունների ղեկավարները  զեկուցեցին կատարված աշխատանքների մասին: Դեկանները ներկայացրին մեկնարկած քննաշրջանի ընթացքը:

Հիվանդանոցների ղեկավարներին դիմելով` ռեկտորն առանձնահատուկ կարևորեց առողջապահության համընդհանուր ապահովագրությանն առնչվող յուրաքանչյուր խնդրին արագ արձագանքը, ապահովագրության համակարգի ներդրման գործընթացին յուրաքանչյուր բուժաշխատողի աջակցությունը: