Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ ռեկտորն ամփոփեց 2019 թվականը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում հագեցած օրակարգով տեղի ունեցավ գիտական խորհրդի տարեվերջյան 19-րդ նիստը, որը մեկնարկեց օտարերկրացի ուսանողների մասնակցությամբ «Բազմազգ» երգչախմբի կատարումներով: Հաջորդիվ գիտխորհրդին ներկայացվեց ընթացիկ տարում իրականացված աշխատանքների մասին պատմող տեսաֆիլմ:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հանդես եկավ տարեկան ամփոփիչ հաշվետվությամբ, որը բաղկացած էր 5 հիմնական մասերից՝ ուսումնական, գիտական, միջազգային, կլինիկական և ֆինանսական: «Հաշվի առնելով մարտահրավերները՝ կատարված աշխատանքները բուհի համար առանցքային նշանակություն ունեն»,-ասաց ռեկտորն` ավելացնելով, որ այդ ամենն իրականություն է դարձել 3500 հոգուց բաղկացած թիմի ամենօրյա աշխատանքների արդյունքում: Անդրադառնալով ուսումնական կառուցամասին՝ Արմեն Մուրադյանը նշեց, որ բուհում այս պահի դրությամբ սովորում է 5271 ուսանող: Աշխատանքներն իրականացվել են 89 ամբիոններում՝ 1178 դասախոսական կազմով: «Մտահոգիչ է դասախոսական կազմի միջին տարիքը: Հաշվի առնելով կոմունիկացիոն գործընթացները՝ ամբողջ աշխարhում իրականացվում է աշխատակիցների երիտասարդացման գործընթաց: Մենք չենք գնացել այն ճանապարհով, երբ պետք է դասախոսական կազմը երիտասարդացնեինք աշխատանքից ազատելով՝ ելնելով տարիքային ցենզից, այլ երիտասարդացման գործընթացը ապահովում ենք ավագ գործընկերների առկայությամբ ու ղեկավարմամբ»,-ընդգծեց ռեկտորը՝ հիշեցնելով, որ չնայած վերջին տարիներին ուսումնական ցուցանիշը նվազել է՝ որևէ կրճատում բուհում չի իրականացվել, ավելին՝ բուհի ֆինանսական վիճակը կայուն է: «Մենք աշխատում ենք ճիշտ, որի արդյունքում ունենք շահույթ և ավել եկամուտ»,-փաստեց նա:

Արմեն Մուրադյանը գոհունակությամբ նշեց, որ պետական քննությունների անցկացումն ուսանողների 97 տոկոսը փակ հարցման ընթացքում գնահատել է օբյեկտիվ: «Խստացումներից հետո գերազանց սովորողների թիվը նվազել է, սակայն այս տարի միտում կա ինչպես գերազանցիկների, այնպես էլ լավ ստացողների թվի ավելացման»,-ասաց ռեկտորը՝ շարունակելով, որ այս ամենը հնարավոր է դարձել որոշակի բարելավումների արդյունքում՝ ներդրվել է էլեկտրոնային գրադարանը, մինչև 500 էջ ուսումնական նյութի պաճենահանում բուհի կողմից իրականացվում է անվճար, ինչպես նաև ԵՊԲՀ-ի գրադարանում այս տարի շրջանավարտների շնորհիվ հավաքագրվել է ավելի քան 5000 գիրք:

Ռեկտորը նշեց, որ դասընթացներն իրականացվում են 197 ուսումնական սենյակներում: «Այս տարի կսահմանվեն ուսումնական սենյակների հատուկ չափորոշիչներ, ոչ միայն համալսարանում, այլև կլինիկաներում, քանի որ միջավայրը, որտեղ անցկացվում են դասընթացները կարևորագույն նշանակություն ունեն»,-հավելեց նա:

Անդրադառնալով դասախոսական կազմի համար բարձր աշխատավարձեր սահմանելուն, Արմեն Մուրադյանը նշեց, որ այսօր տեսնում է դրա հրամայականը, եթե վերջիններս համապատասխանեն բուհի կողմից սահմանված պահանջներին: «Դասախոսական աշխատանքը տեսական ամբիոններում պետք է գրավիչ դարձնել»,-կարծում է ռեկտորը՝ նշելով, որ 2021 թվականից կքննարկվի ուսման վարձավճարի բարձրացման հարցը, ինչը չի վերաբերի արդեն սովորող և գալիք ուսումնական տարի ընդունվող ուսանողներին: Խոսելով ուսումնամեթոդական սարքերով, ձեռնարկներով բուհի համալրման մասին՝ ռեկտորը նշեց, որ ամբիոնների կողմից ներկայացված 72 հայտերը բուհն ապահովել է՝ գնման գործընթացի համար տրամադրելով ավելի քան 193 միլիոն դրամ: «Ամբիոնները պետք է ավելի ակտիվ լինեն համալրումներ կատարելու հարցում»,- հորդորեց ռեկտորը: Նա տեղեկացրեց, որ գնումների բաժինն այս տարի կազմակերպել է շուրջ 700 գնման գործընթաց, որի 99,7 տոկոսն իրականացվել է տենդերի միջոցով:

ԵՊԲՀ ռեկտորն անդրադառնալով միջազգայնացման գործընթացին՝ ասաց, որ տարին հաջողված է: ԵՊԲՀ-ում սովորում է 1820 օտարերկրացի ուսանող: «ՀՀ-ում գործում է 68 բուհ, որից 12-ը՝ մասնաճյուղ, որոնցում սովորող արտասահմանցի ուսանողների 40 տոկոսից ավելի բաժին է հասնում ԵՊԲՀ-ին»,-ընդգծեց Արմեն Մուրադյանը՝ ավելացնելով, որ բուհը պատրաստվում է ապահովել դասախոսների և ուսանողների շարժն այլ երկրների բուհերում սովորելու համար: Տարեկան ամփոփիչ հաշվետվությամբ Արմեն Մուրադյանը ներկայացրեց նաև համալսարանական կլինիկաների աշխատանքը՝ մատնանշելով ձեռքբերումները, և այն ծրագրերը, որոնք իրականացման փուլում են: «Համալսարանական կլինիկաներում աշխատելը ոչ միայն պատվաբեր է, այլև եկամտաբեր:

ԵՊԲՀ հիվանդանոցներն ընթացիկ տարում սպասարկել են ավելի քան 75300 մարդու»,-ասաց նա՝ խոսելով կատարված վերանորոգման աշխատանքների, նոր բացված բաժանմունքների, ինչպես նաև գերժամանակակից սարքավորումներով համալրման մասին:

Արմեն Մուրադյանի տարեկան ամփոփիչ հաշվետվությանը հաջորդեց ռեկտորի խորհրդական Գևորգ Թամամյանի զեկույցը, ով գիտխորհրդի հաստատմանը ներկայացրեց ԵՊԲՀ 100-ամյակին նվիրված տեսլականը, ապա Կարիերայի կենտրոնի ղեկավար Խաչատուր Մարգարյանի «Առաջնորդենք ապագան» ծրագրի ներկայացումը: Գիտական խորհրդի կողմից հաստատվեց ներկայացված հարցերը, որից հետո տեղի ունեցավ գիտական կոչումների շնորհում:

Ամփոփելով տարին, Արմեն Մուրադյանը, շնորհավորեց բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը՝ ցանկանալով, որ ուսանողները գնահատեն իրենց ուսուցիչներին և ամեն պահը, որն անցկացնում են նրանց կողքին: «Մաղթում եմ խաղաղ երկինք, սեր, հույս և մարդկային ջերմ երջանկություն»,-տարեվերջյան գիտական խորհրդի նիստը եզրափակեց ԵՊԲՀ ռեկտորը: